Ես մեղավոր եմ համարում այն մադկանց,  որոնք ձեւավորել են էնպիսի մթնոլորտ, որից բխել է Լեւոն Երանոսյանի գործողությունները․ գործով տուժող

Ես մեղավոր եմ համարում այն մադկանց,  որոնք ձեւավորել են էնպիսի մթնոլորտ, որից բխել է Լեւոն Երանոսյանի գործողությունները․ գործով տուժող

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը: Նիստին Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց, որպեսզի դատարանում որպես վկա հարցաքննվեն Նիկոլ Փաշինյանը, Վալերիյ Օսիպյանը եւ Հունան Պողոսյանը:

Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց տուժողներից Յուրա Սողոյանը, որն ավելի շուտ գործի վերաբերյալ իր դիրքորոշումն էր արտահայտում: 
«Վերցված է մի դրվագ անցած տարվա իրադարձություններից, եթե դուք կայացնեք ի վերջո դատավճիռ, ես բավարարված չեմ զգա, որովհետեւ ես չեմ համարում, որ Լեւոն Երանոսյանն է հրաման տվող եղել կոնկրետ էս դրվագի հետ կապված: Ինքը կատարել է հրաման կամ չի կատարել հրաման, նա կատարել է գործողություն, որը բխել է տրամաբանությունից, որը ձեւավորված է եղել մեր պետության մեջ: Ես մեղավոր եմ համարում այն մադկանց, որոնք ձեւավորել են էնպիսի մթնոլորտ, որից բխել է Լեւոն Երանոսյանի գործողությունները եւ մյուս զինծառայողներինը: Ես կցանկանայի այստեղ գտնվեին մարդիկ, որոնք պատասխանատու են այդ մթնոլորտի ձեւավորման համար»,- դատարանում հայտնեց տուժողը:

Նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը խնդրեց հստակեցնել կարծիքը միջնորդության վերաբերյալ, տուժողը նշեց․ «Ես ուղղակի հայտարարություն արեցի եւ իմ տեսակետը հայտնեցի դատարանին»:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: Երանոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում: