Թավշյա-2018-ը մոտենում է ավարտին

Թավշյա-2018-ը մոտենում է ավարտին
Նիկոլ Փաշինյան

Անցնող տարին բուռն էր Հայաստանի համար, թավշյա 2018-ը նշանավորվեց այնպիսի քաղաքական իրադարձություններով, որոնք նոր էջ բացեցին Հայաստանի պատմության մեջ․ լավ, թե վատ՝ ժամանակի քննությունը կպարզի։ Տարին սկսվեց տագնապալի սպասումներով՝ ով կլինի Հայաստանի ապագա վարչապետը, մի՞թե հայ ժողովուրդն անորոշ ժամանակով պիտի շարունակի մնալ «Սերժի լծի տակ», եւ ավարտվում է կրկին սպասումներով՝  ո՞ւր կտանի Հայաստանը Սերժից «ազատագրած» վարչապետը՝ իր փորձառություն չունեցող թիմով։ Տարեվերջյան մեր ամփոփիչ համարում առանձնացրել ենք անցնող տարվա քաղաքական առանցքային իրադարձությունները, որոնց, ի տարբերություն նախորդ առնվազն երկու տասնամյակների, մասնակից է եղել ՀՀ քաղաքացին՝ անելով իր քայլը։

«Անգլիական» նախագահ

Քաղաքական տարվա մեկնարկը տրվեց գարնանը․ մարտի 2-ին, պառլամենտական համակարգին անցում կատարած Հայաստանի խորհրդարանն առաջին անգամ նախագահ ընտրեց։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ընտրությունն անաղմուկ չանցավ։ Ընդդիմադիրները կասկածի տակ առան նախագահացուի լեգիտիմության հարցը, ոչ այն պատճառով, որ նրան Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն էին բերել, որ դարձնեին Հայաստանի «անգլիական թագուհի», այլ որ մինչեւ 2014 թվականը բրիտանացի նախագահացուն այդ երկրի  քաղաքացի է եղել, իսկ Հայաստանի Սահմանադրության պահանջով նախագահ կարող է դառնալ այն անձը, որը վերջին 6 տարիներին եղել է միայն ու բացառապես ՀՀ քաղաքացի: Արմեն Սարգսյանի պաշտպանյալներն էլ պնդում էին՝ 2011 թվականի դեկտեմբերից դադարեցվել է նրա քաղաքացիությունը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած խորհրդարանական փոքրամասնությունն էր միայն նպատակադրվել «փչացնել» Արմեն Սարգսյանի «տոնը», սակայն դա նրանց չհաջողվեց․ նախկին դեսպանը 7 տարի ժամկետով դարձավ պառլամենտական Հայաստանի առաջին նախագահը, իսկ թավշյա իրադարձությունների օրերին եւ դրանից հետո էլ՝ Փաշինյանի դաշնակիցը։ Նոր Հայաստանում ոչ մեկին այլեւս չի հուզում նրա լեգիտիմության հարցը։ Սերժ Սարգսյանի երբեմնի ընտրյալն իր դրական կերպարի շնորհիվ ընդունվեց ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլեւ հանրությունը սկսեց սիրել մանուկների հետ պաղպաղակ ուտող, ոտքով շրջող, իր դեմ բողոքողների հետ շուրջպար բռնող նախագահին։

Մերժիր Սերժին

Նախագահի ընտրությունից մեկ ամիս անց՝ ապրիլի 9-ին, լրացավ Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահության ժամկետը։ Մինչ այդ էլ որեւէ մեկի մոտ կասկած չկար, որ ապագա վարչապետը՝ պետության ղեկավարը կրկին դառնալու է Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ականները բարձրաձայնում էին նրա «անփոխարինելիության» մասին, զուգահեռ իրականությունում օրենքներ ընդունում՝ սահմանադրական նոր պահանջների համաձայն նրա՝ ապագա վարչապետի ձեռքերում կենտրոնացնելով իշխանական բոլոր լծակները։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  մարտի 31-ին մի քանի համախոհներով բողոքի քայլերթ սկսեց՝ Գյումրիից դեպի Երեւան։ Նա կոչ էր անում մարդկանց  համախմբվել, «մերժել Սերժին», թույլ չտալ, որ նա վարչապետ դառնա։ Փաշինյանը բոլորին իր օրինակով հորդորեց անել իրենց «քայլը», որը, սակայն, հաջողության հասնելու առումով հավատ չէր ներշնչում անգամ իր թիմակիցներին, իսկ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը մերժեցին փողոցային շարժումը՝ ընտրելով «երրորդ ճանապարհը»։ Ապրիլի 12-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, Փաշինյանն արդեն Երեւան վերադարձի ճանապարհին էր։

Ապրիլի 13-ին նրան մայրաքաղաքում ընդունեցին տասնյակ քաղաքացիներ, մեկնարկեցին բողոքի ակցիաներ ու քայլերթեր։ Պատկերը, սակայն, չէր հուսադրում, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի վարչապետական ցանկությունից։ Ապրիլի 17-ին  ցուցարարներից փշալարերով պաշարված խորհրդարանի շենքում նա ընտրվեց վարչապետ, սակայն բողոքի ձայնը չլռեց․ Նիկոլ Փաշինյանը չէր հանձնվում, չէր երկնչում, ասում էր՝ պատրաստ է անձնազոհության։ Ի վերջո,  համաժողովրդական ալիքի ճնշման ներքո նորընտիր վարչապետն ապրիլի 23-ին հրաժարական տվեց։ ՀՀԿ-ն Փաշինյանին մայիսի 8-ի մեկ տապալված փորձից հետո ընտրեց վարչապետ։ «Ծառուկյան դաշինք» եւ ՀՅԴ խմբակցություններն աջակցեցին «ժողովրդի թեկնածուին» եւ դրա դիմաց ստացան իրենց վարձը՝ կառավարությունում պաշտոններ։

Մերժիր Նիկոլին

Իշխանափոխության գրեթե առաջին օրերից բողոքի ակցիաներ սկսվեցին Երեւանում։ Մարդիկ պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, փողոցից իշխանությունը վերցնելու վարակը տարածվեց ողջ հանրապետությունում, համայնքներում քաղաքապետերի, գյուղապետերի դեմ բողոքի ակցիաներ էին, որոնց հաջորդում էին հրաժարականներ։
Հուլիսի 9-ին հեռացավ նաեւ Տարոն Մարգարյանը։ Սեպտեմբերի 23-ին նշանակվեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություն։ Սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանության եկածներն առաջին փորձությունը հաղթահարեցին տպավորիչ արդյունքներով՝ 80 տոկոս, թեեւ ունեին ոչ միանշանակ ընդունելի թեկնածու։ Իշխանության քաղաքապետացուն՝ դերասան ու շոումեն Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) քարոզարշավի ընթացքում աղմկոտ կիքսեր թողեց, դաշտը բաժանեց սեւերի ու սպիտակների, նրա խոսքին «տեր կանգնեց» Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ոմանց սպառնաց «փռել ասֆալտին», «ծեփել պատերին»։ Հիասթափության պահեր գրանցվեցին ժողովրդի իշխանությանն անվերապահ հավատացող շրջանակներում։
Քաղաքապետի ընտրություններից հետո Փաշինյանն արագացրեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի ցրումն ու արտահերթ ընտրության անցկացումը։ Դրժելով կառավարության ծրագրում տված խոստումը, որ արտահերթ ընտրություններ կլինեն Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո, Փաշինյանը որոշեց խորհրդարանն էլ ձեւավորել հետհեղափոխական էյֆորիայի բարձր դոզայի տակ։

Դա թույլ չտալու համար ԱԺ-ում ՀՀԿ-ին միացան Փաշինյանի դաշնակիցները՝ «Ծառուկյան դաշինք» եւ ՀՅԴ խմբակցությունները, որոնք ԱԺ կանոնակարգում փոփոխություններ նախաձեռնեցին, որպեսզի խորհրդարանը ցրելու գործընթացը խափանեին ու արտահերթ ընտրությունները հետաձգեին, մինչեւ կանցներ էյֆորիայի վտանգը։ Ի պատասխան՝ Փաշինյանն ուղիղ եթեր մտավ ու գուժեց «հակահեղափոխականների» պատրաստած դավադրության մասին, հազարավոր մարդկանց հավաքեց խորհրդարանի շենքի մատույցներում, նրանց առաջ բացեց ԱԺ-ի դարպասները, մտավ շենք՝ բանակցությունների, ապա դուրս եկավ՝ հայտարարելով, որ խորհրդարանական ուժերը վարչապետի իրենց թեկնածուին չեն առաջադրելու ու իրեն չեն խանգարելու։ Այդ ակցիայի ընթացքում «ազատվեց» կառավարության ծառուկյանական եւ ՀՅԴ-ական անդամներից։ Խորհրդարանը ցրելու նպատակով հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց։ Սահմանադրության համաձայն՝ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է երկու անգամ մերժեր նոր վարչապետի թեկնածուին, որից հետո ԱԺ-ն մեխանիկորեն կցրվեր։ Այդպես էլ եղավ՝ խորհրդարանը մերժեց Նիկոլին։ 

Նոյեմբերի 1-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովը ցրվեց՝ աշխատելով ընդամենը մեկուկես տարի։ Առաջին անգամ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին՝ դեկտեմբերի 9-ին, արդյունքում Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների 72,4%-ը, երկրորդ տեղում հայտնվեց Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», եռյակը եզրափակեց Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մնացած 8 կուսակցություններն ու դաշինքները չհաղթահարեցին անցողիկ շեմը։

Ընտրությունն ամրապնդեց «թավշյա հեղափոխության» հաղթանակը, որի նախաձեռնողները հիմա էլ տնտեսական հեղափոխություն են խոստանում։ Փաշինյանն ու նրա թիմն արդեն ունեն իշխանական բոլոր լծակները, նրանց խանգարող դավադիր ուժերը, ինչպես իրենք էին կանխատեսել, այսօր «պատմության աղբանոցում» են։ Ինչպես կօգտվի իշխանափոխություն իրականացրած ուժն այդ լայն հնարավորություններից, ցույց կտա ապագան։