Մարզպետն ու պատգամավորը՝ տարբեր ճամբարներում

Մարզպետն ու պատգամավորը՝ տարբեր ճամբարներում

Չարենցավանի թիվ 3 դպրոցի տնօրենի շուրջ ստեղծված խնդիրը չի հանգուցալուծվում։ Դպրոցի կոլեկտիվը, աշակերտներն ու ծնողները չեն ընդունում, իրենց պնդմամբ, ճնշումների ներքո մրցույթում ընտրված տնօրեն Աննա Բալյանին եւ պահանջում են, որ հետ գա իրենց նախկին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը։ Դրա համար մի ամիս է՝ բողոքի ակցիաներ են անում, անգամ՝ դասադուլ։ Մարզպետարանն ու կրթության նախարարությունն էլ խնդրին լուծում չեն տալիս՝ հորդորելով հարցը լուծել իրավական ճանապարհով։ Դպրոցի ուսուցիչներն ու ծնողներն էլ ասում են՝ իրենք ապրիլյան հեղափոխության օրերին դուրս են եկել փողոց, ճամփա են փակել, որ հիմա իրենց արդար պահանջը բարձրացնեն՝ պահանջելով հետ բերել իրենց տնօրենին, ոչ թե իրենց գցել դատարանների դռները։ Բայց նոր իշխանությունները չեն համակերպվում այն մտքին, որ իրենց դեմ էլ կարող են պայքարել իրենց իսկ մեթոդներով։ Նրանք ուզում են, որ ամեն ինչ լինի օրենքով։ Վարչապետը 2 օր առաջ Սասուն Միքայելյանի եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ գնաց Չարենցավան, հանդիպեց կոլեկտիվի հետ, բայց խնդրին լուծում տալու փոխարեն «փափուկ բարձ» դրեց նրանց գլխի տակ ու հեռացավ։ Չարենցավանցիները հույս ունեն, որ այս այցով խնդիրը կհանգուցալուծվի, քանի որ դրանից օրեր առաջ դպրոց այցելած Սասուն Միքայելյանն էլ էր խոստացել դա։

Այստեղ քաղաքական ենթատեքստ էլ կա․ ասում են՝ Սասուն Միքայելյանի ու մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները լարված են։ Առաջինը կանգնած է Կարապետյանի կողմնակիցների՝ բողոքող ցուցարարների հետեւում, մարզպետը՝ մյուս կողմի։ 30 հազար ձայն ստացած Միքայելյանը որոշել է մարզից դուրս մղել իրեն չենթարկվող մարզպետին։ Երեկ գիշերը մինչեւ ուշ ժամ դպրոցում ուսուցիչները քննարկել են այս հարցը, ու ոմանք ազատման դիմումներ են գրել, բազմաթիվ ծնողներ էլ որոշել են իրենց երեխաներին հանել դպրոցից՝ ի նշան բողոքի։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ մեզ ասաց, որ ինքը մարզպետից տեղեկացել է՝ դասապրոցեսը սկսվել է, մի քանի հարյուր աշակերտ դասապրոցեսին մասնակցում է, եղել են ուսուցիչներ, որոնք հետ են վերցրել դիմումները, եղել են նաեւ աշակերտներ, որոնք դիմում են գրել ու էլի հետ են վերցրել։

Նա նշեց, որ հարցը պետք է լուծվի միայն օրինական ճանապարհով։ Իրենք փոխելու են դպրոցի տնօրենի ընտրության կարգը, բայց դա դեռ պետք է նախագծի տեսքով քննարկվի եւ ընդունվի։ Հիմա դեռ պետք է առաջնորդվեն գործող օրենքով։ Նախարարին հիշեցրինք, որ մարդիկ ապրիլին հեղափոխություն են արել, եւ այն ժամանակ ոչ ոք նրանց չի հորդորել Սերժ Սարգսյանի հեռացման հարցը լուծել իրավական ճանապարհով։ Նա ասաց․ «Բոլոր էդ գործողությունները եւ ակցիաները հանգուցալուծվել օրենքի եւ իրավունքի դաշտում։ Որեւէ գործողություն ապրիլ-մայիսին չի հանգուցալուծվել հույ-բույներով, հուզական դաշտով, զոռբայությամբ։

Այսինքն, երբ որ մենք պահանջում էինք իշխանության հրաժարականը, դրա հանգուցալուծումը եղավ խորհրդարանում»։ Նորից հիշեցրինք, որ հանգուցալուծումը ոչ թե եղել է խորհրդարանում, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականով։ «Մի շատ կարեւոր հանգամանք հաշվի առեք։ Նախորդ իշխանությունները որեւէ կերպ չեն ներկայացրել հանրությանը խորհրդարանում եւ կառավարությունում։ Այս իշխանություններն ամբողջությամբ ներկայացնում են մեր հանրությանը եւ ժողովրդին»,- ասաց նախարարը։