Այգեհատ

Այգեհատ

Ակնարկ

Այգեհատը գյուղ է... (Հիշեցի Ա. Բակունցի մի պատմվածքը, որ սկսվում է այսպես. «Աքարը գյուղ է»): Լոռվա սարահարթի գյուղերից մեկն է, իմ ծննդավայր Արդվի գյուղից երկու կիլոմետր է հեռու ընդամենը: Հիմնական` մեծամասնություն կազմող տոհմը Շահվերդյանների տոհմն է (որի շառավիղներից է հայտնի թատերական բեմադրող Վահե Շահվերդյանը): «Շահվերդի»` նշանակում է` շահը տվեց: Ավանդությունն ասում է, որ պարսից շահի համար կատարած ինչ-ինչ ծառայությունների դիմաց այս հողակտորը շահը նվիրել է իրենց, որտեղ էլ գյուղ է հիմնադրվել: Բայց սա կասկածելի ավանդություն է, քանզի, որքան գիտեմ պատմությունից, Լոռին երբեք «շահի ձեռքի տակ» չի եղել, տեւականորեն, օրինակ, Վրաստանի կազմի մեջ է եղել (Զաքարյանների օրոք): Ինչ որ է: 

Երկար տարիներ ենթաշրջանային վարչական կենտրոն է եղել, մեր երկու գյուղերի ընդհանուր գյուղխորհուրդն (այժմյան գյուղապետարան կոչվածը) այնտեղ է գտնվել, եւ, ինչպես իմ պատմվածքներից մեկում եմ գրել, իմ ծնվելուց հետո պապս ծնունդս գրանցել տալու համար ոտքով գնացել է Այգեհատ, ճամփին մոռացել է «տանը համաձայնեցված» իմ անունը (Մանվել), ալարել է հետ դառնա-ճշտի, եւ գյուղխորհրդում որոշել են իմ անունը Զավեն դնել (պապիս ասել են` ոչինչ,  քեռի, սա էլ վատ անուն չի...): Այն ժամանակներում թե որ բջջային հեռախոս լիներ, հո այսպես չէի՞ տուժի... 

Երկար տարիների պատմություն ունեցող գյուղ է, բայց եկեղեցի չեն կառուցել (հետագա շարադրանքում կտեսնենք, որ «երդվյալ աթեիստ», «քաղաքական կողմնորոշումների սիրահար» մարդիկ են եղել...): Այդ պատճառով էլ «խանդ» ունեն մեր գյուղի հանդեպ, որ մեկի փոխարեն  երկու եկեղեցի ունի, եւ նրանց մաթեմատիկայի դասատուն իրենց դպրոցում սովորող իմ համագյուղացի երեխաներին պատժելիս ասում էր՝ «վանքի՛ կապիկ»: Մեր գյուղը հայտնի ազնվականներ Քալանթարյանների գյուղն է եղել: Բայց Այգեհատն էլ մի ա՛յլ կողմից է նշանավոր․ ահա գրեթե ֆենոմենալ, զարմանալի մի փաստ, որի նմանը չկա Հայաստանի եւ ոչ մի բնակավայրում: Հիմա ասեմ`տեսեք․ նման բան եղե՞լ է որեւի ուրիշ բնակավայրում (կտեսնեք, որ չկա): Այգեհատը հայտնի քաղաքական գործիչներ է տվել` միմյանց թշնամի կուսակցությունների լիդերներ, ասել կուզի` հակասական, կոնտրաստների գյուղ է (սա` կատակով, իհարկե): Այգեհատցի է հայտնի կոմունիստ Դանուշ Շահվերդյանը, ով ժամանակին կազմակերպում էր հայրենադարձությունը: Լեգենդներ կան, թե նա ինչպես է դա արել: Ասում են` Եվրոպայում մտել է մի հայի սրճարան, որտեղ, բնականաբար, շատ սփյուռքահայեր են հավաքվելիս եղել: Օգտվել է սրճարանի ծառայություններից եւ... առանց վճարելու փորձել է դուրս գալ սրճարանից: Սրճարանի վաճառողի՝ «փո՜ղը, փո՜ղը...» կանչին զարմացած պատասխանել է. «Սրա՞ մասին է խոսքը», եւ գրպանից հանելով՝ մի կապոց թղթադրամ է նետել վաճառասեղանին, ասել է` մեր երկրում սրանից (փողից) չենք օգտագործում:

Հայրենադարձություն է «քարոզել»: Որ սփյուռքահայերին ասել են` հայրենիքում «հավկիթը  ցանկապատերուն տակ թափած է` հավաքող չկա...», երեւի էլի ինքն է ասել... Այգեհատն է ծնել նաեւ Սիմոն Զավարյանին` Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից մեկին (Դանուշ Շահվերդյանի «հակապատկերին»): 

Գյուղի անունը սովետական տարիներին մի որոշ ժամանակ եղել է Դանուշավան` ի պատիվ Դանուշ Շահվերդյանի, բայց ի պատիվ Սիմոն Զավարյանի՝ Սիմոնավան կամ Սիմոնաշեն չի կոչվել երբեք (առաջին հանրապետության օրոք դա հնարավոր էր): Չի կարելի ասել, թե Այգեհատն սպառել է իր «գործիչածին» կարողությունները: Շատերդ, հավանաբար, գիտեք մեր օրերի քաղաքական գործիչներից մեկին` Մովսես Շահվերդյանին, Սոցիալիստական կուսակցության ղեկավարին, որ նույնպես այգեհատցի է: Քանի որ մեր երկու գյուղերի միջեւ, ինչպես տեսաք, խուլ մրցակցություն է ընթանում, ես էլ «որոշեցի» գրող դառնալ` գոնե ինչ-որ «ինտելեկտուալ» հավասարակշռություն ստեղծելու համար, թեեւ առայսօր եղած «հաշվեկշիռը» մեր գյուղի օգտին չէ, ավաղ...

Մանկությունից եկած կցկտուր մի պատառիկ եմ հիշում` Լոռվա սարահարթի մեկը մեկին հարեւան այս գյուղերի վերաբերյալ «պոեմից»` ժողովրդական բանահյուսության մի զվարճալի նմուշ: Հիմա այդ պատառիկը մեջ կբերեմ` նախօրոք հայցելով այդ գյուղերի բնակիչների ներողամտությունը.

Մատաղ ուտող արդվեցիք,
ջրչոր եղած արեւածագցիք,
քարից թռչող այգեհատցիք,
դամբուլ կարկատող օձնեցիք,
էշ սըխատող մղարթեցիք...

Հիմա «կծանոթագրեմ».

1. Արդվեցիք` մերոնք, մատաղ շատ են (էի՛ն) ուտում, որովհետեւ Ամենայն հայոց կաթողիկոս Սբ Հովհաննես Իմաստասեր կամ  Սբ Հովհան Օձնեցու կառուցած մեր գյուղի վանքում ամեն կիրակի միաժամանակ մի քանի տեղ մատաղի արարողություն էր լինում` որտեղից ասես եկած զոհաբերողների կողմից, մերոնք էլ «կողքից» միանում էին նրանց սեղաններին...

2. Արեւածագցիք (նախկին ղաչաղանցիք) «ջրչոր եղած» էին, որովհետեւ մի ժամանակ խմելու ջրի սուր խնդիր ունեին:

3. Այգեհատցիք «քարից թռչող» են «կոչվել», որովհետեւ գյուղը Լոռու ձորի կիրճի եզրին է, եւ դժբախտ դեպքեր եղել են:

4. Օձնեցիք «դամբուլ էին կարկատում», որովհետեւ, ըստ ավանդության, ժլատ են համարվել:

5. Մղարթեցիք «էշ են սըխատել» («սախատ» բառից), այսինքն` «անդամալույծ» դարձրել, որովհետեւ անխիղճ են վարվելիս եղել «գուժ տրանսպորտի» հետ:
Սա կարելի է համարել ազգագրական էքսկուրսի պես մի բան...

Զավեն ԲԵԿՅԱՆ