Պոզները նույնիկ ԱԺ պատգամավորների հետ չի հանդիպելու

Պոզները նույնիկ ԱԺ պատգամավորների հետ չի հանդիպելու

Երեկ մենք գրել էինք, որ Վլադիմիր Պոզների գալիք այցի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունենալիք վարպետաց դասը միայն ուսանողների համար է կազմակերպվելու՝ դրսից մարդիկ չեն կարող մասնակցել: Նյութի պատճառը Հայ-Ռուսական համալսարանի խոսնակի վրդովմունքն էր և ֆեյսբուքյան գրառումը․ «Ժող ջան, ցավոք, Պոզների դասախոսությանը կարող են ներկա լինել միայն բուհերի ուսանողները։ Ես դրա հետ ԿԱՏԵԳՈՐԻԿ համաձայն չեմ ու այս իրավիճակը համեմատում եմ այն բանի հետ, որ, օրինակ, աշխարհահռչակ տնտեսագետ Էրիկ Ռայներտի դասախոսությանը մեր տնտեսագետներին արգելեին ներկա լինել, կամ էլ մարդ ամուսնացած լինի, ու իրեն ասեն, որ կնոջդ կարելի է նայել, բայց ձեռք տալ չի կարելի))))»։

Փորձեցինք պարզել, թե ինչու են կազմակերպիչները լրագրողների մուտքն արգելում, հասկանալ խնդիրը: Պարզվեց՝ վերջերս Հայաստան այցելած գրեթե բոլոր աստղերի ծրագիրը չի նախատեսում մամուլի ասուլիս՝ Ջո Քոքեր, Էլթոն Ջոն, Մայքլ Քեյն և այլն, իսկ ժուռնալիստիկայի ուսանողների համար ոլորտի առաջատար մասնագետի՝ Պոզների մասնակցությամբ վարպետաց դասը չի ենթադրում լրագրողների ներկայություն, քանի որ սկսնակների համար նախատեսված դասախոսություն է լինելու: Սա համաշխարհային պրակտիկա է տվյալ բուհի, ինչպես նաև մասնակից այլ կազմակերպիչների կողմից ձևաչափի սահմանման հարց չէ: Լրագրողները ներկա չեն եղել, օրինակ, Մարկ Ցուկերբերգի հանդիպմանը Հարվարդի համալսարանում կամ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գլխավոր տեխնոլոգ Դեյվիդ Աքսելրոդի հանդիպմանը Չիկագոյի համալսարանի ուսանողության հետ: 

Վերադառնալով Վլադիմիր Պոզների մասնակցությամբ միջոցառմանը, ինչպես պարզեցինք, հանդիպմանը ներկա են գտնվելու լրագրություն ուսանող երիտասարդները, որոնց գրանցման մեխանիզմը գործել է էլեկտրոնային եւ մաքսիմալ թափանցիկ: Ինչպես մեզ հավաստիացրին, կազմակերպիչների որոշմամբ գրանցումը բաց է եղել նաև այլ բուհերի ուսանողների համար, այսինքն՝ Սլավոնականի ուսանողներով չեն սահմանափակվել։ 

Պոզների նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունը շատ մեծ է, մեզ ասացին, որ ԱԺ պատգամավորները եւս ցանկացել են հանդիպել, բայց չի հաջողվել, հայտնի հեռուստալրագրողի ներկայացուցիչներն ամեն կերպ շեշտել են, որ այցին ու հանդիպումներին ոչ մի դեպքում քաղաքական երանգ չպետք է տրվի։