Լուսինե Բադալյանը՝ քաղաքականության ներսի ու դրսի հրեշների արանքո՞ւմ

Լուսինե Բադալյանը՝ քաղաքականության ներսի ու դրսի հրեշների արանքո՞ւմ

7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին լուրջ բախումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջեւ ներքաղաքական «թոփ թեման» է այսօր։ Ակնարկները երկուստեք շատ հասկանալի, տողատակային ու ցավոտ էին։ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց․ «Ձեր հիմնարկի դեմը տնկում եք ՀՀ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրոշն ու մեզ խորհուրդ տալիս արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա հավասարակշռելու համար ինչո՞ւ չեք ՌԴ-ի դրոշը կախում, էլ չեմ խոսում Վատիկանի դրոշի մասին»: Ավելի ուշ վարչապետի այս խոսքերը մեկնաբանելով՝  «Լուսավոր Հայաստան»  խմբակցության անդամ և «Առաջին լրատվական»-ի հիմնադիր Արման Բաբաջանյանն արձագանքեց․ «Առկա խնդիրները նոր հրեշների կարիք ունեն, և Նիկոլ Փաշինյանին բան չի մնում, քան նոր հրեշներ ստեղծել՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան:

Հիմա՝ Միշիկներ, Փիշիկներ, Չիշիկներ, ես չգիտեմ՝ սրանից հետո էլ ի՞նչ պիտի ստեղծի, որպեսզի անգործությունը և Կառավարության անհամարժեքությունը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները կարողանա քողարկել և ծածկել։ Սա մի բանի մասին է խոսում, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չի գիտակցում, թե ինչ խնդիրներ են կանգնած իր և Հայաստանի Կառավարության առաջ, կա՛մ եթե գիտակցում է և փորձում է այսպես մանիպուլյատիվ միջոցներով փախչել առաջադրված խնդիրներից, ուղղակի ես կարծում եմ, որ զազրելի է»։
 Նիկոլ Փաշինյանի ու Լուսավոր Հայաստանի միջեւ այս փոխհրաձգությունները ծանր կացության մեջ են դրել նրանց որոշ թիմակիցների։ Օրինակ Փաշինյանի կաբինետում մի քանի ամիս սոցապ նախարար աշխատած, այժմ ԼՀԿ-ից ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանին։ Իսկ «Առաջին լրատվականի» նախկին մեկնաբան Լուսինե Բադալյանը՝ Լուլուն էլ այսօր «Իմ քայլը»  դաշինքի պատգամավոր է։

Մեզ հետ զրույցում Լուսինե Բադալյանը, պատասխանելով հարցին, թե, թե ինչպես է գնահատում իր նախկին խմբագրի և ներկայիս առաջնորդի բախումն, ասաց․  «Առաջին լրատվականում աշխատելու ժամանակ էլ քաղաքականությունը չեմ խառնել գործնական ընդհանուր վիճակներին։ Այսինքն՝ մեր քաղաքական հայացքները և 1-ին․am- ում աշխատելու իմ կարճատև ընթացքը իրար չեն հակասել և, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ քաղաքականությունն ու աշխատանքն իրար հետ չխառնելը լավագույն տարբերակն է։ Ուստի հիմա էլ մեր հարաբերությունները չեն կարող վերաճել թշնամանքի կամ ինչ-որ այլ բանի քաղականությունից դուրս։ Բայց քաղաքականության ներսում, իհարկե, այնտեղ ընդդիմություն է, այստեղ՝ իշխանություն, բնականաբար, կլինեն հակասություններ»,-ասում է Լուսինեն։

Իսկ «զազրելի է» բառակապակցությունը հրեշներ կերտելու երևույթի վերաբերյալ, իր կարծիքով, կոշտ չէ՞։ Լուսինե Բադալյանը ասում է, որ խոսքը երեւույթի մասին է, կզարմանար՝ ճանաչելով Արման Բաբաջանյանին, որ այդ խոսքն ասվել է անձանավորված, որովհետև նրա բերանից Նիկոլ Փաշինյանի ու մյուսների վերաբերյալ երբևիցե վատ բառ չի լսել։ Իսկ անձերից դուրս երևույթները, ըստ պատգամավորի, Արման Բաբաջանյանի անձնական կարծիքն է, ինքը չի կարող ու չի պատրաստվում հակադարձել։

Իսկ Վատիկանի վերաբերյալ ակնարկի հետ կապված անձամբ ի՞նչ դիրքրորոշում ունի։ «Ես էդ կարծիքը չեմ արտահայտել, հետևաբար, իմ կարծիքը այստեղ կարևոր էլ չի։ Յուրաքանչյուրն ունի իր վերաբերմունքը, խմբակցությունն ունի դիրքորոշում, քաղաքական թիմն ունի որոշ երևույթների նկատմամբ քաղաքական դիրքորոշում, բայց դետալների վերաբերյալ ամեն մեկս կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ։ Օրինակ ես՝ դրոշների վերաբերյալ ընդհանրապես կարծիք չունեմ։ Ո՛չ դրական, ո՛չ բացասական, ես դա կարևոր չեմ համարել, չնայած, դրանք ունեն ենթատեքստեր, դրանք ինչ-որ բան նշանակում են և հենց այնպես որևիցե տեղ որևիցե դրոշ չի հայտնվում։ Բայց դա պետք քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, զերծ կմնամ մեկնաբանություններից»։