Ընտրեք այնպիսի թեմա, որը հնարավոր չէ քաշել ինտերնետից

Ընտրեք այնպիսի թեմա, որը հնարավոր չէ քաշել ինտերնետից

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր մասնակցում էր Բարձրագույն որակավորման կոմիտեի կազմակերպած  մի ատենախոսության քննարկմանը, որի վերաբերյալ ներկայացվել էին գրագողության փաստեր։
Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց Ռուբեն Միրզախանյանին։

-Դուք նախկին իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների  հետ ունեցել եք մտերիմ հարաբերություններ։ Մեկ տարի առաջ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, Դուք ինչպե՞ս եք Ձեր ղեկավարած բուհում պատկերացնում փոփոխությունները։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ես մոտ եմ եղել նախկին իշխանությունների հետ։ Մանկավարժական համալսարանը պետական հիմնադրամ է, եւ ցանկացած իշխանության հետ՝ նախկին, ներկա թե ապագա, հիմնադրամը պետք է լինի նորմալ հարաբերությունների մեջ։ Այո՛, ես ունեցել եմ եւ ունեմ նորմալ հարաբերություններ բոլոր իշխանությունների հետ, հատկապես այն գերատեսչության, որը կոորդինացնում է աշխատանքները կրթության եւ գիտության ասպարեզում։
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ կրթական համակարգում բոլոր բարեփոխումները պետք է լինեն զգույշ, մտածված, նախօրոք լինեն լուրջ շրջանակի քննարկման առարկա։ Պետք է հաշվի առնվեն բազմաթիվ հանգամանքներ։ Ես կնշեի երկու առավել կարեւոր հանգամանք՝ առաջադեմ միջազգային փորձը կրթության ասպարեզում եւ տեղական առանձնահատկությունները։ Վերցնել որեւէ երկրի առաջադեմ մոդելը եւ անմիջական տեղափոխել մեր երկիր՝ դա արդյունավետ չէ։ Պետք է հաշվի առնել տեղական, ազգային առանձնահատկությունները, կրթական ավանդույթները։ 

-Ո՞րն եք համարում վերջին մեկ տարվա ընթացքում բուհական համակարգում կատարված ակնառու փոփոխությունը։

-Եթե խոսքը երեւելի փոփոխությունների մասին է, բազում դրսեւորումներ կարելի է նշել։ Բոլոր դեպքերում դպրոցը դարձել է ավելի դեմոկրատական։ Բայց դա ունի նաեւ իր վիճելի դրսեւորումները։ Շատ հաճախ այդ դրսեւորումները հակասում են ձեւավորված ավանդույթներին, մոտեցումներին եւ արժանանում են քննադատության։ Օրինակ՝ մի գյուղի կամ ավանի 5-6-րդ դասարանների աշակերտները երիտասարդական խանդավառությամբ կարող են ասել, թե չենք ուզում այսինչ տնօրենին, այն մյուսին ենք ուզում։ Շատ կարեւոր է մտածել ուսուցչի հեղինակության մասին։ Եվ ես չեմ կարող ասել, որ այդ հարաբերություններն ուղղված են նրա հեղինակության ամրապնդմանը։ Կրթական համակարգը պետք է լինի կայուն։ 

-Առաջադեմ ո՞ր երկրների փորձը պետք է կիրառել մեր երկրում։ Ի՞նչ քայլեր պետք է անել գրագողության դեպքերը կանխելու համար։

-Առաջինն  էլեկտրոնային  ծրագրի ստեղծումն է։ Բայց դա կախված է նյութական շատ լուրջ միջոցներից։ Եվ դա, իհարկե, պետք է լինի բավականին լուրջ ծրագիր եւ ընդգրկի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի ջանքերը։ Իհարկե, դա շատ հարցեր կլուծի, քանի որ ծրագիրը հնարավորություն կտա որոշել, թե քանի տոկոս է կազմում գրագողությունը։ Բոլոր առաջադեմ երկրներում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, այդ ծրագիրը վաղուց գործում է։ Պետք է այդ ամենը սկսել ուսանողական, դպրոցական մակարդակից, պետք է սովորեցնել, որ գրագողությունը մեծագույն չարիք է։ Թող բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողն արտահայտի պարզունակ միտք, մասնագետների ժպիտն անգամ հարուցի, բայց լինի ինքնուրույն, ասի այն, ինչ ինքն է մտածում։ Նույնիսկ այդ միտքը կարող է լինել մասնագիտական տեսանկյունից ոչ այնքան ճշգրիտ։ Այդ տեսակետից շատ կարեւոր է թեմաների ընտրությունը։ Տեսեք, քաղաքի կենտրոնում Դուք կտեսնեք կրպակներ, որոնք առաջարկում են կուրսային, դիպլոմային աշխատանքներ։ 

-Իսկ այդ երեւույթն ինչպե՞ս պետք է կանխել։

-Նախ եւ առաջ՝ թեմայի ընտրությամբ։ Թող լինի այնպիսի թեմա, որն իրենց մոտ չկա, այն հնարավոր չէ քաշել նաեւ ինտերնետից։ Բերեմ օրինակ հենց մանկավարժական համալսարանից, հենց այն, ինչ հանձնարարում եմ իմ ուսանողներին։ Ես հանձնարարում եմ ուսումնասիրել իրենց գյուղի դպրոցի պատմությունը։ Ես համոզված եմ, որ Արարատի կամ Արմավիրի մարզի որեւէ գյուղի դպրոցի պատմությունն այդ կրպակներում չկա։ Իսկ եթե մենք ուզում ենք առաջ գնալ, ապա պետք է տեսնենք ուսանողի ունակությունը համեմատության մեջ։ Երկրորդը՝ ցանկացած ուսումնասիրություն հիմնվում է աղբյուրների վրա։ Դրանք կարող են լինել սոցիոլոգիական հետազոտությունները, արխիվային նյութերը, մենագրությունները, գիտական աշխատությունները եւ այլն։ Բայց մեր երկրում շատ քիչ է օգտագործվում արեւմուտքում կիրառվող այնպիսի մի կարեւորագույն աղբյուր, ինչպիսին հարցազրույցն է։ Երբ ուսումնասիրություն կատարողը խոսում է մարդու հետ, նրանից կարծիք է հարցնում, շատ դեպքերում՝ սուբյեկտիվ, դրա շուրջ կարող է կատարել վերլուծություն։ Հատկապես ուսանողական շրջանում ուսումնասիրության թեման պետք է լինի լոկալ եւ ուշադրություն դարձնել, թե հետազոտողը որքանով է ինքնուրույն կատարել իր աշխատանքը։