Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ Սասուն Խաչատրյանի դատարանը ետ է վերադարձրել

Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ Սասուն Խաչատրյանի դատարանը ետ է վերադարձրել

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի հայցադիմումն ընդդեմ  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին դատարանը ետ է վերադարձրել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հարություն Հարությունյանը։ 

Պաշտպանի խոսքով, փաստաթղթային ինչ-որ խնդիրներ են եղել․ «Ուռճացված, արհեստական հիմքերով  ետ է վերադարձրել դատարանը։ Ետ վերադարձի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան»։

Հարություն Հարությունյանն ասաց, որ պահանջում են  ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը:

Թե, մասնավորապես, ի՞նչն է Հարությունյանը համարել զրպարտություն, պաշտպանը նշեց․ «Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ 1000 փամփուշտներ փոխարինել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ին առավել քան հիմնավոր է, առանց սրա էլ է հիմնավոր։ Հետո ասում է՝ այդ բացահայտումը խոսում է, որ բանակի կրակած փամփուշտները փաստորեն կեղծվել են եւ իրական դեպքի հանգամանքներն ամբողջությամբ կեղծվել են։ Իրականում այս բացահայտումը շատ նշանակալի բացահայտում եմ ես համարում, որովհետեւ փորձ է արվել ամբողոջությամբ կոծկել իրական հանգամանքները, այս գործի ողնաշարը կոտրել։ Հիմա Հարությունյան Վահագնին մեղադրանք առաջադրում են, կալանքի սանկցիան տալիս, հենց դրան հաջորդող օրն է այս ելույթը ունենում։ Երեում է, որ խոսքը գնում է Վահագնի դրվագով բացահայտմանը»։

Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Հարությունյանը եւ քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին եւ հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին: