«Հրապարակ»․Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․սպասվում է ներկայանալի միջոցառում

«Հրապարակ»․Հայտնի է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման օրը․սպասվում է ներկայանալի միջոցառում

Ապրիլի 7-ին տեղի կունենա Ստեփանակերտի այդքան սպասված Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացումը։ Եկեղեցու կառուցումը սկսվել է դեռեւս 2006 թվականին, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով շինարարությունը սկզբնական փուլում դանդաղ է ընթացել: Տարբեր բարերարներ ու անհատ մարդիկ են ձեռք մեկնել։ Բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչի բարձրությունը՝ 3 մետր։

Մոտավոր հաշվարկով ավելի քան կես միլիոն դոլար է ծախսվել եկեղեցու կառուցման համար, եւ այդ հարցում, ի դեպ, իրենց ավանդն են ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին պաշտոնյաները, ինչպես նաեւ Արցախի ներկայիս ղեկավարությունը։

Մեզ չհաջողվեց ճշտել, թե ովքեր են հրավիրված եկեղեցու բացմանը, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայանալի միջոցառում է նախաձեռնվում։ Հիշեցնենք, որ ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է, որի նախագծով կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը թվով երկրորդ եկեղեցին է Արցախի մայրաքաղաքում։