Երևան-Գյումրի երթուղու համար Հայաստան է բերվելու նոր էլեկտրագնացք

Երևան-Գյումրի երթուղու համար Հայաստան  է բերվելու  նոր էլեկտրագնացք

Մեր տեղեկություններով  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2019 թվականի առաջին եռամսյակում Երևան-Գյումրի-Երևան երթուղիով նոր էլեկտրագնացք է գործարկելու: Պ2Դ բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվելու մոտ օրերս: Ընկերության աշխատակիցների խոսքերով մարտ կամ ապրիլ ամսին գնացքը իր առաջին չվերթը կիրականացնի: «Անցյալ տարի բերված նոր էլեկտրագնացքը արդարացրեց ընկերության ղեկավարության հույսերը: Սկզբում ուղևորների պակաս կար, բայց հիմա տուրիստական կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ կան,եւ գործերը լավ են» ,-ասաց երկաթուղու աշխատակիցը՝ նշելով, որ այս էլեկտրագնացքը նախորդ տարի բերված էլեկտրագնացքից առանձնապես չի տարբերվելու : Ինչպես նախորդը, սա էլ  հարմարեցված է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։ Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի մոտ 130 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi։

Հիշեցնենք, որ 1-ին նոր  էլեկտրագնացքը Հայաստան էր բերվել 2017թ-ին, երթուղի էր դուրս եկել 2018թ-ի մարտ ամսին: Երևանից Գյումրի է հասնում 2 ժամում, ուղեվարձը 2500դրամ է, գնացքը Երևանից Գյումրի է մեկնում եւ վերադառնում  ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին: Մեր տեղեկություններով այն Հայաստան էր բերվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ընկերության միջև ձեռք բերված համաձայնագրով ,  եւ արժեր մոտ 2մլն 700հզր դոլար: