«Իմ քայլը` հանուն Շիրակի մարզի» համաժողովի նախօրեին  մի քանի փողոց փակվելու է. վարչապետը Գյումրի՞ է մեկնելու

«Իմ քայլը` հանուն Շիրակի մարզի» համաժողովի նախօրեին  մի քանի փողոց փակվելու է. վարչապետը Գյումրի՞ է մեկնելու

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի նախօրեին՝ հուլիսի 19-ին, սկսած ժամը 23։30-ից մինչև համաժողովի օրը՝ հուլիսի 20-ի ժամը 18։00-ն, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին հարող Գայի փողոցը, ինչպես նաև՝ Ջիվանու հրապարակը։

Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանից: Նշենք, որ համաժողովը մեկնարկելու է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպոյով, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան մարզում գործունեություն ծավալող 50-ից ավելի կազմակերպությունների և անհատների կողմից ներկայացվող արտադրանքներին և ծառայություններին: Ելնելով մարզի առանձնահատկություններից՝ համաժողովի անցկացման համար սահմանվել են հետևյալ ոլորտային ուղղությունները՝ ՏՏ/արդյունաբերություն, տուրիզմ, գյուղատնտեսություն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը՝ հանուն մարզերի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծեր: «Իմ քայլը՝ հանուն մարզերի» բիզնես համաժողովներին ներկա է լինում վարչապետ Նիկոլ    Փաշինյանը: Մի շարք մարզերում նմանատիպ համաժողովներ արդեն անցկացվել են: