Ինչո՞ւ է անկում գրանցել Պուտինի վարկանիշը

Ինչո՞ւ է անկում գրանցել Պուտինի վարկանիշը

Նոր տարուց հետո առաջին անգամ Հանրային կարծիքի համառուսաստանյան կենտրոնի իրականացրած հարցումները ցույց են տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է շեշտակի անկում գրանցել։ Նրան վստահում է հարցվածների 33,4 տոկոսը, այն դեպքում, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի դրությամբ վստահության ցուցանիշը 36,5 տոկոս էր։ Սա 2006 թվականից սկսած ամենից նվազագույն շեմն է, որը գրանցվել է ՌԴ գործող նախագահի վարկանիշում։ Մինչեւ անցյալ տարվա աշուն Պուտինին վստահում էր հարցվածների 37,4 տոկոսը։

Ռուսական «Վեդոմոստին» գրում է այս առնչությամբ, որ Պուտինի գործողություններին հավանություն տվողների թիվը եւս նվազում է, եւ 64,6 տոկոսից այն հասել է 62,1 տոկոսի։ Պարբերականը փաստում է, որ այսպիսով Պուտինի վարկանիշն այլեւս դադարել է լինել անխոցելի։ Վարկանիշի անկման պատճառներ են համարվել Ավելացված արժեքի հարկի բարձրացումը, տարիֆների թանկացումը։

Ըստ սոցիոլոգ Գրիգորի Կերտմանի, շատերն էլ ամփոփում են տարին եւ հիշում կենսաթոշակային բարեփոխումները։ «Մարդիկ երկար արձակուրդներ ունեն։ Հնարավորությունները շփվելու եւ քննադատական խոսք լսելու, ավելի մեծ է»,- նկատել է մասնագետը։ Ուսումնասիրությունն իրականացրած կենտրոնի ղեկավար Վալերիյ Ֆեդորովն էլ կարծում է, որ իրականում չկա որեւէ վստահության քվեի փլուզում այլ կա հետեւողական նվազում, որը սկսվել է անցյալ տարվա կենսաթոշակային բարեփոխումներով։ «Չկան լավ նորություններ, որ կյանքը փոխվում է դեպի լավը։ Մի քանի տարվա ճգնաժամից հետո սպասելի էր, որ պետք է նման հայտարարություն լիներ, աշխատավարձները պետք է ավելանային, թոշակները նույնպես, իսկ դրա փոխարեն եղան վատ լուրեր՝ գները թանկացան, կենսաթոշակային բարեփոխումները մեջտեղ եկան»,- նկատում է Ֆեդորովը։

Սոցիոլոգը կարծում է, որ նույնիսկ այս տարի մարդկանց տրամադրություններն ամանորի տոներին առաջվանը չէին եւ պետք է քայլեր արվեն այսպես ասած՝ մարդկանց տրամադրությունների «գլոբալ տաքացմանը» ուղղված։ Քաղաքագետ Ալեքսանդր Պոժալովն էլ կարծում է, որ մարդիկ մարզապես հիասթափված են պետության սոցիալական քաղաքականությունից, իշխանությունների՝ արագ եւ տեսանելի բարելավման ապահովման անկարողությունից։ Պոժալովը չի բացառում, որ կենսաթոշակային բարեփոխումներից հետո քաղաքացիները իրենց դժգոհությունները պարզապես սկսել են հասցեագրել նախագահ Պուտինին եւ ոչ թե իշխանության՝ ավելի ներքեւ գտնվող օղակներին։ Քաղաքագետ Նիկոլայ Պետրովն էլ կարծում է, որ տեղի է ունենում հասարակության եւ իշխանության օտարացում եւ մարդիկ այլեւս նախկինի նման չեն ապավիում նախագահի իշխանությանը։

Ըստ էության տեղի է ունենում Պուտինի «ապաաստվածացում։ Եթե նախկինում նա միայն հաջողություն եւ փառք էր բերում երկրին, ապա այսօր դարձել է մարդ, ով պատասխանատու է խնդիրների համար եւ հիմնականում նրա վրա է  կուտակվում կառավարության հանդեպ եղած նեգատիվը։ Փորձագետները կարծում են, որ Կրեմլը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ այն ինչ հիմա կատարվում է, կարող է ազդել 2024-ի ընտրությունների վրա, քանի որ վարկանիշը նվազում է ոչ միայն քաղաքացիների աչքում, այլ նաեւ՝ էլիտաների։