Վառելիքով բարձած վագոնների վթարն ու հրդեհը, հնարավոր է, կազմակերպված են եղել

Վառելիքով բարձած վագոնների վթարն ու հրդեհը, հնարավոր է, կազմակերպված են եղել

Չի բացառվում, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Թումանյանի տեղամասում հուլիսի 29-ին լույս 30-ի գիշերը բռնկված հրդեհը կազմապերպված է եղել ինչ-ինչ անձանց կողմից։

Այս վարկածը քննարկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում պատահարի կապակցությամբ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀԿԵ մեր աղբյուրը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, լուսաբացին մոտ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Թումանյանի կայարանի մոտակայքում գծերից դուրս են եկել վառելիքով բեռնված 7 վագոններ, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից, հրդեհը մարվել է առավոտյան 07:30-ի կողմերը։ Զոհեր չեն եղել։ Դեպի Բաթումի ուղևորվող գնացքը մոտ 20 ժամ կանգնեցրել են, մինչը որ վթարված գծերը նորոգվել են: 
Այրված վառելիքը պատկանում է «CPS oil քորփորեյշն» ընկերությանը։  

Այժմ «երկաթուղում» ներքին հետաքննություն է անցկացվում վթարի պատճառները պարզելու համար։ «Պարզելուն պես կտեղեկացնենք հանրությանը։ «Այս օրերին վերականգնվում է ենթակառուցվածքը, որ հետագայում խնդիրներ չլինեն», - հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ -ից։ Քննարկվե՞լ է արդյոք ահաբեկչության վարկածը, հարցին երկաթուղու գրասենյակից պատասխանեցին․ «Ոչ մի վարկած չի կարելի բացառել»։ 

Երկաթգծում ոմանք համարում են, որ հրդեհը կարող էր լիներ ահաբեկչական ակտ ռուսական ընկերության և երկաթգծի հեղինակության դեմ, որ վթարը կարող էր կազմակերպված լինել, ցույց տալու համար, որ ՀԿԵ-ի իրականացրած բեռնափոխադրումները անվտանգ չեն։  

Բանն այն է, որ ցիստերններով բարձած էլեկտրաքարշակների վագոնների անկում է տեղի ունեցել ռելսի վրայից, և այս հանգամանքը տարօրինակ է, քանի որ այդ տեղամասում գծերը նորոգված են ու ամբողջությամբ փոփոխված։ «Թումանյանը» երկաթուղու առավել բարվոք վիճակում գտնվող տեղամասերից է։ Այստեղ բարձր արագություն կարելի է զարգացնել, սակայն, ըստ աղբյուրը, ցիստերներով բարձված վագոնները դանդաղ են սլացել։ 

Մյուս կողմից երկաթգծի այս հատվածի առանձնահատկությունը հասանելիությունն է։ Մարդիկ կարող են հանգիստ մոտենալ գծերին։ Ահա ինչու ընկերությունում հակված են կարծելու, որ ինչ-որ մեկը նպաստել է, որ էլեկտրաքարշակի վագոնները դուրս գան գծերից։  

Ի վերջո, բավական է մեկ մետաղյա ձող տեղադրել երկու ռելսերի արանքում, և վագոնի անկումը գծից անխուսափելի է։