Իշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Իշխանությունները երեք ճանապարհ ունեն․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Մայր Աթոռում երեկ՝ հունիսի 2-ին, տեղի ունեցավ Վեհափառի նախաձեռնած  «Գավիթ» հարթակի առաջին քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին հոգևորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ։

«Հրապարակի» հետ զրույցում հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ հարթակի քննարկմանը հրավիրված անձանց ցուցակը Մայր Աթոռն է կազմել։ Հրավիրել են իշխանության ներկայացուցիչներին, սակայն վերջիններս մերժել են, այդ պատճառով էլ չեն հրավիրել նաև խորհրդարանական ընդդիմությանը։

Մեր հարցին, արդյոք Սփյուռքից նախատեսվում է մասնակցություն, Սրբազանը շեշտեց, որ իրենք գերադասում են դեմ առ դեմ հանդիպումները և այնքան էլ կողմ չեն տեսակապով քննարկումներին։ Բացի այդ, քննարկումներին մասնակցությունը հնարավոր է միայն Մայր Աթոռի կողմից հրավերով, այն բաց ձևաչափով չի անցկացվում։
Նա շեշտեց, որ հարթակի նպատակն է քննարկումների միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր ու լուծումներ գտնել, հանրության շրջանում միասնություն ձևավորել։

«Հրապարակի» հարցին, եթե իշխանությունները միայն ագրեսիվ հռետորաբանություն են կիրառում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, նույնիսկ լուծումներ առաջարկելու պարագայում արդյո՞ք այս իշխանությունները ականջալուր կլինեն Մայր եկեղեցուն, Սրբազանն ասաց․ «Երեք ճանապարհ ունեն, կամ լսում են՝ կատարում են, կամ լսում են՝ չեն կատարում, կամ թողնում՝ հեռանում են, ուրիշներն են գալիս և անում են այն, ինչ-որ լսում են»։