Ողբամ քեզ, հայ ժողովուրդ, ովքե՛ր են ուզում դառնալ տերերդ․․․

Ողբամ քեզ, հայ ժողովուրդ, ովքե՛ր են ուզում դառնալ տերերդ․․․

Իմ արժանապատվությունից ցածր էի համարում ՀՊՏՀ ռեկ­տորի ժամանա­կավոր պաշտո­նակատարի հրապարակումներին պատասխանելը, սակայն, որպեսզի ընթերցողները չհայտնվեն մոլորության մեջ, հարկ համարեցի համառոտ ներկա­յացնել նրա իրական դեմքը: 
1. Զավեշտալին այն է, որ 32 տարեկան ռեկտորի ԺՊ-ն հայտարարում է, թե նախ­կինները 30 տարի 100%-ով սուբյեկտիվ են աշխատել: Սուբյեկտիվիզմից խոսում է մեկը, ով այդ նույն ճչացող սուբյեկտիվիզմի արդյունքում 28 տարեկանում դարձել է տնտ. գիտ. դոկտոր, իսկ 32 տարեկանում՝ ռեկտորի ԺՊ: 

2. Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անպարկեշտությունը սահման­ներ չունի. նա բուհի մի խումբ դասախոսների անվանում է «անգրագետ», «կեղծ», «զավեշտալի», նրանց խորհուրդ է տալիս հայերեն սովորել և այլն: Նրա այդպիսի վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ նա շատ պահանջված աշխատող կարող էր լինել նախորդ դարի 30-ական թվականների ԽՍՀՄ ՆԿՎԴ-ի համար:

3. Նրա մատնանշած այդ «անգրագետ», «կեղծ» և հայերեն սովորելու կարիք ունեցող դասախոսներն են տարիներ շարունակ պայքարել կոռուպցիայի և անար­դարության դեմ, ուսման որակի բարձրացման համար, կարդացել պատշաճ որակի դասախոսություններ, բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները, սեփական ուսերի վրա տարել բոլոր տեսակի դժվարությունները, տեր կանգնել «ան­տեր» ու անպաշտպան, սակայն գիտակ ուսանողներին, վերջիններիս օժան­դակել ընդունվելու ասպիրանտուրա, պաշտպանելու թեկնածուական թեզ և նրանց համար ճանապարհ հարթել (թույլ տվեք ասել՝ հաճախ իրենց առողջության գնով), բարձր պահել մեր համալ­սարանի պատիվը: Այդ մե՞նք պետք է ուսանողներից ամաչենք: Այդ մե՞նք են եղել 30 տարվա սուբյեկտիվիզմի կրողները:

Ամաչե՛ք, պարոն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Եվ այդ բարոյական նկարագրով հավակնում եք ռեկտո՞ր դառնալ: Շատ ենք ափսոսում, որ ունեցել ենք նաև Ձեզ նման անշնորհակալ և պարկեշտության սահմաններն անցնող ուսանողներ: Համոզված ենք, որ Ձեզ նման ուսանողները, բարեբախտաբար, չնչին թիվ են կազմում (երևի թե՝ 1%): 

4. Ռեկտորի ԺՊ-ն, փաստորեն, նաև ստախոս է և երեսպաշտ: Մենք ընդամենը վիճարկում ենք ս/թ ապրիլի 30-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ընդունված «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը» և հիմնավորում, որ դա հակասում է ՀՀ գործող մի շարք օրենքներին և բուհի կանոնանադրությանը: Սակայն նա, փոխանակ հակառակը հիմնավորելու, վիրավորում և պիտակավորում է բուհի մի շարք դասախոսների: 

Մայիսի 17-ին  «Հրապարակ» օրաթերթին  տված հարցազրույցում ռեկտորի ԺՊ-ն նշում է. «Համապատասխան կարգը, որի մասին Դուք նշում եք, շատ երկար ժամանակ քննարկվել է տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, կատարվել են մի շարք շտկումներ, որպեսզի մենք կարողանանք ունենալ վերջնական և ավելի արդյունավետ աշխատող կարգ»:  

Սա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, քանի որ՝  ա) համալսարանի ամենակարևոր և առանցքային ստորաբաժանումներն ամբիոններն են, սակայն սույն կանոնակարգի նախագծի մասին բոլոր ամբիոնների անդամները տեղեկացվել են միայն կանոնակարգի ընդունումից հետո, բ) աշխատակիցների կողմից եղել են դժգոհություններ, իսկ համալսարանի մի քանի ամբիոններ ընդունել են միաձայն որոշում՝ դիմելու համալսարանի ղեկավարությանը սույն կանոնակարգի կիրարկումը կասեցնելու միջնորդությամբ:

Հունիսի 15-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում ռեկտորի ԺՊ-ն նշում է, որ թափուր պաշտոնների լրացումը կատարվում է «ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի» համաձայն: Ասվածը դարձյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերջինիս հայտարարած մրցույթը ոչ թե թափուր պաշտոնների համար է (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ), այլ ուսումնական դասընթացների, այսինքն՝ մրցույթին մասնակցողի համար անհայտ դրույքաչափի (պաշտոնի) համար:  
Ռեկտորի ԺՊ-ն հայտարարում է. «Հիմա մենք առաջին անգամ, ըստ էության, իրական մրցույթ ենք կազմակերպում, որից խուսափում են այն մարդիկ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է», և «որոնք սովոր են դասաժամեր ստանալ առանց մրցույթի»։ Եթե իրական մրցույթներ չեն եղել, նա ինչու՞ այդ մասին երբևէ չի բարձրա­ձայնել և շուրջ տասը տարի, խոնարհաբար ծառայելով «վերեւներին», առանց իրական մրցույթի դասավանդել է: Մենք միշտ էլ քննադատել ենք նախկին ռեկտորին, ով, խախտելով գործող օրենքները, դասախոսական կազմի թափուր տեղերի համար մրցույթ չէր հայտարարում, որպեսզի աշխատողներին կախվա­ծության մեջ պահեր: Միշտ էլ կողմ ենք եղել արդար մրցակցությանը և այդ մասին, ի տարբերություն իրեն, մշտապես բարձրաձայնել ենք, որի պատճառով հաճախ հալածվել ենք:

5. Մտահոգիչ են նոր կանոնակարգով նախատեսված մրցութային հանձնա­ժողովի կազմը և նրա անդամներին ռեկտորի ԺՊ-ի կողմից «շնորհված» անսահմանափակ լիազորությունները: Բուհի վարկանշի բարձրացման անվան տակ, ըստ էության,   1937 թ. «տրոյկան» համալսարանում գործելու է «պյատյորկայով»: Հարկ ենք համարում ընդգծել ռեկտորի ԺՊ-ի դրսևորած ամենամեծ զավեշտը. նա միանձնյա կազմել է 5 անձից բաղկացած հանձնաժողով, որի կազմում են տվյալ ամբիոնի վարիչը (ով միակ մասնագետն է հանձնաժողովում), տվյալ ֆակուլտետի դեկանը, իսկ կորիզը՝ «տրոյկան», ներկայացնում են բուհի մարդկային ռեսուրսների կառա­վարման (կադրերի) բաժնի պետը, որակի բաժնի մեկ աշխատակից, վարչա­տնտեսական և կազմակերպական բաժնի մեկ աշխատակից. անձինք, որոնք անգամ հետբուհական կրթություն չունեն, սակայն, փաստորեն, ունեն գիտության դոկտոր­ներին ու թեկնածուներին «վեթինգելու» և նրանց գիտական մակարդակը որոշելու իրավունք: Մինչդեռ, ըստ կրթական ոլորտը կարգավորող օրենքների, բուհում գիտաման­կավարժական պաշտոնների մրցույթի անցկացման իրավասությունը բուհի և նրա ֆակուլտետների գիտական խորհուրդներինն է: 

Դիմում եմ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին, ինչպես նաև մեր բուհի շրջանավարտներին, հայցում նրանց աջակցությունը՝ կասեցնելու նման մարդկանց՝ ՀՊՏՀ ռեկտորի պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու հավակնությունները:   

Հովսեփ Աղաջանյան
Տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր