Ոչինչ չարժե այն ներդրումը, եթե պետք է այդ հուշարձանը կորցնես

Ոչինչ չարժե այն ներդրումը, եթե պետք է այդ հուշարձանը կորցնես

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նոր փոխտնօրեն ունի․ նա ազգագրագետ Խորեն Գրիգորյանն է, ով մինչ այդ աշխատել է ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնում՝ որպես գիտաշխատող: Այսուհետ արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատանքների արդյունավետ կազմակերպումը կլինի հենց նրա պատասխանատվության ներքո։

Այսօր արգելոցների հանրահռչակման խնդիրներից բացի, կան նաեւ տնտեսական բազմաթիվ հարցեր, որոնք նույնպես դրված են ՊՈԱԿ-ի փոխտնօրենի վրա․ Խորեն Գրիգորյանն ընդգծում է՝ բացի նրանից, որ պետք է կազմակերպի միջոցառումներ, փառատոներ՝ ուղղված արգելոցների հանրահռչակմանը, պետք է նաեւ շատ արագ կարգավորի տնտեսական հարցերը։ Նա նկատում է՝ հանրության մեծ մասին ու զբոսաշրջային ընկերություններին առավելապես հայտնի Զվարթնոցի եւ Գառնու արգելոցներից բացի, մենք ունենք նաեւ 11 այլ արգելոց-թանգարաններ՝ Մեծամորը, Սմբատաբերդը, Գլաձորը, Լոռու բերդը եւ ուրիշներ, որոնց բոլորին պետք է ուշադրություն դարձնել, զինել թե՛ տնտեսապես, թե՛ մշակութային մթնոլորտ ապահովելու տեսանկյունից։

«Բոլոր արգելոցները, իհարկե, ունեն իրենց տնօրենները, կառավարման ներքին համակարգը, բայց վերահսկվում են, եւ մշակութային քաղաքականությունը որոշվում է հենց ՊՈԱԿ-ի գլխամասի կողմից։ Մենք ունենք շատ կարեւոր մի խնդիր, որ պետք է հավասարաչափ ուշադրություն դարձնենք ոչ միայն Զվարթնոցին եւ Գառնիին, այլ նաեւ մեր մյուս 11 արգելոցներին ու արգելոց-թանգարաններին։ Այն պահից սկսած, որ ստանձնել եմ այս գործի համակարգումը, կարելի է ասել՝ Մեծամորն արդեն հասել է այն փուլին, որ մի քանի տարուց մրցակից կլինի Գառնիին ու Զվարթնոցին։ Զարգացող արգելոցներ կարելի է համարել նաեւ Լոռիի բերդը, որի ե՛ւ տնտեսական ներուժի, ե՛ւ ակտիվացման առումով արդեն քայլեր ենք անում։  Իմ տեսլականը սա է՝ մենք պետք է ունենանք 13 ակտիվ հուշարձան, որտեղ այցելուները կարող են այցելել՝ չունենալով տոմսային կամ այլ խնդիրներ, եւ այդ բոլորն ընդգրկվեն տուրիստական ակտիվ փաթեթներում, որովհետեւ չեք պատկերացնի, թե մնացած 11 արգելոցներն ինչ շքեղ են եւ պատմական ինչ արժեք ունեն»,- ասում է Գրիգորյանը։

Սեպտեմբերի վերջին Լոռիի բերդ պատմամշակութային արգելոցում սպասվում են նոր զարգացումներ, մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Բագրատունյաց ժառանգությունը» խորագրով աննախադեպ փառատոն, որը հագեցած կլինի թե՛ Լոռիի բերդ պատմական քաղաքի գտածոների, թե՛ արքայական տարազների ցուցադրությամբ, թե՛ արհեստների եւ թե՛ ժամանակի կերակուրների ներկայացմամբ։
«Այդ դանդաղությունը պետական հիմնարկներում կախված է նրանից, որ գների որոշակի սահմանում կա, որից հետո պետք է հայտարարել գնումներ եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ միանգամից արդյունք տալը շատ դժվար է, բայց ձգտման դեպքում մի քանի ամսում կարելի է տեսանելի ինչ-որ բան ստեղծել։ Հիմա մենք աշխատում ենք այդ տեսանելիությունն ապահովելու վրա։ Այս պահին նաեւ Զորաց քարերն են ակտիվ, եւ վերջերս այնտեղից ապամոնտաժվեց 2005թ․-ից հուշարձանի տարածքում դրված կրպակ-տաղավարը։ Մենք համագործակցում ենք թե՛ համայնքների, թե՛ տարածքի բնակիչների հետ, ուղղակի մանիպուլյացիաները շատ-շատ են, ամեն մարդ իր բիզնեսի համար կարող է մեզ մեղադրել շատ ծայրահեղ հանցագործությունների մեջ, բայց մեր խնդիրն է մեր հուշարձաններն ու արգելոցներն օրինականության սահմաններում պահպանելը»։

Դիմադրության հանդիպո՞ւմ են հուշարձանների տարածքները կրպակներից ու լողավազաններից ապամոնտաժելու ժամանակ, թե՞ օրենքին հղում տալով՝ հնարավոր է կարգի բերել տարածքը։ «Մարդիկ սովոր են եղել ապօրինի աշխատանքի, եւ երբ ուզում ես դա փոխել, իրենք ասում են՝ բա ինչի՞ անցած տարի չէիք փոխում։ Իհարկե, դու քո նախկինների ժառանգորդն ես, բայց այսօր իրավիճակ է փոխվել, եւ երբ ասում ես, դա մարդկանց թվում է, որ դրանք ուղղակի բառեր են։ Բայց այդպես չէ, քիչ-քիչ, դանդաղ, սակայն օրենքի սահմաններում ամեն ինչ ձեռնարկելու ենք։ Հաստատ՝ ոչ մի հուշարձանի պահապան թույլ չի տա հուշարձանի վրա բետոն անել։ Սրանք խնդիրներ են, որոնց պատճառով, օրինակ, Նորավանքը չգրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որովհետեւ ժամանակին ուշադրություն չէին դարձրել այդ հարցին»։

Խորեն Գրիգորյանն ընդգծում է՝ հուշարձանների պահպանությունը մի քանի հարցերից է բաղկացած՝ մեր ժառանգության փոխանցումը սերնդեսերունդ, զբոսաշրջային մեծ հոսքերի ապահովում եւ մշակույթը որպես մեր այցեքարտ ներկայացնելու ճանապարհ․ «Մենք պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ սա ուղղակի օբյեկտ չէ, եւ այն ունի մի շարք բացառումներ, իհարկե, այդ բացառումներով դու նաեւ ներդրումներն էլ ես կորցնում, բայց թքած այն ներդրման վրա, որ պետք է այդ հուշարձանը կորցնես։ Միգուցե ներդրման լավ հնարավորություններ ունենանք, բայց պետք է հաշվի առնենք, որ հուշարձանը յուրահատուկ դեպք է, եւ չի կարելի հուշարձանի տարածքում անել, օրինակ, գյուղատնտեսական կամ արդյունաբերական ներդրում»։

Պետության ֆինանսավորումը հազիվ բավականացնում է աշխատակիցների աշխատավարձերին, իսկ այն, ինչ վերջին տարիներին կարողանում են իրականացնել, հիմնականում գալիս է արգելոց-թանգարանների տոմսային տնտեսությունների շնորհիվ։ «Եթե ուզում ենք զարգացնենք, ուրեմն ներդրում պետք է անենք մեր արտաբյուջեի միջոցների հաշվին, ստեղծենք հնարավորություններ եւ այդ հնարավորությունների միջոցով ավելի զարգացնենք մյուս արգելոցներն ու արգելոց-թանգարանները։ Այսինքն՝ այս պահին մեր հույսը մենք ենք, բայց եթե լինում են ներդրումային ծրագրեր, նստում-բանակցություններ ենք վարում, փորձում ենք այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի մարդիկ հասկանան, որ սա իրենց համար արդյունաբերական բիզնես չէ, որ ներդրումն անեն եւ 5 օր հետո արդյունքի սպասեն»,- ասում է նա ու հավելում, որ իրենք պատրաստ են հուշել ներդրողներին, թե որ ոլորտային ներդրումների դեպքում իրենց եկամուտն ինչքան արագ հետ կվերադառնա։