Առաջին ատյանի դատարանը բավարարել է Սասուն Խաչատրյանի դեմ բողոքը

Առաջին ատյանի դատարանը բավարարել է Սասուն Խաչատրյանի դեմ բողոքը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը մինչդատավարական վարույթի շրջանակում բողոք է ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ, որն առաջին ատյանի դատարանում բավարարվել է։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ալումյանն անդրադառնալով այդ բողոքին՝ ասաց․ «Սասուն Խաչատրյանն էլ մի շարք հայտարություններ էր արել, որով անմեղության կանխավարկածը խախտել էր։ Մենք  դիմեցինք, որպեսզի դա ճանաչվի մարդու իրավունքի խախտում։ Առաջին ատյանը բավարարեց, հիմա բողոքարկել է մյուս կողմը։ Մենք էլ, ճիշտ է, բողոքարկել ենք, քանի որ մի դետալ կար, որը մեր կարծիքով ճիշտ որոշում  չէր կայացրել»։

Պաշտպանն այլեւս այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ զբաղված է։

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Ալումյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խախտում է․ «Պարոն Խաչատրյանը կիրառում է նախ այնպիսի արտահայտություններ, որոնք կոպտորեն խախտում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն՝ ինքը հաստատված ձևով է ասում, որ պարոն Քոչարյանը կատարել է այս կամ այն: Սա շատ վտանգավոր բան է` մեկ, որ խախտվում է անմեղության կանխավարկածը, երկու՝ որովհետև լսարանի մի զգալի մաս համարում է դա որպես արդեն վերջնականապես հաստատաված»։

Դրանից հետո Սասուն Խաչատրյանն անդրադառնալով հայտարարություններին, թե Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում  խախտել է անմեղության կանխավարկածը՝ ասել է. «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Ծիծաղելի են հայտարարությունները, թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում: Ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում»։

Նշենք նաեւ, որ այդ հաղորդաշարի ընթացքում Սասուն Խաչատրյանն ասել էր, թե զինված ուժերը ներքաղաքական խնդիրների լուծման նպատակով օգտագործելով՝ կատարվել է սահմանադրական կարգի տապալում, ինչի մեջ էլ մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ ՀՔԾ պետի՝ պատահական չէ, որ Մարտի 1-ի քրեական գործում այս հրամանը չի եղել: «Որովհետեւ այս հրամանն ինքնին մեղադրանքի շատ կուռ, շատ ամուր հիմք է: Միայն այս հրամանը խոսում է այն մասին, որ զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում՝ դրանք ներգրավվել են ոչ թե մարտի 1-ին, ինչպես իշխանություններն էին պնդում, երբ արդեն իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին....Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ իրականացնեին թշնամու թիկունքում: