Ինչո՞ւ եւ ինչի՞ դիմաց է կարճվել նախկին քաղաքապետի դեմ քրեական գործը

Ինչո՞ւ եւ ինչի՞ դիմաց է կարճվել նախկին քաղաքապետի դեմ քրեական գործը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործը կարճվել է:   
Կոտայքի մարզպետարանի կողմից Հրազդանի համայնքապետարանում իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ  օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:  

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ելնելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ քրեական գործի հարուցելը մերժվում է: Կոտայքի մարզպետը  բողոքարկում է այդ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվում է քրեական գործ և ուղարկվում նախաքննության: Սակայն որոշ ժամանակ անց քրեական գործը կարճվում է: 

Կոտայքի մարզպետը կրկին պատրաստվում է բողոքարկել. «Հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է 1 քրեական գործում 3 տարբեր վարույթներ: Սակայն որոշումը բողոքարկելու եմ սահմանված կարգով վերադաս դատախազին, կրկին անգամ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը:  

Ըստ շրջանառվող լուրերի՝ Դանիելյանի դեմ հարուցված քրեական  գործը կարճելու մեջ դերակատարություն է ունեցել Սասուն Միքայելյանը, Դանիելյանն էլ՝ նրան է «զոհաբերել» իրեն պատկանող սգո հանդիսությունների սրահը: 

Թե որքանո՞վ են այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք ճշտել, նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից, սակայն Դանիելյանը հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հետաքրքիր է, թե ի՞նչ ընթացք կունենա Հրազդանի համայնքապետարանի հայցն ընդդեմ՝ Արամ Դանիելյանի: Նշենք, որ Հրազդանի համայնքապետարանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է Արամ Դանիելյանին փոխհատուցել համայանքապետարանին պատճառված վնասը, որը կազմում է շուրջ 3 միլիոն դրամ: Հայցվոր կողմը պահանջել էր Դանիելյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը:  

Դատական հերթական նիստը կկայանա հունվարի 31-ին: Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ Մխիթար Բեգյանը մեզ հետ զրույցում ասաց, եթե դատավորը հայցը մերժի, իրենք կդիմեն վերաքննիչ, բավարարելու դեպքում, չի բացառվում մյուս կողմը վերաքննիչ դիմի:

Հ.Գ. Լավատեղյակ աղբյուրը կտրականապես հերքեց Սասուն Միքայելյանի առնչությունը քրեական գործի կարճմանը։