Մեզ կատաստրոֆիկ քիչ ժամանակ է մնացել․ Նիկոլի մնալը նշանակում է նոր պատերազմ․ Ա․ Թևանյան

Մեզ կատաստրոֆիկ քիչ ժամանակ է մնացել․ Նիկոլի մնալը նշանակում է նոր պատերազմ․ Ա․ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել.

«Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին)․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով։ 

2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրված կապիտուլյացիայից հետո կար զարգացումների մի քանի սցենար։

1․ Նիկոլ Փաշինյանի ինքնասպանություն։ 

Դա տեղի չունեցավ, քանզի Նիկոլի համար Արցախի պետականության ոչնչացումը, տարածքների կորուստը, մարդկային զոհերը ողբերգություն չէին։ Ջոն Բոլթոնի առաջարկած «Փող՝ հողի դիմաց» մոդելով բանակցող մարդու համար նոյեմբերի 9–ին արձանագրվածը հնարավորություն է, ոչ թե կատաստրոֆա։

2․ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։

Դա տեղի չունեցավ 1–ին կետում նշված պատճառներով։ Նաև՝ վախի։

3․ Նիկոլ Փաշինյանի հեռացում խորհրդարանի միջոցով։

«Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ ուսապարկային է ու մեր պետության տակ դրած ական։ 
Խորհրդարանական ընդդիմությունն էլ ցույց տվեց, որ նախկին իշխանությունների օրոք ստացած դերակատարումն ապահովում է նաև ներկա իշխանությունների համար։ 
Խորհրդարանական աշխատանքներից չի զգացվում, որ կապիտուլյացիա ենք արձանագրել, 5.000–ի հասնող մարդ ենք կորցրել ռազմի դաշտում, Ղազանչեցոցում մուղամ է հնչում, Դադիվանքում այլևս չենք կարող սելֆի անել, Հադրութն անցել է թուրքերին․․․ 
Խորհրդարանական ընդդիմության սիլի–բիլին վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ պարզապես զզվելի է։ Եվ դա այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորները ԱԺ համերաշխության ու միասնության վերածված դահլիճից մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ Բաղրամյան պողոտայում, ամբողջ ուժով գոռում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Դահլիճում նրանք համավոր հարս են դառնում։ Ինչևէ։

4․ Նիկոլ Փաշինյանի հեռացում՝ զանգվածային ճնշումների միջոցով։

Նիկոլ Փաշինյանից դժգոհ և նրա հեռացումը պահանջող զանգվածը հարյուրապատիկ շատ է փողոց դուրս եկողներից։ Հարյուր հազարավոր մարդիկ, սակայն, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով դուրս չեն գալիս պայքարի ու չեն միանում Հայրենիքի փրկության շարժմանը։ Գլխավոր պատճառն, ըստ իս, ոչ թե ընդդիմության կամ Նիկոլի հեռացումը պահանջող շարժման առանձին անդամներով է պայմանավորված, այլ մեր պետության լեգիտիմության կտրուկ անկմամբ։ Մարդիկ իրենց մտքում դուրս են գրել ՀՀ–ին։ 3 տարի առաջ մտածում էին, որ լավ է լինելու, հրաշքի սպասում ունեին, բայց խաբվեցին։ Նիկոլը ստորաբար գողացավ մարդկանց արդարացի դժգոհությունը, դրականի սպասումները և վաճառեց դրանք թուրքերին։ 

Հայրենիքի փրկության շարժմանը քննադատելը մոդայիկ է դարձել։ Ոմանք դա անում են անկեղծորեն օգնելու համար, իսկ մյուսները՝ սեփական նեղ հաշվարկներից ելնելով (թող շարժումը Նիկոլին չկարողանա հեռացնել ու դուրս մնա պայքարից, որ հետո մեզ համար տեղ բացվի ու մենք գանք իշխանության)։ 
Շարժումն, իրոք, արժանի է քննադատության, քանզի դեռ չի լուծել իր գլխավոր խնդիրը՝ Նիկոլին հեռացնելը, բայց պետք է արձանագրել, որ այս ձևաչափն այս պահին դեռ ամենազանգվածայինն է։ Եթե այլ ձևաչափ հնարավոր լիներ ստեղծել այս պահին ու պայքարը տանել նոր ձևաչափով, ապա հավաստիացնում եմ ձեզ, որ նորը կստեղծվեր։ Հիմա առավելագույնն է, որ հնարավոր էր անել։ Ասեմ ավելին՝ եթե չլիներ այս շարժումը, ապա հայ ժողովուրդը տիեզերական մասշտաբի խայտառակության էր ենթարկվելու, քանզի փողոցում համակարգված ու հետևողական բողոք չէր լինելու և աշխարհը թքելու էր բոլորիս վրա։ Այլ հարց է, որ սա երկար չի կարող ձգվել։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե առաջանա նոր խոսքի և նոր գործի սուր պահանջ, ապա այն անպայման կներկայացվի հանրությանը։ Կարևորը խնդիրը լուծելն է, անձերը երկրորդական են։ Բայց հիմա բոլորիս համար ծանրության կենտրոն պետք է դիտարկվի Բաղրամյան պողոտան, քանզի այնտեղ է ակումուլացվում հայ ժողովրդի դիմադրության ու պայքարի ռեսուրսը։

5․ Ռազմական հեղաշրջում։

Մեր տիպի երկրներում և համանման իրավիճակներում, որպես կանոն, տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։ Այդ մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու և մեղադրելու ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին անգործության (փաստացի՝ հանցակցության) համար։
Երբ մարդիկ դժգոհում են, թե բա ընդդիմությունը կտրուկ գործողությունների չի դիմում, սխալ հասցեատեր են ընտրում։ 

Ընդդիմությունը ռազմականացված կառույց չէ (ի դեպ, վճռական գործողություններ, կամ ավելի կոնկրետ՝ գրոհ ու բախում պահանջողները միշտ դա անում են տանից և իրենց հաշվարկներում այլոց թափված արյունն է)։ Եթե գրոհ եք ուզում, ապա պետք է հավաքվի առնվազն 100.000 մարդ, որպեսզի ոստիկանությունը կոտրվի և գրոհն արդյունավետ լինի։ 100 հազարի դեպքում ինքս պատրաստ եմ գրոհի առաջին շարքերում լինել։ Ի դեպ, այդ դեպքում զոհեր չեն լինի, քանզի ոստիկանությունը հետ կքաշվի ու կանցնի ժողովրդի կողմը։ Մի խոսքով, այս թեմայով առաջարկում եմ վերջ տալ ճամարտակություններին։

Ինքս ունեմ հազար ու մի քննադատական կետ ընդդիմության հասցեին։ Ես գիտեմ, թե ինչ պետք է աներ շարժումը, որ չի արել։ Ես նաև գիտեմ, թե ինչ պետք է չաներ, որ արել է։ Սակայն հիմա այդ հարցերի ժամանակը չէ։ 

Ինձանից շատ երևի քչերը կարող են առարկայորեն նշել, թե որտեղ է սխալվում Հայրենիքի փրկության շարժումը, քանզի ներսից եմ տեսնում խնդիրները։ Բայց քաղաքագիտության տեսությունը և քաղաքականության պրակտիկան հստակ ցուցում ունեն նման դեպքերում՝ ռազմական հեղաշրջում։ Հատկապես, երբ բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն գործում է Թուրքիայի օգտին։ Թուրքիան էլ իր հերթին բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին ու քննադատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը։ Ամեն ինչ շատ բաց է ու ակնհայտ։

Մենք գործ ունենք թուրքական շահերը սպասարկող իշխանության հետ, այսինքն՝ օկուպացիոն ռեժիմի հետ։ Հետևաբար՝ այդ իշխանության դեմ պայքարի մեթոդներն էլ պետք է համարժեք լինեն։ Նման համարժեք մեթոդի տիրապետում է և անհրաժեշտ ռեսուրս ունի Օնիկ Գասպարյանի գլխավորած կառույցը։
Մեր սահմանադրության 14–րդ հոդվածը չի ապահովվում նիկոլաթուրքական ջանքերով։ Փոխվում են մեր սահմանները, խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը հարցականի տակ է հայտնվել, պետությունը վերացման շեմին է կանգնած։ Սա ուղիղ ցուցում է զինված ուժերին, որ նրանք կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը և մնան ՀՀ–ին տված երդմանը հավատարիմ։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։ 

Թուրքերը խնդիր են դրել վերացնել Հայաստանը և դա անում են Նիկոլի ձեռքերով։ Վերջինս էլ իրեն ապահով ու անվտանգ է զգում թուրքական ազդեցության տակ, քանզի Հայաստանի սուբյեկտայնության պահպանության դեպքում ինքը դատվելու է։ 

Հիմա կա՛մ զինված ուժերը կանեն իրենց գործը, կա՛մ Թուրքիան պարզապես կվերացնի հայկական բանակը վերջնականապես։ 

Ամեն ինչ շատ հստակ է՝ եթե զինված ուժերը և ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը շարունակեն կիսահղի պահվածքը, ապա Նիկոլը ոչ թե փոխելու է մեր զինված ուժերի հրամկազմը, այլ վերացնելու է բանակը, քանզի հանձնվող երկրին բանակ պետք չէ։ Նիկոլին պետք է լինելու միայն ոստիկանությունը, որպեսզի աթոռը պահի։

Մեր երկրի գոյությանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Սա ասում եմ առանց չափազանցության։ Զինված ուժերը կարող են կանգնեցնել ազատ անկումը և վերջապես հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներիս օրացույցի վրա տեսնել նոյեմբերի 10–ը։ Եթե ոչ, ապա ․․․ Ապա ամեն մի քաղաքացի պետք է իր որոշումը կայացնի։ 
Ինքս միշտ առաջնորդվել եմ՝ «Ե՞րբ, եթե ոչ հիմա, ո՞վ, եթե ոչ ես» սկզբունքով։ Բանակը կանի՝ կանի։ Չի անի՝ պատմությունը կծնի վճռական մենակին։ Մենք 21–րդ դար չեն հասել այն բանի համար, որ մի սրիկայի, մի քանի լպրծունների, մի քանի վախկոտի պատճառով կործանվենք։ Առանց պետություն ցեղասպանության ենթարկվել ենք։ Պետությունով ցեղասպանության ենթարկվելը մեր ամոթը կլինի։ Ուշքի՛ եկեք։

Հ․Գ․։ Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ։ Ռազմական գործողությունների թատերաբեմը լինելու է Սյունիքը, ապա՝ ամբողջ Հայաստանը։ Ալիևն այդ ամենի անոնսն արդեն տվեց։ Մեզ կատաստրոֆիկ քիչ ժամանակ է մնացել։ Հետո չասեք, թե զգուշացված չեք եղել։

ՀՀ բանակ, շարժվի՛ր»։