Դաշնակցությունը «կտեղափոխվի՞» Արցախ

Դաշնակցությունը «կտեղափոխվի՞» Արցախ

ՀՅԴ-ն չհաղթահարեց հինգ տոկոսի շեմը եւ Ազգային ժողովում ներկայացված չի լինի: Դաշնակցությունը, սակայն, մտադիր չէ կողմ քաշվել եւ, ինչպես կուսակցության պատասխանատուներից մեկն է ձեւակերպել, «խորհրդարանական ընդդիմություն կլինի խորհրդարանից դուրս»: Կարծիք կա, որ Դաշնակցության առաջիկա ընդհանուր ժողովը կարող է քննության առնել կուսակցության ղեկավարության հարցը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնը 2000թ.-ից զբաղեցնում է Հրանտ Մարգարյանը: Կլինե՞ն կադրային արմատական փոփոխություններ՝ Դաշնակցության ներքին հարցն է: Ոմանք, այդուհանդերձ, կարծում են, որ ՀՅԴ-ն նորացման եւ վերափոխումների փուլ պետք է անցնի:

Առավել ուշագրավ է, որ 2020թ.-ին Արցախում պետք է տեղի ունենան նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններ: ՀՅԴ նախընտրական ծրագրի մի առանձին բաժին նվիրված էր Արցախի, անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերին, իսկ կուսակցության քարոզարշավը կառուցված էր այն թեզի վրա, որ Դաշնակցությունն Արցախի հաղթանակների կերտողն ու նրա միջազգային ճանաչման գլխավոր ջատագովն է: Համանման կարծիքներ ՀՅԴ-ն կազմակերպել եւ կուսակցական մամուլում տեղ էր տվել նաեւ Արցախից, ինչը վկայում է, որ արցախյան կառույցն անմասն չէր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մրցապայքարին եւ իր հնարավորություններն ի սպաս էր դրել հանուն հարազատ կուսակցության հաջողության: Խնդիրը, սակայն, այն է, որ մաս կազմելով Արցախի գործադիր իշխանությանը, Դաշնակցությունը վերջին շրջանում երկու լուրջ ձախողում է ունեցել:

Արցախի ԱԺ թափուր տեղերի համար լրացուցիչ ընտրություններին առաջադրելով սեփական թեկնածուներին՝ ՀՅԴ տեղական կառույցը երկու դեպքում էլ հաջողության չի հասել: Արտառոց էր, մանավանդ, Դաշնակցության պարտությունը Քաշաթաղի շրջանում, որտեղ նա ավանդաբար ունի տեղական գործուն բջիջներ եւ համեմատաբար կայուն ընտրազանգված՝ նկատի առնելով, որ ՀՅԴ-ն Արցախում վերաբնակեցման քաղաքականության ամենաեռանդուն ջատագովը եւ միաժամանակ հետեւողական դերակատարն է նաեւ Սփյուռքի հնարավորությունների ներգրավմամբ: Դաշնակցության Արցախի կառույցի քաղաքական անհաջողությունը պայմանավորվա՞ծ է նրանով, որ ԱԺ լրացուցիչ ընտրություններին վարչական լծակները համեմատաբար թույլ են ներգրավվել: Այլ կերպ ասած՝ դա պայմանավորված է փոխված իրավիճակո՞վ:

Ի՞նչ դիրք ունի ՀՅԴ Արցախի կառույցը սպասվող նախագահական եւ ԱԺ ընտրությունների հանդեպ: Կուսակցության տեղի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի մոտեցմամբ՝ ի տարբերություն այլոց, Դաշնակցությունը մեկ անձի կուսակցություն չէ, եւ հարցի պատասխանը կտա եկող տարի կայանալիք շրջանային ժողովը: Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններում կուսակցության ձախողումը կազդի՞ Արցախի կառույցի որոշումների վրա: Դաշնակցությունը բոլոր ռեսուրսներով «կտեղափոխվի՞» Արցախ՝ փորձելով փոխհատուցել հայաստանյան կորուստները եւ Արցախի պետական-քաղաքական կյանքում դառնալ լրջագույն դերակատար: Մանավանդ, ՀՅԴ-ն նման փորձ ունի.90-ականների սկզբին նրան հաջողվել է Արցախում դառնալ իշխանություն: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը քարոզարշավի ժամանակ թույլ էր տվել ձեւակերպել, թե Հայաստանում իշխանության են գալիս «Լեւոնի դպրոցն անցածները»:

Կուսակցությունը պաշտպանու՞մ է այդ գնահատականը: ՀՅԴ-ն կփորձի՞ Արցախում հակակշիռ իշխանություն ձեւավորել՝ 2020թ. ընտրություններում առաջադրելով նախագահի իր թեկնածուին: