Ռադիոյի տնօրենի հաղթողի անունը՝ ապրիլի 3-ին

Ռադիոյի տնօրենի հաղթողի անունը՝ ապրիլի 3-ին

Տեղեկացրել էինք, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթը 20 օրով երկարաձգվել  է՝ հիմնավորմամբ, որ թեկնածուները 30-ն են, և նրանց բոլորին պետք է հատ-հատ լսել։ Այնուամենայնիվ, ռադիոյի տնօրենի մրցույթի շուրջ անորոշությունները մի քիչ շատ են, և այսօր  Hraparak.am-ը  հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի ղեկավար Երվանդ Երզնկյանից պարզեց, թե այնուամենայնիվ, ե՞րբ հայտնի կդառնա ռադիոյի տնօրենի անունը։ 

Ըստ Երվանդ Երզնկյանի՝ ապրիլի 3-ին։ Հիշեցնենք, որ Հանրային հեռուստադիոընկերության խորհրդի նախագահի անունն էլ հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Ներկայացնում ենք Երվանդ Երզնկյանի հետ հարցազրույցը։

-Պարոն Երզնկյան, հանձնաժողովից հայտնել էին, որ մրցույթը  երկարաձգվում է, այնուամենայնիվ, ինչ ժամկետների մասին կարող ենք խոսել։

-Քանի որ թեկնածուները 30 են, և որպեսզի ամեն ինչ օբյեկտիվ լինի, որոշեցինք, որ բոլորի հետ անձնական հարցազրույց պետք է լինի։

-Բայց արդեն երրորդ շաբաթն է։

- Հիմա 22 հոգու հետ արդեն խոսել ենք, և այս շաբաթ  կվերջացնենք, մեր վերջին ռեզյումեն կլինի ամսի 3- ին։ 

-Թեկնածուների այսպես կոչված՝   Short list լինելո՞ւ է։

-Անձամբ ես գոնե այդքան չեմ խորացել, ես գիտեմ, որ վերջում լինելու է փակ քվեարկություն։

-Յուրաքանչյուր 30 թեկնածուի համա՞ր։

-Կամ էլ դրանից առաջ մի ինչ-որ առաջին տուր անենք,մի քանի հոգի, որ մնա երկրորդ տուր և երևի նրանց միջից կընտրեք թեկնածուին։ Ես, ճիշտն ասած, 100 տոկոսով հիմա Ձեզ ճիշտը չեմ կարող ասել, որովհետև մենք ունենք մասնագետ, որը մեզ տեղեկացնում է, թե օրենքով ինչպես է ճիշտ վարվենք, որ չխախտենք կանոնադրությունը։

-Այսուհանդերձ, ինչ չափանիշներ են հաշվի առնվելու 2 հավասար հնարավորություններ ունեցող թեկնածուների մեջ։

-Տարբեր․․ Էնքան լավ բան ստացվեց, երբ մենք պարզեցինք, որ ահագին կարող մարդիկ ունենք ու որ հիմա վերցնեինք մի հատ նոր ռադիո հավաքեինք, էդ 30-ից  առնվազն մի 15 հոգու կարելի է օգտագործել ու կդառնար շատ լավ ռադիո։ Եթե անգամ չլինեն ղեկավար, համենայնդեպս, աշխատանք ունենան ռադիոյում։ Դա շատ-շատ ուրախալի է։ 

-Նման առաջարկի մասին էլի էիք բարձրաձայնել, այն ուժի մե՞ջ է, առաջարկելու եք նոր տնօրենին, որպեսզի այդ մարդկանց հրավիրեն աշխատանքի։

-Իհարկե։ Մենք իրենց համար մի հատ շատ լավ բան ենք ստեղծում։ Անձամբ ես կարծում եմ, որ ղեկավարը պիտի կարողանա տիրապետել  թե՛ տեխնիկակական հարցերի, թե՛ արվեստին, և ամենակարևորը՝ կարողանա ղեկավարել ու մարդկանց հետ աշխատել։  Այդ երեքը իրար հետ ունի շատ քիչ մարդ․ մեկը կա, որ լրատվական շատ լավ ունակություններ ունի, լրատվական բլոկ կարող է ղեկավարել, մյուսը՝ արվեստի, մյուսը՝ տեխնիկապես, բայց շատ քիչ են մարդիկ, որոնք ամեն ինչին տիրապետում են։ Ե՛վ մարդկանց հետ աշխատել են, և՛ ռադիոյի մարդ են։ Եվ այդ ամենը մենք հաշվի ենք առնում։

Լիանա Թորոսյան