Ծնողները պարտավոր են․․ մանկապարտեզների մասին օրենքից

Ծնողները պարտավոր են․․ մանկապարտեզների մասին օրենքից

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս հայտնվել է «Նախադապրոցական կրթության մասին» օրենքի նախագիծ, որով ամրագրվում են նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները։

Հատուկ նախադպրոցական կրթության մասին օրենք Հայաստանն առ այսօր չունի և ոլորտը կարգավորվել է «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և մի շարք այլ օրենքներով։

Եվ այսպես, որպես նախադպրոցական կրթության  բնագավառում պետական քաղաքականություն՝ Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք։

Հայաստանում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան։ Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը երեխայի և ծնողի կամ օրինական ներկայացուցչի ընտրությամբ կարող է կազմակերպվել հայերեն ժեստերի լեզվով, ազգային փոքրամասնությունների լսողության խնդիրներ ունեցող երեխաների դեպքում՝ նաև ազգային ժեստերի լեզվով (եթե առկա է)։

Նախադպրոցական տարիքը 0-6 տարեկանն է։

Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միայանակ ծնողների, ծնողազուրկ երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից։

Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել ՀՀ կառավարության որոշմամբ։ Օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը ևս հաստատում է Հայաստանի կառավարությունը։ Օտար լեզվով նախադպրոցական կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։ Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի անձը, ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,  ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

Նույնը՝ տնօրենի պարագայում։

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը պարտավոր է հարգել և պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքները, ազատություներն ու արժանապատվությունը, ապահովել երեխայի կրթության իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի մտավոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները,  երեխաների՝  նախադպրոցական ծրագրերի յուրացումը, երեխաների զարգացումը և համապատասխան գիտելիքների ու հմտությունների ձևավորումը։
Երեխայի նկատմամբ գործադրվող բռնության կամ դրա իրական սպառնալիքի դեպքում նախակրթարանը կամ մանկապարտեզը պարտավոր է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:

Ծնողների էլ  /նրանց օրինական ներկայացուցիչների/ իրավունքների և պարտականությունների թվում են՝ նախադպրոցական կրթության գործընթացին, երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատմանը մասնակից լինելը, պահանջելու խելամիտ հարմարեցումներ երեխայի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության իրավունքն իրացնելու նպատակով։

Օրենքի նախագծում կա մի հետաքրքիր ձևակերպում այն մասին, որ ծնողները  պարտավոր են երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական, սահմանադրական, մշակութային արժեքների նկատմամբ, հարգել երեխայի արժանապատվությունը,  երեխայի մեջ դաստիարակել աշխատասիրություն, փոխօգնության և համերաշխության գիտակցում, հարգալից վերաբերմունք միմյանց, մայրենի լեզվի, համակեցության կանոնների, ազգային ավանդույթների և սովորույթների, շրջակա միջավայրի նկատմամբ: