Փաշինյանը միավորնե՞ր էր հավաքում ԵԽԽՎ-ում

Փաշինյանը միավորնե՞ր էր հավաքում ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, պատգամավորների հարցերին պատասխանները որոշակիորեն լույս սփռեցին մինչ այդ Հայաստանում տեղի ունեցած մի քանի աղմկահարույց միջադեպերի վրա: Նիստից մոտ 10 օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան մի գրառում կատարեց, որը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: 

Հետո պարզվեց, որ անձը, ում մասին գրառում էր կատարել Փաշինյանը, նրա քեռորդին է՝ Մամիկոն Հովհաննիսյանը: «ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու եւ ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճենը, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի առերեւույթ կեղծված լինելու մասին: Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Ապրիլի 11-ին Քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերեւույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը»: 

Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ որոշ ընթերցողներ հիացմունք են ապրել, թե «հալալ է Փաշինյանին, ա՛յ, ղեկավարն իր նման կլինի, ո՛չ բարեկամի է նայում, ո՛չ հարազատի, պայքարում է կոռուպցիայի դեմ»: Սա՝ առաջին հայացքից, իսկ երբ խորամուխ ես լինում երեւույթի մեջ, հասկանում ես, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Նախ, մեր ազգային հոգեկերտվածքին խորթ է հարազատի դեմ ցուցում կամ ցուցմունք տալը: Եթե անգամ կոռուպցիայի դեմ պատերազմ է հայտարարված, եւ չեն խնայում ոչ ոքի, ապա հարազատի չարաշահումների մասին իմանալով՝ յուրաքանչյուր ադեկվատ ղեկավար կկանչեր նրան, «շան լափը կթափեր գլխին», թեկուզ՝ եղբայրաբար կապտակեր, վերջում էլ կպահանջեր, որ չարաշահումն ուղղվի, կամ ապօրինությանը համարժեք տուգանքը վերադարձնի բյուջե, այս դեպքում՝ դիմում գրի, ազատվի պաշտոնից: Ի վերջո, եթե նման ներողամիտ մոտեցում ցուցաբերվում է նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ՝ գումար մուծվելով ազատվում են, ինչո՞ւ այդ տարբերակը չկիրառել նաեւ մտերիմի նկատմամբ:

Վերջապես․ ի՞նչը ստիպեց Փաշինյանին չխնայել քեռուն, մորը, քեռորդուն եւ աշխարհով մեկ խայտառակել, մանավանդ, որ իրավապահներին ցուցում տալու իրավունք ի պաշտոնե չունի: Այն, որ Փաշինյանն անգամ ԵԽԽՎ-ում հիշատակեց իր հարազատի դեմ քրեական գործ հարուցելու մասին, հետեւության տեղիք է տալիս, որ սա նախապես ծրագրավորված քայլ էր, որ եվրոպացիների մոտ գլուխ գովելու տեղ լիներ՝ թե տեսեք, ի՜նչ ազնվագույն ղեկավար եմ, անգամ իմ հարազատին չեմ խնայում կոռուպցիայի դեմ պայքարում: Չէ՞ որ իշխանափոխությունից հետո երկրում այնպիսի դրական բաներ չեն կատարվել, որ գլուխ գովելու տեղ լիներ, մնում են նման աղմկահարույց հայտարարությունները:

Ի դեպ, մեզ ասացին, որ քեռորդու հանցանքը վերջին համաներման տակ է ընկնում։ ԵԽԽՎ-ում նման մի հայտարարություն էլ արվեց կաշառք վերցնելու պահին ձերբակալված դատավորի մասին: Այս նույն տրամաբանության շրջանակներում է նաեւ տրանսգենդեր Լիլիթի աղմկահարույց ելույթն ԱԺ ամբիոնից: Ո՞ւմ էր պետք հասարակությանը փոթորկել եւ հակաիշխանական տրամադրություն սերմանել այդ ելույթով, երբ կանխատեսելի էր, որ այն հասարակության զգալի մասը բացասաբար է ընդունելու: Իսկ նոր իշխանությանն ինչո՞ւ էր պետք նոր բողոքի ալիք բարձրացնել երկրում, առանց այդ էլ բողոքավորների պակաս նոր իշխանություններից, կարծես թե, չկա:

Հայտնի է, թե եվրոպացիներն ինչ հատուկ վերաբերմունք ունեն ԼԳԲՏ ներկայացուցիչների հանդեպ: Իսկ Հայաստանն այդ հարցում, եվրոպական մոտեցմամբ, առանց այն էլ մի «բացթողում» ունի․ անցած տարի նախատեսված ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում տեղի չունեցավ: Ճիշտ է, Փաշինյանն այս հարցում ԵԽԽՎ ամբիոնից գլուխ չգովեց, թե մենք այդ ֆորումի փոխարեն մի կարեւոր քայլ ենք արել. մեր քաղաքական թիվ մեկ ամբիոնը տրամադրել ենք թիվ մեկ տրանսգենդերին, բայց հո եվրոպացիները հետեւել են ու գիտեն մեր նոր իշխանության այս «հերոսական» արարքի մասին: