Իմաստը․․․

Իմաստը․․․

Կարելի՞ է արդյոք առողջ հասարակություն համարել այն հասարակությանը, որը տենչում է ինչ-որ մեկին (անգամ եթե նա Լոխնեսյան հրեշն է) բանտում տեսնել, եւ երբ նրան ազատ են արձակում, ելնում-հեղեղում է փողոցները, պահանջում իշխանությունների հրաժարականն ու առհասարակ՝ իրեն դժբախտ է զգում, որ մարդը բանտում չէ։ Կարելի՞ է արդյոք առողջ համարել այն իշխանություններին, որը երկրի կյանքում ճակատագրական դերակատարում ունեցող մի հսկա համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը կապում է մեկ անձի խափանման միջոցի որոշման հետ եւ հանրությանը կոչ է անում արգելափակել ոչ միայն այդ անձին ազատ արձակած, այլեւ ընդհանրապես՝ բոլոր դատարանների դռները, անգամ հեռավոր Սյունիքի ու Վայոց ձորի։

Եվ բոլորովին հասկանալի չէ, թե ինչու են արգելափակում, ինչ է դա տալու՝ բացի դատավորների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուց։ Կարելի՞ է արդյոք ապրել, ստեղծագործել, աշխատել ու արարել մի երկրում, որտեղ վարչապետն ու կառավարությունը ոչ թե իրենց բուն պարտականություններն են կատարում, այլ երկրի ներքաղաքական կյանքն ապակայունացնող կոչեր, որը բնորոշ է այն քաղաքական ուժերին, որոնք իշխանության գալու նպատակ ունեն եւ իրենց ծրագրերը կյանքի կոչելու այլ միջոց չունեն, քան իշխանության գալն է։ Կարելի՞ է արդյոք նորմալ, քաղաքակիրթ պետության համարում ունենալ աշխարհում, եթե մեկ տարի շարունակ հեղափոխական իրավիճակ է տիրում երկրում, եւ բնակչության մի մասը զբաղված է փողոցներ փակելով, տարբեր հիմնարկների աշխատանքը կազմալուծելով եւ ոչինչ չստեղծելով, ոչինչ չկառուցելով։

Կգա՞ արդյոք նման երկիր որեւէ ներդրող, որեւէ միջազգային կառույց, կզարգանա՞ երբեւէ այդ երկրի տնտեսությունը, կվերադառնա՞ն արտագաղթածները, կուզենա՞ նոր սերունդն ապրել նման երկրում։