Որպես որդի՝ իր հորն է ուզում փրկել արդար դատավճռից

Որպես որդի՝ իր հորն է ուզում փրկել արդար դատավճռից

Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, վերջին տարիներին ապրում է Բելգիայում։ Այս օրերին, երբ լարված մթնոլորտում է ընթանում 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ազատազրկված Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, Ալլա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե  դատաքննության ընթացքում կա՞ արդյոք  ճնշում դատարանի վրա։

«Ես չեմ կարծում, թե կա ճնշում։ Ինձ թվում  է, որ  կա կաշկանդվածությունէ հաշվի առնելով Քոչարյանի անձը։ Նրա նենգությանը և վրեժխնդրությանը ամբողջ ազգն է ծանոթ, բայց հուսով եմ ,որ դատավորը ճիշտ որոշում կկայացնի՝ նրան թողնելով կալանքի  տակ։ 10 մարդ է զոհվել,և նա  նույնիսկ դատարանում չցավակցեց։ Ճիշտ ժամանակն է,  որ Քոչարյանը գոնե հիմա կարողանա առերեսվել ճշմարտությանը ,ոչ թե անհեթեթ պատճառաբանություններ ներկայացնի,թե ոչինչ չի իմացել 0038հրամանի մասին,հետո էլ թե հրամանը տեղին է եղել»,- նշեց Ալլա Հովհաննիսյանը։ 
Մեր հարցին, թե նորմա՞լ է, որ դատավարության ներկա փուլում չեն մասնակցում մյուս երեք մեղադրյալները՝  ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Ալլա Հովհաննիսյանն արձագանքեց․ «Այո լավ կլիներ ,որ Սեյրան Օհանյան և  մյուսները նույնպես լինեին դատարանում»։

Նկատեցինք, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն առաջարկել էր հանդիպել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ։ Կհամաձայնե՞ր ինքը, եթե նման առաջարկ արվեր։

 «Կուզեի հանդիպել Լեւոնին, շատ բան չէի կարող ասել՝ նայելով աչքերին։ Օրինակ,  2008թ․ մարտի մեկից հետո  Ավետ Բարսեղյանին հաշվեհարդար անելու և ձեր ամենակարողությունն ու անպատժելիությունն ի ցույց դնելու փոխարեն ցավակցություն հայտնեիր զոհերի ընտանիքներին,հետաքրքրվեիր՝ արդյոք իրո՞ք անկարգության մասնակից էին ,թե՞  խաղաղ ցուցարար, չէ՞  որ քեզ հասակակից էին։ Համոզված եմ,  որ նրանց ընտանիքում անգամ ափսոսանք չի եղել,  ուր մնաց՝ ցավ կատարվածի համար։ Նա ուղղակի հիմա,  որպես որդի,  իր հորն է ուզում փրկել արդար դատավճռից, դրա համար ավելորդ են արդեն հանդիպումն ու խոսքերը»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը։