Դատի է տվել Արայիկ Հարությունյանին

Դատի է տվել Արայիկ Հարությունյանին

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ դատավոր Կարինե Պետրոսյանի վարույթում քննվում է «Տարածաշրջանային համար 2» պետական քոլեջի նախկին տնօրեն Կառլեն Հայրապետյանն ընդդեմ կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայցը՝ նախարարի 2019 թվականի մարտի 12-ի թիվ 144 Ա հրամանը անվավեր ճանաչելու պահանջով։ Այդ հրամանով Կառլեն Հայրապետյանի նկատմամաբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն», ապա տնօրենին ազատել էին աշխատանքից։ Բանն այն է, որ նախքան նախարարի հրամանը քոլեջում բավականին ուշագրավ իրադարձություններ էին կատարվում․ Քոլեջի պրոֆեսորադասախոսկան անձնակազմն ու ուսանողությունը ճակատների էր բաժանված, մի մասը, ովքեր հեռացվել էին աշխատանքից, պահանջում էին տնօրենի ազատումը՝ նրան մի շարք մեղադրանքներ ուղղելով, Արայիկ Հարությունյանին էլ մեղադրելով «հայտնի կարագ ներկրող» տնօրենի հետ ստվերային համաձայնության գալու մեջ, երբ տնօրենն ազատված էր, դասադուլ ու բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով Հայրապետյանի վերականգնումը։ 

Տնօրենին աշխատանքից ազատել էին կրթության տեսչական մարմնի ստուգումների  և աուդիտի տվյալների հիման վրա․

«Տվյալ հաստատությունում եղել է աուդիտ 2018 թվականի հուլիս ամսին, որի արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որի համար օգոստոսի 10-ին իր նկատմամաբ խիստ նկատողություն է կիրառվել։ Այնուհետև դեկտեմբերի 24-ից 28-ը կրթության տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել, որի ընթացքում հայտնաբերվել են այլ խախտումներ, և դրանց հիման վրա նույնպես խիստ նկատողություն է կիրառվել։ «ՊՕԱԿ-ների մասին» օրենքի հիման վրա 1 տարվա ընթացքում կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկված անձի լիազորությունները դադարեցվում են, այդ հիմքով դադարեցվել է»,- «Հրապարակին» պարզաբանել էին նախարարությունից։