Բլոկադայի մեջ նստած ենք, էլի․ Որոտանի բնակիչ

Բլոկադայի մեջ նստած ենք, էլի․ Որոտանի բնակիչ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ բացի Գորիս-Կապան ճանապարհի հատվածում Ադրբեջանի ֆիզիկական ներկայությունից, դրա արդյունքում 3 գյուղեր հայտնվել են շրջափակման մեջ՝ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը։ Ճակատենում էլ վիճակը մի բան չէ, քանի որ այնտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիներ և «գիշերն էլ անհասկանալի բաներ են» տեղի ունեցել։
Ինչպես է լուծվել կամ լուծվելու Որոտանի սննդի, դեղորայքի այլ հարցը։ Կամ, Աստված մի արասցե, մարդ է, վատանում է, հիվանդի տեղափոխման խնդիր կա։

Գորիսի փոքխաղաքապետ Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Չեմ կարող ասել։ Էսօր հացի մեքենա՝ հացամատակարար մասնավոր ընկերության չի գնացել, մենք կազմակերպել ենք, Գորիսի համայնքապետարանը, հաց են տարել բնակիչներին, հասցրել են, իսկ թե հետո ինչ է լինելու, չեմ կարող ասել»։  Իրինա Յոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տևական ժամանակ է՝ խոսում են, ահազանգում, որ րոպե առաջ անհաժեշտ է այլընտրանքային ճանապարհի հարցով աշխատանք տանել, որովհետև դրանք անտառմիջյան ճանապարհներ են և դժվարանցանելի են։ «Բայց փաստն այն է, որ էնքան ձգվեց, որ եկանք հասանք ձմեռնամուտ, իսկ էս պայմաններում դեռ հողային աշխատանքներն են անում։ Այսինքն՝ ճանապարհը դեռևս գրունտային չէ և բարձր մեքենաների համար խնդիր է»,-ասաց Իրինա Յոլյանը։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը մեծ լավատեսությամբ խոսում էր ճանապարհների լավարկման մասին։ 

Գորիսի փոխքաղաքապետին հարցրինք՝ այնուամենայնիվ, այս գիշեր մաքսակետերի տեղադրումն անակնկա՞լ էր, թե՞ ոչ, որովհետև, թեև մեկ տարի շարունակ այս մասին խոսվում է, մարդիկ, տեղեկանալով՝ շոկի մեջ ընկան։ Իրինա Յոլյանն ասաց, որ այդ տարածքում իրենք տևական ժամանակ է՝ շինարարություն էին անում, բայց ոչ ոք չգիտեր, ինչ նպատակով է սարքվում։ 

«Հիմա գուցեև այդ շենքը ծառայի որպես մաքսատուն։ Ընդհանուր այդ տեղի ունեցող զարգացումերի մասին մենք երկար ժամանակ է ահազանգում ենք։ Հիշում եք՝ ամենասկզբից, երբ քարեր էին նետում, ժեստեր էին ցույց տալիս,հետո ոստիկանական անցակետ եղավ։ Այսինքն՝ անընդհատ տեղի էր ունենում պրոցես, որը վստահ էինք, որ լավ բանի չի բերելու։ Բայց ամեն օր բախվում ենք դառը իրականության հետ»,-ասաց նա։

Ցավոք, գյուղապետ Սուրեն Օհանջանյանի հետ խոսել չհաջողվեց․ նրա նախկին հեռախոսահամարը չկա, չի գործում, կապի այլ միջոցներով է խոսում, հաշված մարդիկ ունեն համարը, չեն կարող փոխանցել։ Որոտանի մեկ այլ բնակիչ, որի անուն-ազգանունը չենք հայտնում վերջինիս անվտանգության նկատառումներով, մեզ ասաց՝ «բլոկադայի մեջ ենք, վսյո, էտ ա» ։  Մեր բոլոր հարցերին տղամարդը պատասխանեց․ «Երևանի՞ց եք խոսում։ Էդ ա, էդ բոլոր հարցերը ըտեղ տվեք, պատասխանները կստանաք։ Ցտեսություն Ձեզ»։

Ճակատենի գյուղապետ Արա Հարությունյանն էլ  ասաց, որ իրենք շրջափակման մեջ չեն, ապա ավելացրեց․

«Դեռևս։ Տեսնենք, էլի, տեսնենք ոնց կլինի, ընդհանուր նորմալ է, ես էսօր անձամբ 2 անգամ գյուղ եմ գնացել, եկել, գիշերն էլ։ Նորմալ ա՝ պատրաստ, զգոն, սպասում ենք․․․․ ինչ-որ մի բանի»։

Արդյոք անակնկա՞լ էր մաքսակետերի տեղակայումը։ Գյուղապետն ասաց․ «Որոտանը կոնկրետ ինձ համար, հա, շատ»։
Նա ավելացնում է․«Հիմա ես ուզում եմ Կապանից գամ Երևան, հիմա ես փող պետք է մուծեմ, որ գամ Երևան, մտնեմ Ադրբեջան, պասպորտիս մեջ չգիտեմ ինչ խփեն։ Ես կյանքում էդտեղով կգնա՞մ։ Իհարկե՝ ոչ»։ Կգնա Տաթևի ճանապարհով, բայց չգիտի, թե դրանք ձմեռը ոնց են աշխատելու։«Պրոբլեմի առաջ ենք կանգնում միանշանակ, բայց սովորական մարդատար մեքենաները․․․ ծանր ճանապարհ է, բայց ճարներս ինչ է։ Էդ ա։ Ինչ ունենք, էդ ա։ Թե ինչ կլինի վաղը առավոտը, կամ մեր խոսալու ընթացքում չեմ կարող ասել։ Կամ խի՞ են տալիս, կամ ով ա տալիս, չենք հասկանում։ Ես երեկ գիշերն իմացա, որ Շուռնուխը փակ ա, էսինչ գիշերն էլ կարանք իմանանք, որ էսինչն է փակ։ Չեմ կարա ասեմ, ոնց կլինի»,-ասում է Արա Հարությունյանը։

Նա, այնուամենայնիվ, լավատես է, ասում է․ «Սյունիքը ոնց կարա կտրվի, Սյունիքը որ կտրվեց, ինձ թվում է՝ Երևանը պտի մտածի դուրս գա դեպի Ռուսաստան։ Բայց չենք թողնի, որ կտրվի։ Մենք զգոն կանգնած ենք, մենք մի թիզ էլ ստեղից հող ոչ կարանք տանք, ոչ էլ ․․․ կամ ինչքան տվեցինք․․․»։