ԱԳՆ դիվանագիտական դպրոցից քանի՞սն են անցել աշխատանքի

ԱԳՆ դիվանագիտական դպրոցից քանի՞սն են անցել աշխատանքի

Տեղեկություն ունեինք, որ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը փակվում է։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ նման բան չկա։ Ոչ էլ դիվանագիտական դպրոցի ղեկավար Վահե Գաբրիելյանն է հեռանում։ ԱԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մինչ այժմ Դիվանագիտական դպրոցն իրականացրել է «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» տասնամսյա ծրագրով դիվանագիտական կադրերի պատրաստման 8 դասընթաց, ինչպես նաեւ «Հյուպատոսական գործունեություն» մեկամսյա ծրագրով՝ 8, դիվանագետների եւ պետական գերատեսչությունների՝ արտաքին կապերի համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման՝ 6, լրագրողների վերապատրաստման 3 դասընթաց։

Նախորդ տարիներին «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» ծրագրով դպրոցն ունեցել է 208 շրջանավարտ, «Հյուպատոսական գործունեություն» ծրագրի 110 մասնակից, դիվանագետների եւ պետական գերատեսչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 108 անձ, լրագրողների վերապատրաստմանը մասնակցել են շուրջ 40 լրագրողներ։ Ինչպես հայտնի է՝ Դիվանագիտական դպրոցի հիմնական առաքելությունը դիվանագետների վերապատրաստումն է, ապա՝ դիվանագիտական կադրերի պատրաստումը։

Հայտնում են նաեւ, որ «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» ծրագրով ունկնդիրների ընդունելությունը կախված է ԱԳՆ հայտից, եւ այն այս տարի չի իրականացվել։ Ներկայումս իրականացվում են հաջորդ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Ծրագրի ընդունելության եւ պայմանների մասին կհայտարարվի լրացուցիչ։ Արտգործնախարարությունից գնահատելով դպրոցի այս ծրագիրը՝ նշում են, որ այն չի զիջում արտերկրի դիվանագիտական կրթության լավագույն հաստատությունների ծրագրերին, առարկաների եւ հրավիրյալ դասախոսների ընդգրկմամբ եւ որակով Հայաստանում նմանը չունի եւ շարունակելու է իրականացվել լավագույն չափանիշներին համապատասխան։

Հարցին, թե նախորդ հոսքերից քանիսն են ԱԳՆ-ում անցել դիվանագիտական աշխատանքի, եւ ինչ սկզբունքով է կատարվել ընտրությունը, պատասխանել են, որ դիվանագիտական կադրերի պատրաստման ծրագրերի 123 շրջանավարտներ համալրել են ՀՀ դիվանագիտական ծառայության շարքերը եւ աշխատում են ինչպես ԱԳՆ կենտրոնական համակարգում, այնպես էլ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում։ Նրանց ընտրությունը կատարվել է ընթացիկ եւ ավարտական քննությունների, հաճախումների, կարգապահության, այցերին մասնակցության, ԱԳՆ-ում պրակտիկայի, հարցազրույցի արդյունքների բազմաստիճան գնահատման սկզբունքով։