Դրվագներ Հայ-ասորական եկեղեցական փոխհարաբերություններից

Դրվագներ Հայ-ասորական եկեղեցական փոխհարաբերություններից

Քաղկեդոնի տիեզերաժողովից (451) և ընդհանրական եկեղեցու առաջին մեծ պառակտումից հետո դավանաբանական ու կրոնածիսական խնդիրները մշտապես եղել են հայ քաղաքական և դիվանագիտական մտքի առանցքային բաղադրիչները։ Մինչև 15-16-րդ դարերը հայ քաղաքական շրջանակների և «արևմուտքի» միջև դիսկուրսը կառուցվել է հենց այս հիմքի վրա։ Դա իրենից ենթադրում էր վիճարկելի հարցերի մի ամբողջական փաթեթ՝ Առաքելական եկեղեցուն քաղկեդոնականություն պարտադրելուց, եկեղեցիների միավորման քննարկումներից մինչև Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելն ու պատարագի ծեսում փոփոխություններ իրականացնելը։ Մի խոսքով՝ այս դիսկուրսն ավելի քան հազար տարի տիրապետող է եղել և հայկական միջավայրում ունեցել ինչպես մոլի պաշտպանների, այնպես էլ մոլեռանդ հակառակորդների կուսակցություններ։

Բայց հիմա սա չի քննարկման թեման, այլ՝ հայ և ասորի (հակոբիկյան) եկեղեցիների փոխհարաբերությունները։ Փաստացի պատմական ինչ-որ շրջափուլերում հայ և ասորի եկեղեցիների փոխհարաբերությունները գրեթե նույն բնույթն ունեին, ինչ հայ և Կաթոլիկ/բյուզանդական եկեղեցիների փոխհարաբերությունները։ Ասորական եկեղեցում նույնպես լայն դիսկուրսի առարկա է եղել հայ եկեղեցու հետ միավորման հարցը, գործընթաց, որն ունեցել է ինչպես իր պաշտպաններին, այնպես էլ հակառակորդներին։ Արժե նկատել, որ ի տարբերություն Կաթոլիկ, Ուղղափառ և հայ եկեղեցիների փոխհարաբերությունների, հայ-ասորական շփումները շատ ավելի դյուրին էին, քանի որ վերջին երկուսը դավանաբանական լուրջ խնդիրներ չունեին, այն է՝ երկուսն էլ մերժում էին Քաղկեդոնի տիեզերաժողովն ու պայմանականորեն տեղավորվում էին միաբնակության շրջանակներում։ Պայմանականորեն, քանի որ Հայ առաքելական եկեղեցին հրաժարվում է ինքն իրեն միաբնակ համարել՝ խուսափելով Եվտիքեական հերձվածի հետ նույնականացվելու մեղադրանքից։

Ընդհանրապես դավանաբանական թեմաներով հակաճառական աշխատությունները միջնադարին բնորոշ երևույթներ են։ Հայ միջնադարյան մատենագրության մեջ դրանց թիվն ահռելի է, որոնք հիմնականում ուղղված են Կաթոլիկ և բյուզանական եկեղեցիների դեմ։ Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ ասորական եկեղեցում էլ են նմանատիպ աշխատություններ ստեղծվել, ինչպես Կաթոլիկ և բյուզանդական, այնպես էլ Առաքելական եկեղեցու դեմ։ Հայ եկեղեցու դեմ թշնամական դիրքավորմամբ հատկապես հայտնի է 12-րդ դարի մատենագիր Դիոնիսիոս Բար Սալիբին, որի գրչին է պատկանում «Հակաճառություն հայոց դեմ» երկը։ Այն հայերեն է թարգմանել Հ․ Պ․ Էսապալյանը։ Հիշեցնենք, որ 12-րդ դարում եկեղեցիները ակտիվ բանակցությունների մեջ էին գտնվում, իսկ մատենագիրը ըստ էության «հակահայկական» կուսակցության ներկայացուցիչներից էր։

Կարծում եմ ընթերցողների համար հետաքրքիր կլինի, եթե այդ երկից մի հատված մեջբերենք, որը օգտագործված է Ա․ Բոզոյանի «Բյուզանդիայի Արևելյան քաղաքականությունը և Կիլիկիան Հայաստանը» մենագրության մեջ (Բոզոյան Ա․ Ա․, Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկիան Հայաստանը, 1988, Երևան, էջ 43)։

Ահա այդ հատվածը․ «440 տարի առաջ հայերը Սիւրիոյ երկիրը մտան, մեր հողը, մեր վանքերը, եւ գիւղերը բռնեցին, երբ մեր պատրիարքն էր մար Աթանաս, որ Յունաց 1037 թուականին՝ Հայոց և անոնց Յովհաննէս կաթողիկոսին հետ ներքին Մանազկերտի մեջ միութիւն ըրավ։ Այն ժամանակ ասոնց թագաւորութիւնը բարձուած էր եւ պարսիկները կիշխէին հոն։ Հայերը սկսան կամաց-կամաց Հայաստանէն Սիւրիա իջնալ, եւ երբ Աթանասիոս պատրիարքը տեսաւ թէ Սիւրիա իջնողները՝ չունենալով քահանայ կամ եպիսկոպոս, քաղկեդոնականներու կամ Յուլիանու աղանդաւորներուն կը միանային՝ Յովհաննէս կաթողիկոսին տեղեկացուց, եւ Յովհաննէս երկու եպիսկոպոս ղրկեց, որոնք Սիւրիա իջնող բոլոր հայերն ընդունեցան, եւ մեր պատրիարքը Յովհաննէս՝ սահմանի վրայ վանք տուաւ, հոն ասորի և հայ մանուկներ դրաւ, որոնք երկու գրականութիւն ալ սորվեցան եւ վարդապետներու գործերը ասորերենէ հայերէնի թարգմանեցին։ Մեր պատրիաքրին եւ անոնց Յովհաննէս վախճանելէն ետք՝ անարգեցին պայմանները եւ յարձակեցան մեր ժողովուրդին վրայ։ Եւ ոչ իսկ Հայաստանի հայերու լեզուն կը նմանի հոստեղացիներուն․ ասոնց լեզուն կը նմանի ասորերէնի եւ մօտ է մեր բարբառին։ Եւ յետոյ կամաց կամաց գրաւեցին մեր եկեղեցիները եւ Սեւ լերան վանքերը, եւ մեր օգնութեան փոխարէն եղան մեր հակառակորդները»։

Ի դեպ անհրաժեշտ է նորից շեշտադրել, որ ասորական եկեղեցում կային նաև լրիվ հակառակ տեսակետ ունեցող եկեղեցական գործիչներ, որոնք շատ ավելի հանդուրժող և բարեկամանական վերաբերմունք ունեին Առաքելական եկեղեցու և տեղի հայկական բնակչության նկատմամբ։ Ինչ վերաբերում է Բար Սալիբիի վկայություններին, ապա իսկապես հայ եկեղեցին իր պատմության ամբողջ ընթացքում բավականին կոշտ և աննահանջ, երբեմն էլ նաև ագրեսիվ քաղաքականություն էր իրականացնում իրենից ավելի թույլ քաղաքական ազդեցություն ունեցող եկեղեցիների նկատմամբ։ Այս պարագայում կոնկրետ 12-րդ դարում հայկական եկեղեցին իր թիկունքում ուներ տարածաշրջանի ազդեցիկ հայկական իշխանություններին՝ Գող Վասիլից մինչև Ռուբինյաններ։