Բաներ կան, որ չգիտեմ՝ բացահայտե՞լ, թե՞ ոչ․ Ուրիխանյանը մանրամասներ է ներկայացնում Վարդենիսում իրավիճակից

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 2 օր առաջ Վարդենիսում է եղել և իր աչքերով տեսել իրավիճակը։ Հարցին, թե ինչպիսի՞ տպավորություններով է եկել Երևան, Ուրիխանյանը կարողացավ պատասխանել երկար դադար առնելուց և մտքերը հավաքելուց հետո միայն․
«Փորձում եմ մտքերս հավաքել, փորձում եմ այդ տպավորությունից գլուխ հանել։ Մի բան արձանագրեցի ընդամենը և դա հաստատ կարող եմ ասել․ առանց այդ էլ չեղած տպավորության կտրուկ անկում։ Շատ եմ ուզում, որ մարդիկ գիտակցեն, մարդիկ ասելով՝ նկատի ունեմ մայրաքաղաքում ապրող, մյուս քաղաքներում ապրող մեր հայերնակիցները, խաղաղ, հանգիստ, չտրամաբանված միապաղաղությամբ ապրող մարդիկ գիտակցեն, որ այնտեղ, որտեղ մանկահասակ երեխան ինձ ասաց՝ «Ձյաձյա ջան, քեզ մի քիչ էս կողմ պահի, որովհետև թուրքը էն ա կրակում ա»․․․, դա ընդամենը 150-160 կիլոմետր հեռավորության վրա է մայրաքաղաքի կենտրոնից, ընդամենը միջին հեռահարության զինատեսակների հասանելիության տիրույթում, և եթե Արցախի Հանրապետությունը ազատագրված տարածքներով հանդերձ անվտանգության տիրույթ էր, հենց Արցախն իր համար, Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանն էլ տարածաշրջանի համար, ռազմավարական գործընկերների համար, հիմա ստացվել է այնպես, որ մեր հայրենիքի, մեր ինքնիշխան, մեր՝ ՄԱԿ անդամ, ճանաչված սահմաններով և ամբողջականությամբ Հայաստանի հատվածներն են դարձել անվտանգության գոտիներ։ Սա կատաստրոֆային մոտ բան չէ, սա արդեն կատստորֆա է, սա արդեն աղետ է, որը ինչպե՞ս մեզ պատուհասեց՝ ես չգիտեմ, չհասկացանք էլ, թե ոնց եղավ։ Իհարկե, շատերս հասկացանք, և շուտ զգուշացնում էինք էլ, որ այսպիսի բաներ կարող են ու լինելու են, բայց որ սրանից բխող պատասխանատվությունը միչայն հարցազրույցների մակարդակով պիտի լինի և վերջ, և մեղքի զգացումն էլ այդքանով ավարտվի, այլ ոչ թե պարզ տրամաբանությամբ ու հետևանքներով, այ սա ինձ համար անկեղծորեն անսպասելի էր։ Սրանք են մտքերս։
- Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները արդեն համակերպվել են Ադրբեջանին ինչ-որ տարածքներ տալուն, ինչպիսի՞ն էր Վարդենիսի բնակչության տրամադրությունները։
- Ահա այդպիսին է իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի որոշակի, էական հատվածի կողմից ընդամենը 3 տարի առաջ։ Ի՞նչ կարող էին անել ես կամ իմ գործընկերները՝ որպես խորհրդարանականներ․ ես հանդես եկա հայտարարությամբ, որով առաջարկեցի, պահանջեցի գումարել ԱԺ հատուկ արտագնա նիստ, որպեսի տեղի ունենար այն, ինչի շուրջ կբևեռվեր ամբողջ աշխարհի ուշադրությունը․ պարլամենտը տեղափոխում է պատգամավորաց բազմությունը մայրաքաղաքի կենտրոնից դեպքերի կիզակետ, ճիշտ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել գերեվարումը՝ այդ չլսված խայտառակությունը, որպեսզի տեղում գումարվի այդ հատուկ նիստը և ընդունվի հատուկ փաստաթուղթ, հատուկ բանաձև կամ հայտարարություն, որն ուղղված կլինի ՄԱԿ-ին, ԵԱՀԿ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ռազմավարական գործընկերոջը, ԱՊՀ և ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովներին՝ որպես, այսպես ասած, վերջնական նախազգուշացում, որովհետև ինձ մոտ սրա հետ կապված առաջանում է մեկ հիմնական հարց, որը հնչեցրի վերջին քառօրյայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարց- պատասխանի ժամանակ․ ինչո՞ւ է սա տեղի ունենում, արդյոք Ադրբեջանը չի՞ գիտակցում, որ մենք այնպիսի անվտանգության համակարգի մեջ ենք, որի հիմքը երկրագնդի ամենահզոր բանակներից մեկն է, որը տիրապետում է այդ թվում գերձայնային, միջմայրցամաքային հրթիռակոծության հնարավորությունների։ Եթե գիտակցում է, ապա ինչի՞ն ապավինելով, եթե չի գիտակցում, ապա ի՞նչն է մեզ խանգարում անմիջապես հակազդեցություն իրականացնել, պատժիչ միջոցներ իրականացնել և րոպեներ անց դիմել ռազմավարական գործընկերոջը, երբ մեզ մոտ փաստացի տեղի կունենա զինված բախում, ռազմական գործողություն, և նրանք կարող են վայրկյանների ընթացքում արձագանքել և հարցը փակել, ինչո՞ւ սա տեղի չի ունենում։ Իշխանություններն ասում են՝ դե դիմել ենք, չեն արձագանքում, ես էլ հարցնում եմ՝ ինչի՞ առթիվ են դիմել, եթե գործողություն տեղի չի ունենում։ Ուրեմն պետք է հասկանալ․ կա՛մ Ռուսաստանը կա մեր անվտանգության համակարգի երաշխավորը, կա՛մ չկա, և եթե չկա, ուրեմն իշխանություններ, բարի եղեք, գտեք այլ տարբերակ, գնացեք, բանակցեք ՆԱՏՕ-ի հետ, աղմուկ արեք, հարցը բարձրացրեք համաշխարհային մակարդակով։ Գոնե ԱԺ արտագնա հատուկ նիստով դա կարելի էր անել։ Սակայն զրո արձագանք և զրո վերաբերմունք եղավ, և ես ստիպված եղա գնալ հասնել այնտեղ, դրա մասին հայտնել համայնքապետներին։ Կարողացանք հանդիպել բնակիչներին, զնիվորականներին, կորպուսի, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներին և այլն։ Շատ բաներ կան, որ ես հիմա ինքս չեմ կողմնորոշվում՝ կարելի՞ է բացահայտել այն ինչ տեսել եմ այնտեղ, թե՞ չէ, բայց չգիտեմ էլ, թե ինչպես կոռեկտ ձևակերպեմ․․․, հավատացեք՝ մտահոգվելու տեղիք կա․․․, առնվազն հարցերի մակարդակով, թե ինչո՞ւ է այսպես, եթե ամեն բան նորմալ է։
- Կարողացա՞ք Կութ համայնք մտնել, ասում են, որ փակ է։
- Ոչ, ոչ միայն այդ համայնքը։ Մենք համայնքապետերի հետ արձանագրեցինք, որ ես վերադառնում եմ Երևան և բերում եմ հետևյալ ասելիքը, որ մարդիկ՝ բոլորը, տոտալ դժգոհ են, և դժգոհության համար 1 պատճառը չտեղեկացված լինելու, անելանելիության զգացման առկայությունն է։ Այսինքն՝ ինչպե՞ս կարող է համայնք ղեկավարող պաշտոնատար անձը տեղեկացված չլինել իրողության հետ կապված։ Գյուղատնտեսները որևէ բան են ցանում, ցանում ու մտածում են՝ հետո թո՞ւրքն է քաղելու այդ բերքը, ադրբեջանցի՞ն է քաղելու, թե՞ մենք ենք քաղելու։ Հասկանո՞ւմ եք՝ ոնց են ապրում։ Ես երեխայի օրինակը բերեցի․․․, տնային տնտեսություններ կան, կանայք կան, թշնամու անզեն աչքով ուղիղ տեսանելիության տիրույթում են ապրում, լվացք անում, դուրս գալիս, ինչ-որ տեղ գնում։ Համայնքներ մուտքը քաղաքացիների համար․․․, եթերից կաշկանդված լինելով՝ այսպես ասեմ՝ սահմանափակված է։ Ձեզ և մեր հանրությանը թողնում եմ հնարավորություն ցանկացած այլ ձևով այդ բառը փոխելու, «սահմանափակված» բառը։
Կարծիքներ