Բանակցությունների ձեւաչափը փոխվու՞մ է
Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե կա կրեատիվ գաղափաներ առաջադրելու անհրաժեշտություն, եւ փորձագետները ներկայումս աշխատում են այդ ուղղությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Նախկին գաղափարներն սպառվա՞ծ են:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքում անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի՝ Հայաստանի հետ փոխըմբռնման հասնելու մասին հայտարարությանը եւ ասել, որ եթե Բաքուն գտնվում է բանակցություններին պաշտոնական Ստեփանակեերտի մասնակցությունն ընդունելու ուղու վրա, եթե պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, ապա կարելի է խոսել առաջընթացի հավանականության մասին:
Ըստ էության, Արցախը եւս մեկ անգամ սահմանել է կարգավորման իր տեսլականը: Այդ առթիվ ադրբեջանական կողմը որեւէ արձագանք դեռեւս չի հնչեցրել: Փոխարենը Բաքվից տեղեկատվություն է ստացվել, որ տեղի է ունեցել ԼՂ «ադրբեջանական համայնքի համագումարը»: Քննարկվել է կազմակերպական հարց: Պաշտոնանկ է արվել այդ կառույցի երկարմյա ղեկավար Բայրամ Սաֆարովը: Նոր ղեկավար է ընտրվել Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից Թուրալ Գյանջալիեւը՝ երկու տեղակալով՝ Ասիֆ Ջահանգիրով եւ Էլչին Ահմեդով: Ովքե՞ր են այս վերջին երկուսը՝ հայտնի չէ: Ուշագրավ է, որ ԼՂ «ադրբեջանական համայնքի ղեկավար» է ընտրվել պրոֆեսիոնալ դիվանագետ: Նրա նախորդը խորհրդային տարիներին Շուշիում զբաղեցրել է երրորդական կարգի տնտեսական պաշտոն եւ հայտնի է իր գործարարական հատկանիշներով:
Նրան է պատկանում Բաքվի «Շուշա» ռեստորանային համալիրը: Կադրային այդ փոփոխությունը կարող է ազդանշանային լինել: Բացառված չէ, որ քննարկվում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը: Այս դեպքում Բաքուն ունի պահեստային տարբերակ՝ բանակցություններին մասնակից դարձնել նաեւ ԼՂ «ադրբեջանական համայնքի ղեկավարին»: Եւ եթե այդ պաշտոնին ընտրվել է պրոֆեսիոնալ դիվանագետ, ապա կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն նախապես իրեն ապահովագրում է, որպեսզի հնարավոր զարգացումների դեպքում առաջադրի իրավասու մարդու բանակցություններին ներգրավելու խնդիր:
Կարծիքներ