ՔՊ-ականները «վերևից» հրահանգ են ստացել
Իշխանական պատգամավորներն այսօր ֆեյսբուքյան տիրույթում բավականին ակտիվացել են: Նրանցից շատերն այսօր ընդդիմությանը «խայթող» գրառումներ են որոշել կատարել: Հասկանալի է, որ նման զուգադիպություններ չեն լինում:
Ինչպե՞ս է ստացվում, որ միաժամանակ բոլորը սկսում են քննադատել ընդդիմությանը: Հավանաբար «վերևից» է նման հրահանգ իջել: Նրանց բոլորի գրառումները վերաբերում են բացառապես փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրներին:
Օրինակ` Արփի Դավոյանի կարծիքով` «հեղափոխությանը կապկելով հեղափոխություն անելն ի սկզբանե դատապարտված է ծաղրանքի, առավել ևս, երբ այդ վայ-հեղափոխականներն առաջնորդվում են փողոցային խուժանի բառապաշարով և քայլերով»։
Վերջինիս պնդմամբ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի դեմ կռիվ տվողները, պատերազմի դաշտից փախած ու պատերազմի պարտության մեջ մեղավորներ կարգողները, զինվորի հաց գողացածներն ու նրանց կյանքի ուղեկիցները, որոնք սեփական հագուստի գույնը պատուհանից դուրս սավառնող ծիծեռնակի պոչի գույնի հետ էին բռնացնում, թանկարժեք մեքենաներում նստացույց անողները և այլք դա չեն հասկանում։
Պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ կարծում է, թե ընդդիմության մի մասը առաջարկում է մարդկանց վրեժ լուծել թավշյա հեղափոխությունից իր իսկ մեթոդներով՝ չնկատելով, որ թավշյա հեղափոխությունը ծաղրելու այս հրավերը նախևառաջ հրավեր է ծաղրել մարդկանց։
Ըստ նրա գրառման`«իրազեկման ակցիան տեղ ունի, երբ չունես լայնասփյուռ մեդիաներ և որ ունես տեղ հասցնելու նորություն։ Չորս տարի է ամեն տիպի հարթակով «իրազեկում» են։ Եվ մարդիկ գիտեն, որ արհավիրք է տեղի ունեցել»։
Իշխանական ամենակոնֆլիկտային պատգամավորներից էլ Վագահն Ալեքսանյանը գրել է, թե ակնհայտ է, որ Երևանում գործում է ջարդարար հայհոյախումբ, որը համակարգվում է քաղաքական գործիչների կողմից.
«Եթե հանկարծ այդ գործիչներից ոմանց թվում է, թե պատգամավորական անձեռնմխելիությունը իրենց ազատելու է կատարածի ու հրահրածի պատասխանատվությունից, ապա նրանց մեծ հիասթափություն է սպասվում»: Ալեքսանյանն այս գրառմամբ ակնարկում է խորհրդարանական ընդդիմությանը:
Կարեն Սարուխանյանն էլ իր հերթին որոշել է հեգնել ՀՅԴ-ի կազմակերպած ակցիան Գյումրիում: «Իմացա, որ այսօր դաշնակները Գյումրիում երթ են կազմակերպել։ Կազմակերպվող երթի սակավաթիվ մասնակիցներին կխնդրեի, որ հարմար առիթի դեպքում երթի կազմակերպիչներին հարցնեն, թե ովքե ՞ր են անցնում քրեական գործերով և այդ գործերն ի՞նչ բնույթ են կրում»,- նշել է նա:
Կարծիքներ