Լոռու մարզի 3 համայնքում դեռևս «շարժ չկա» ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Լոռու մարզի 3 համայնքում դեռևս «շարժ չկա» ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Հանրապետության մի շարք համայնքներում այս տարի պետք է որ կայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, քանի որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք համայնքապետերի լիազորությունների ժամկետներ լրանում են։

Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս պահին չի մտածում ընտրությունների մասին։ «Դրանով չեմ ապրում այս պահին։ Մենք 4 սուբվենցիաներ ունենք, դրանք պետք է կատարենք, սկսենք, նախագծման փուլում են։ Ավելի քան 8 տարի համայնքի ղեկավար եմ, քիչ է հետաքրքրում ինձ», - ասաց Պալյանը։

Հարցին՝ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ընդառաջ արդեն իշխանությունների կողմից ինչ-որ աժիոտաժ նկատվո՞ւմ է, պատասախնեց, որ ոչ։ «Համայնքում դեռևս չեմ նկատում։ Համայնքից դուրս կամ մայրաքաղաքում միգուցե այդպես է», - ասաց նա։

Հարցին՝ «իշխանությունները փորձո՞ւմ են Ձեր ուղղությամբ ճնշումներ գործադրել կամ ներգրավել ընտրությունները նախապատրաստելուն», Մեծ Պարնիի համայնքապետը բացասական պատասխան տվեց։

Ֆիալետովոյի համայնքապետ Ալեքսեյ Նովիկովի լիազորությունների ժամկետը նույնպես լրանում է այս տարվա աշնանը։ Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արարատ Աբրահամյանն ասաց, որ դեռևս նախապատրաստական աշխատանքներ չեն կատարվում համայնքապետի ընտրություններին ընդառաջ։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին նախապատրատասվելուն, Աբրահամյանն ասաց․ «Մենք ի՞նչ գործ ունենք։ Համայնքի ղեկավարությունն ընդհանրապես ոչ մի աշխատանք չի կատարում բացի ընտրատեղամասերի կազմակերպման աշխատանքներից»։

Հայ անվանի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանն ասաց, որ համայնքապետի ընտրություններին ընդառաջ դեռևս որևէ շարժ չկա։

Հարցերին՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ իշխանությունները քայլեր ձեռնարկո՞ւմ են համայնքում, փորձո՞ւմ են իրեն ներգրավել ընտրություններին, Հովսեփյանը պատասխանեց․ «Դեռ ոչ մի շարժ չկա մեզ մոտ»։ Իսկ թե ինչ դիրքորոշում ունի երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, Դսեղի համայնքապետը պատասխանեց, որ դեռևս որոշելու հարց կա։ «Կորոշենք, կասենք», - եզրափակեց նա։