Նախարարը Թատերականի ուսանողներին առաջարկել է ևս 6 ամիս սպասել

Նախարարը Թատերականի ուսանողներին առաջարկել է ևս 6 ամիս սպասել

Կիրակի օրը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Թատերական ինստիտուտում հանդիպել է բուհի ուսանողության հետ։ Նման պայմանավորվածություն ձեռք բերվեց այն բանից հետո, երբ թատերականի ուսանողները բոյկոտեցին ռեկտորի ընտրությունների արդյունքները, եւ նախարար Հարությունյանը խոստացավ ընդլայնված հանդիպում ունենալ ուսանողների հետ եւ լսել նրանց առարկություններն ընտրությունների եւ նորընտիր ռեկտորի առնչությամբ։  

Ուսխորհրդի նախագահ Միլեն Բալդրյանն ասում է, որ նախարարի հետ հանդիպմանը քիչ ուսանողություն կար, պատճառը հանդիպումը կիրակի օրը տեղափոխելն էր, որովհետեւ ուսանողների մեծ մասը կիրակի օրերին աշխատում է, փորձերի մասնակցում, դրա համար շատերը ներկա չէին։ «Բայց դա խնդիր չեղավ, հանդիպումը, ամեն դեպքում, կայացավ։ Նախարարն ինչպես խոստացել էր, լսեց ուսանողներին, նրանց խնդիրները, փորձեց պատասխանել հարցերին։ Քանի որ հանդիպումը փակ էր, ռեկտորը՝ Լիլիթ Արզումանյանը, նույնպես ներկա չէր, եւ շատ հարցեր մենք չբարձրաձայնեցինք, որովհետեւ դրանք հենց իր հետ պետք է քննարկվեին։ Դեռ հստակ ոչինչ չունենք, հավանաբար, մոտ օրերս փոքր կազմով էլի նախարարի հետ կհանդիպենք»,- ասում է նա ու հավելում, որ նախարարն ուսանողներին խնդրել է, որ իրենց խնդիրները, որ ներկայացրել են ռեկտորին, փոխանցեն նաեւ նախարարություն, որպեսզի դրանց հետ ծանոթանա․ «Պարոն Հարությունյանը շատ բաց էր ուսանողների հետ, անգամ իր անձնական փորձից էր օրինակներ բերում։ Հույս ունենք՝ ինչ-որ կերպ եւ ինչ-որ ժամկետում այդ հարցերին լուծումներ կտրվեն»։

Ուսանողներն ընտրության օրը նախարարից պահանջում էին նոր ընտրություններ՝ այլընտրանքային նոր թեկնածուներով․ նրանց այս պահանջին ինչպե՞ս է արձագանքել նախարարը, հնարավոր համարո՞ւմ է նոր ընտրություններ անցկացնելու պահանջը։ «Նոր ընտրությունների մասով ոչինչ չի ասել, միայն ասաց, որ, կանոնակարգի համաձայն, իրավասություն չունի արդեն կայացած ընտրությունները չեղարկել ու նոր ընտրություններ հայտարարել»,-ասաց Միլեն Բալդրյանն ու նշեց, որ հանդիպման ընթացքում ավելի շատ խոսք է գնացել ռեկտորի անձի մասին, որովհետեւ, ըստ նրա, ուսանողները վերապահումներ ունեն նրա հետ կապված եւ օրինակներ են բերել, թե ինչով են պայմանավորված այդ վերապահումները․ «Ուսանողներն ավելի մանրամասն խոսեցին իրենց անձնական խնդիրներից, հարցեր են եղել կենցաղից, ներքին խոհանոցից մինչեւ կառավարում եւ կրթական համակարգի փոփոխություն։ Հանդիպման ընթացքում ուսանողությունը, ընդհանուր առմամբ, կարողացել է իր բողոքն ամբողջացնել ու ներկայացնել նախարարին»։

Թե ի վերջո նախարարն ուսանողությանը խնդրի լուծման ինչ տարբերակ է առաջարկել, Բալդրյանն ասաց, որ Հարությունյանն իրենց առաջարկել է եւս 6 ամիս սպասել, որից հետո կլինի նոր հանդիպում․ «Կտեսնենք՝ խնդիրներից որն է լուծվել, որը՝ ոչ, այդ վերապահումները դրական կողմն են թեքվել, թե ոչ, նոր, ըստ դրա, հստակ որոշում կլինի։ Այսինքն՝ ինչքան հասկանում եմ, եւ գուցե ճիշտը նաեւ սա է, որ այս պահին ոչինչ չի կատարվելու, իսկ փոփոխություններին երեւի սպասենք արդեն հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, երբ տիկին Արզումանյանը ժամանակ կունենա աշխատելու նաեւ կրթական ծրագրերի վրա»։

Ուսխորհրդի նախագահն իր խոսքում նկատում է, որ հանդիպումից հետո ուսանողների մի մասը հուսախաբ է եղել, մի մասն էլ գիտակից մոտեցում է հանդես բերել. «Մենք անհատների հետ գործ ունենք, մի մասը գիտակից էր եւ հասկանում էր, որ պետք չէր նման կերպով ձայն բարձրացնել, կամ հնարավոր չէ նոր ընտրություններ կազմակերպել եւ հարցը լուծել։ Մի մասը գտնում էր, որ նորից հիասթափություն ապրեց, եւ ոչինչ չի փոխվելու, ոչինչ չի արվելու։ Ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ մեծամասնությունը գիտակից էր եւ հասկանում էր, որ այս պահին խնդրին պետք է նման կերպով լուծում տալ։ Պետք է նստել սեղանի շուրջ եւ սառը գլխով ու մտքով ամեն ինչ քննարկել ու փորձել լուծումներ գտնել»։

Նորընտիր ռեկտորն ինչպե՞ս է շփվում ուսանողների հետ, ուսխորհրդի նախագահն ասում է, որ որոշ ուսանողների հետ ինչ-որ հարցերի բերումով, այսպես թե այնպես, շփվում է, բայց իր կողմից նախաձեռնություն՝ հանդիպելու ուսանողների հետ եւ հասկանալու, թե ինչ են իրենք ուզում, եւ ինչ է կատարվում, չի եղել։ Ուսխորհրդի նախագահն ասում է, որ իրենք կապ կպահպանեն Արայիկ Հարությունյանի խոսնակի հետ եւ հարկ եղած դեպքում նորից կդիմեն նրան ու կհանդիպեն. «Նա ասաց, որ պատրաստ է լսել անգամ փոքր խմբերի կարծիքները»։ 

Ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ կարճ հանդիպում է ունեցել նախարարի հետ, բայց «6-ամսյա ժամկետի» մասին խոսք չի գնացել, ինչը վիրավորական է իր համար։ Նախարարը նրանից ընդամենը մի քանի բան է ճշտել՝ ուսանողների բողոքների հետ կապված. «Օրինակ՝ ինչու երեկոները չեմ թողնում ուսանողները մնան․ նախ՝ դա ճիշտ չէ, ես թողնում եմ, պարզապես մշակել եմ մի ձեւաթուղթ, որտեղ իրենք գրում են, որ այսինչ օրից այսինչ օրը ուզում են այդ լսարանը, կուսղեկը, նաեւ մեր բաժնի պետը ստորագրում են, որը նաեւ պահակի մոտ է լինում։ Այսինքն՝ 1-2 հարց, որ նա ճշտել է ուսանողների ասածներից՝ վերջ, ուրիշ խոսակցություն չի եղել։ Հիմա թե ինքն ուսանողների հետ ուրիշ ինչ է խոսել, ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել։ Բայց ինձ համար մի բան է պարզ, որ այդ ուսանողներն ուղղորդված են եւ չեն կարող ինձ ինչ-որ բան ասել, որովհետեւ ով ինչ հարցով մտել է, ես միայն ընդառաջել եմ։ Ես կուզեմ, որ հարցեր, խնդիրներ դնեն իմ առաջ, ու միասին քննարկենք, բայց ոչ մի նման բան չի եղել։ Սա է խնդիրը, ես ակամա հայտնվել եմ շահերի բախման կիզակետում, եւ այս ամենը, ինչ կատարվում է, բնականաբար, ցավեցնում է»։