Բալիստիկ հրթիռներ՝ Ճապոնիայի ուղղությամբ. Փհենյանի նախազգուշացումը

Բալիստիկ հրթիռներ՝ Ճապոնիայի ուղղությամբ. Փհենյանի նախազգուշացումը

Հյուսիսային Կորեան երեքշաբթի՝ նոյեմբերի 5-ի առավոտյան, կարճ հեռահարության առնվազն յոթ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել են Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ հանձնաժողովը և Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։ Սա Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների երկրորդ արձակումն է վերջին օրերի ընթացքում։

Սեուլի տվյալներով՝ հրթիռները թռել են մոտ 400 կիլոմետր։ Հարավկորեացի զինվորականները իրական ժամանակում վերահսկել են արձակումը` տեղեկատվություն փոխանակելով ճապոնացի և ամերիկացի դաշնակիցների հետ: 
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին իր հերթին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների արձակումը «վտանգում է մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը»։

Հավելենք, որ նոյեմբերի 3-ին Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ օդային վարժանքներ են անցկացրել։ Փհենյանի վերջին հրթիռի արձակումը կարող է դիտվել որպես «ուղիղ պատասխան» այս եռակողմ զորավարժություններին, գրում է AFP-ն՝ վկայակոչելով իր զրուցակցին: 

Հյուսիսային Կորեայից հրթիռի նախորդ արձակումն իրականացվել է հոկտեմբերի 31-ին։ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները «խստորեն դատապարտել են» ԿԺԴՀ-ի գործողությունները՝ դրանք անվանելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի բացահայտ խախտում»։