Ագորան պահանջում է

Ագորան պահանջում է

Իրավացի են նրանք, ովքեր վրդովվում են վերջին օրերին ծագած աղմուկից՝ տարեվերջյան պարգեւատրումների հետ կապված։ Մարդիկ ընդամենը ամանորյա պարգեւավճարներ են ստացել, եւ նորմալ երկրներում դա չէր դառնա քննարկման առարկա։ Բայց մի երկրում, որտեղ մեծ աղքատություն կա, գործազրկություն, օրվա հացի փնտրտուք, նման աղմուկը բնական է։

Իսկ երբ հիշենք, որ իշխող քաղաքական ուժը դեպի իշխանություն տանող ուղին հարթել է հենց այդ ընչազուրկ ու գործազուրկ մարդկանց միջոցով, առավել հասկանալի կդառնա, թե ինչու են մարդիկ վրդովված այդ «պրեմիաների» փաստից։ Երբ դու փողոց ես հանում սոցիալապես ամենաանապահով խավին, նրան քեզ կարգում ես աջակից, ողջ օրը խոսում ես իշխանական թալանի եւ կողոպուտի, հանրային միջոցները գողանալու, մարդկանց հաշվին ցոփ ու շվայտ կյանքով ապրելու իշխանական արատավոր ավանդույթների մասին, պետք է պատրաստ լինես, որ ցանկացած քայլդ կարող է դիտվել որպես այդ արատավոր ավանդույթների շարունակություն։ Երբ դու հրահրում ես հանրային նախանձն ու չարությունը, քրեական հետապնդումներն ու պատժի ինստիտուտն առաջին պլան մղելով՝ սկսում ես հաշվեհարդար տեսնել նախկին պաշտոնյաների նկատմամբ եւ նրանց մսխած յուրաքանչյուր դրամը ջրի երես ես հանում, պետք է հասկանաս, որ հետո կարող են նույնը քեզ հետ անել։

Վերջապես, երբ դու ամեն օր վատ ապրող, իր խնդիրները լուծել չկարողացող մարդուն ասում ես՝ դու ես իշխանությունը, դու ես այս երկրում ամեն ինչ որոշողը, ես քո ծառան եմ, պատրաստ եմ ամենօրյա ռեժիմով, «լայվերով» ու «քաղաքացու հետ զրույցներով» լսել ու կատարել քո պատգամները, պետք է հասկանաս, որ այդ նույն քաղաքացին պահանջելու է իր հետ հաշվի նստել ամեն լուման բաժանելիս, ամեն անգամ «պրեմիա» գրելիս, ամեն պաշտոնում մարդ նշանակելիս։