Ուզում եմ մեր սիրելի վարչապետին ասել, որ «Փոքրիկ երգիչներն» այսօր իրենց անտեր են զգում

Ուզում եմ մեր սիրելի վարչապետին ասել, որ «Փոքրիկ երգիչներն» այսօր իրենց անտեր են զգում

Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Արամի 23 հուշարձան-շենքի եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։ Երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը հիշեցնում է՝ ուղիղ 6 ամիս առաջ փլուզվեց շենքի մի հատվածը, եւ առայսօր որեւէ բան չի արվել։

Նա ընդգծում է՝ այսօր միաժամանակ առկա է 2 խնդիր․ առաջինը «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի անորոշ վիճակն է, չնայած կառավարության եւ փոխվարչապետի մակարդակով խոսվեց, որ պետք է երգչախմբի համար գտնել համապատասխան տարածք՝ վարձակալել այն, մինչեւ շենքը վերականգնվի։ «Առայսօր մենք անորոշության մեջ ենք, «Էյ Էմ Սի» ընկերությունը չի ուզում մեզ հետ կնքել պայմանագիր, այսինքն՝ մենք չունենք ոչ մի երաշխիք մեր երգչախմբի ապագայի համար եւ չգիտենք՝ ինչքան պետք է սպասենք։ 2-րդ խնդիրն Արամի 23-ի շենքն է եւ հարակից ամբողջ միջավայրը, որը նույնպես վտանգված է»,- ասում է Հեքեքյանն ու նկատում, որ այս ընթացքում տասնյակ նամակներ են ուղարկել պատկան մարմիններին՝ 13 հիմնարկ՝ վարչապետից սկսած, մինչեւ քաղաքաշինության տեխնիկական հրդեհային անվտանգության տեսչություն, քաղաքապետարան, մշակույթի նախարարություն, ոստիկանություն, ԱԻՆ, դատախազություն, բայց հարցը լուծում չի ստանում եւ ոչ մի օղակում։

«Իսկ առավել մեզ մտահոգում է այն փաստը, որ ամեն անգամ ասուլիսների ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ապատեղեկատվություն է տարածում։ Առաջին անգամ ասում էր, որ կա նախագիծ, որի համաձայն՝ շենքը պետք է սարքվի, բայց մինչեւ հիմա այդ նախագիծը ոչ մի տեղ չգտանք։ Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ ասաց, որ իրենք ստորագրել են իտալացի մասնագետի նախագիծը, որին պետք է շտապ ընթացք տրվեր, բայց 2 ամիս ոչինչ չարվեց։ Գլխավոր ճարտարապետն ասում է, որ ինքը ստորագրել է այդ նախգիծը, եւ գնդակը սեփականատիրոջ, այսինքն՝ մեր դաշտում է։ Մինչդեռ մենք անընդհատ նամակներ էինք գրում, պահանջում էինք այդ նախագծի հաստատումը, բայց մեզ անընդհատ ասում էին՝ դեռ սպասեք, ձեր նամակը ժամկետում է։ Ուղիղ 3 ամիս անց ինձ զանգահարում են եւ ասում, որ Դուք կարող եք գալ եւ Ձեր նամակի պատասխանը վերցնել, ու դա ուրբաթ երեկոյան՝ 6-ից տասը պակաս, որից հետո ասում են, որ աշխատանքային ժամը վերջացել է, եւ երկուշաբթի եկեք։ Մեր աշխատողը վերցնում է այդ նամակը, որտեղ տրված է թույլտվություն՝ ամսի 28-ով, բայց նամակի վրա գրված է հունիսի 6։ Սա մի ձեռագիր է, որի համար ցավում եմ, որովհետեւ դրանով պատուհան են թողնում ուշացած նամակները հետին ամսաթվով գրելու համար։ Հիմա արդեն մեզնից պահանջում են վերջնական նախագիծ, բայց հիմա էլ իտալացիներն ասում են, որ մեր պայմանագիրն արդեն լուծարվել է, նրանք նորից պետք է թռնեն գան, պայմանագիրը երկարացնեն ու նորից սկսեն նախագիծ անել, որն էլի կտեւի մի 3 ամիս, այն պարագայում, որ վարչապետը նոյեմբերի 22-ին հանձնարարել էր շտապ վերականգնել շենքը, բայց չարեցին, գլխավոր ճարտարապետն էլ ասաց, որ դա անհեթեթ քաշքշուկների հետեւանք է, որոնք շարունակվում են առայսօր»,-ասում է Տիգրան Հեքեքյանն ու զայրացած հավելում, որ փաստաթղթային այս քաշքշոցն այնքան շատ է, որ իրենց ողջ ժամանակը վատնում են նամակներ գրելով, զանգերի պատասխանելով։  

Թե որն է այս ձգձգվող եւ անհասկանալի գործընթացի պատճառը, Հեքեքյանն ասում է․ «Կա՛մ իշխանության մեջ հայտնված մարդիկ ի զորու չեն սխալն ուղղել եւ ուղղակի աթոռ են զբաղեցնում, կա՛մ ի զորու են, բայց հայտնվել են մի սարդոստայնի մեջ, որը որոշ հզոր մարդիկ հյուսել են, եւ հիմա իրենց էլ են գցել դրա մեջ։ Երրորդ տարբերակն էլ կա, որ իրենց թույլ չեն տալիս իրականացնեն իրենց պարտականությունները։ «Էյ Էմ Սի» կազմակերպությունը պատրաստ էր վճարել, բայց ասում էր՝ մինչեւ քաղաքապետարանը չհաստատի ձեր նախագիծը, ես ինչի՞ համար վճարեմ։ Իտալացիներն էլ իրենց հերթին էին շատ նեղված, ասում էին՝ ո՛չ մերժում եք, ո՛չ հաստատում․ մի ամբողջ հարցերի շարան է բարձրացել անիմաստ տեղը»։ 

Հեքեքյանը լուսանկարներ է ցույց տալիս, որտեղ երեւում է, որ շենքի բակային մասից ճաքը խորացել է, եւ շուտով շենքն ամբողջությամբ կքանդվի․ «Շենքի կողքի հարեւանը՝ Մադլենա Սարոյանը, մնացել է անտուն, որին խոստացել էին, որ Բուզանդի եւ Արամի փողոցներում բնակարան կտան, բայց առայսօր նա փողոցում է։ Իսկ Մադլենայի  կիսավեր տանն ապրում է անտուն մի կին, որի կյանքին ամեն րոպե վտանգ է սպառնում։ Հետաքրքիր աճպարարություններ են կատարվում, որոնք ուղղակի անթույլատրելի են, հատկապես որ խոսքը գնում է նաեւ մարդկանց կյանքի մասին, բա որ մա՞րդ զոհվի»։  

Հեքեքյանը ցավով արձանագրում է, որ անգամ վարչապետի հրահանգներից հետո ոչ մի քայլ չի արվել պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը վերականգնելու ուղղությամբ․ «Նիկոլ Փաշինյանը վերջերս մի հանդիպման ժամանակ՝ Դատախազության 101 ամյակին ասել է, որ այլեւս Հայաստանում չկան անտեր մարդիկ: Այսինքն՝ այդ «տերովին տերն է տարել, անտերին գելն է կերել» ասացվածքն արդեն պիտի իր տեղը գտնի բանահյուսության թանգարանում: Ես ուզում եմ մեր սիրելի վարչապետին ասել, որ սպասի, դեռ չուղարկի թանգարան, որովհետեւ, օրինակ, «Հայաստանի փոքրիկ երգիչներն» այսօր իրենց անտեր են զգում։ Ես միշտ խնայում էի իրեն, ասում էի՝ երկրի վարչապետը լիքը ուրիշ գործ ունի, մտածում էի՝ եթե հանձնարարականը կա, մարդիկ կանեն, բայց հիմա փորձելու եմ հանդիպել իր հետ եւ ներկայացնել իրավիճակը, պետք է պատժվեն այդ աշխատողները, հակառակ դեպքում այս պատկերը բոլոր ոլորտներում տեղի է ունենում»։ 

Անցյալ տարեվերջին, կառավարության որոշմամբ, Արամի 23-ը եւ հարակից տարածքը պետական գերակա շահ ճանաչվեցին։ Կառավարության այս որոշումը հիմա իրենք վիճարկում են դատարանում․ «Դատական նիստը դեռ չի սկսվել, մենք չգիտենք՝ ինչպիսի դատավարություն տեղի կունենա, եթե այն լինի արդար, որովհետեւ բոլոր հիմքերը խոսում են մեր կողմից, ապա արդյունքն այլ կլինի»։

Հեքեքյանն ասում է, որ հիմա իր հետ բանակցություններ են վարում, որպեսզի ուրիշ մի տարածքում իրենց տեղ հատկացնեն, քանի որ քաղաքի կենտրոնում տարածք չկա։ «Ինչ-որ տարածք գտնեն, շինարարություն անեն, մի բան կառուցեն-տան, ասեն՝ ստեղից դուրս եկեք: Դեռ չեն առաջարկել, բայց ասում են՝ մի տեղ հող տանք, շենք էլ սարքենք տանք՝ երկհարկանի, մենակ թե պրծնենք ձեզանից: Ես դեռ չեմ համաձայնել»,- ասում է ու հավելում, որ Արամի 23-ից հրաժարվելը կնշանակի վտանգել այդ տարածքում գտնվող մնացած 9 պատմամշակութային հուշարձանների ճակատագիրը։