Ահավոր տեսարան էր, պարոն վարչապետ․․․

Ահավոր տեսարան էր, պարոն վարչապետ․․․

Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․  

«Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...»։

Ի՜նչ պատկերավոր է ասում, այնքա՜ն պատկերավոր, որ աչքիս առաջ հառնում են իր նշանակած պաշտոնյաները։ Գիտեինք, թե սրբեր է բերում, ուսանողական նստարաններից՝ սրբեր․․․ Մարդիկ սփոփում էին իրենց՝ ոչի՜նչ որ փորձ չունեն, ոչի՜նչ որ չեն տիրապետում պետական կառավարմանը, կարևորն այն է, որ մաքուր են։ Եկա՜ն ու․․․

Տեսա՞ք, թե ինչպես պաշտոն ստացածները հարձակվեցին առաջին իսկ  որսի վրա։ Ահավոր տեսարան էր, պարոն վարչապետ։ Երբ հրապարակում էին նրանց պարգևատրությունների չափը, մարդիկ ցավից գոռում էին։  Այդ ո՜նց էին խմբով հարձակվել․․․

Գլխի, մտածողության  աղքատությունը դա է։ Ինչքան էլ հարստանան նրանք, միևնույն է, նրանց մտածողությունը մնալու է աղքատի մտածողություն։

Աղքատությունը իրենց գլխում պիտի հաղթահարեն այն մարդիկ, ովքեր բախտի բերմամբ , թե պատահմամբ հայտնվել են  պաշտոնների ռելսերին ու չգիտեն՝ հավն ուտեն, ճուտն ուտեն, թե կուտն ուտեն։ Ովքեր 20 աստիճան միանգամից են թռել, ովքեր իրավիճակային պայմաններում են պաշտոնների հասել ու գործում են՝ ելնելով իրավիճակից։

Բարեբախտաբար հայ ժողովուրդն ընդհանրական առումով այդպիսին չէ։

Արցախյան պատերազմի տարիների դառը շունչը չգիտեմ ինչպես է զգացել վարչապետը, բայց սահմանամերձ գոտում ապրողներս մեր մաշկի վրա ենք զգացել՝ ապրել  գնդակոծության տակ ու կարողացել ծայրահեղ ծանր տնտեսական  պայմաններում օգնել կամավորներին։ Բանակ դեռ չունեինք, նրանց հիմնականում կերակրում էր աղքատ ժողովուրդը։ Ամեն օր դիրքեր ուտելիք էինք տանում, ուղարկում։ Միսն անպակաս էր։ Օգնում էին՝ ով ինչով կարող էր, մի տուն էինք դարձել, մի ընտանիք։ Ոչ մեկը չէր հիշում, որ ինքը աղքատ է։ Մոր նման, երբ զավակը ուտում, ինքը կշտանում էր։

Մի օր  գնացինք կամավորների ճաշը վերցնելու, որ դիրքեր տանենք։  Ահռելի մեծությամբ կաթսա էր։ Ճաշ պատրաստողի երեխաները վառվող աչքերով նայում էին կաթսայի գոլորշուն ու լիզում պռոշները։ Ասացի՝ երեխաների համար մի քիչ ճաշ վերցրու։ Ճաշ պատրաստողը վիրավորվեց՝ ո՞նց, կռվողի ճաշի՞ց․․․

Այ սա է իմ ժողովուրդը։ Նա իր գլխում վաղուց հաղթահարել է աղքատությունը։ Եթե այդպես մտածեին նորեկ պաշտոնյաներդ, կասեին՝ էս սոված ժողովրդի փողից ո՞նց կտրենք․․․

Ընդհանրական առումով մեր ժողովուրդը հպարտ է, նա վաղուց է իր  մտածողության մեջ  հաղթահարել աղքատությունը։ Նրան ընդամենը պետք է տնտեսական աջակցություն․ պետք չէ հոգեբան՝  աղքատությունը մտածողության մեջ հաղթահարելու համար։