Իսկ ո՞ւր է զինվորական կարգապահությունը

Իսկ ո՞ւր է զինվորական կարգապահությունը

«Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանն օրերս 168.am-ի հետ իր զրույցում արած հայտարարություններով, կարելի է ասել, նախախուճապային իրավիճակ է ստեղծվել երկրում: Ճի՞շտ է, արդյոք, թե ոչ, բայց ըստ բարձրաստիճան զինվորականի` Վարդենիսն ու Արենին` Հայաստանն Արցախի հետ կապող մեր հիմնական ուղղությունները, թշնամու ժամանակակից սարքավորումների նշանառության տակ են: «Դա հենց վկայում է, որ Ադրբեջանը պատրաստվում է մեծ պատերազմի»,- ասել է Ղումաշյանը եւ հավելել, որ այդ պատերազմը հնարավոր է սկսվի այս աշնանը կամ եկող գարնանը եւ նման չի լինելու «այն դիվերսիոն գործողությունը, որ եղավ ապրիլին»:

Նման տեղեկություններով զինված եւ սաստիկ տպավորված ադրբեջանական զորավարժություններում եւ զորահանդեսներում ցուցադրված զենքերից՝ գնդապետ Ղումաշյանը հանրությանը կոչ է անում (հետաքրքիր է, ո՞վ է նրան տվել այդ իրավունքը), որ «մեր ու մանուկ» պատրաստվեն այդ պատերազմին: Սովորաբար նման կոչ անում են երկրի ղեկավարները, գերագույն գլխավոր հրամանատարը, երբ արդեն թշնամին փորձում է մտնել հայրենի տուն: Բայց մեր դեպքում ուսումնական հաստատության ղեկավարն է առաջ անցել բոլորից եւ պաշտպանության նախարարությանն է մեղադրում անգործության ու դանդաղկոտության մեջ:

«Պաշտպանվող նախարարություն ունենք, դրա համար էլ անունը պաշտպանության նախարարություն է, այլ ո՛չ ռազմական: Սպասում ենք, թե երբ պետք է մեր գլխին տան, որ մենք պաշտպանվենք»: Ուշադրություն դարձնո՞ւմ եք, արդյոք, որ սա ասում է ոչ թե մի ընդդիմադիր լրագրող, այլ բանակի սպան, եւ նա այս ամենն ասում է իր անմիջական ղեկավարությանը, որ դեռ երեկ հայտարարել է՝ եթե պատերազմ, ապա նոր տարածքների համար:

Կորյուն Ղումաշյանը հասարակության հետ նման հարցերից խոսելուց առաջ, մեր կարծիքով, պարտավոր էր նախ խորհրդակցել պաշտպանության նախարարության հետ, որտեղից նրան, վստահաբար, կհուշեին, որ հայ սպային սազական չէ սեփական բանակը հարց լուծելու համար ոչ պիտանի կազմավորում ներկայացնելը, մանավանդ, երբ դա հաստատ այդպես չէ, եւ, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր Հայոց բանակն իսկապես զսպող դերակատարություն ունի ադրբեջանա-թուրքական հեռահար նպատակների իրագործման ճանապարհին:

Անհասկանալի է, անշուշտ, թե ինչու այսպես հանկարծակի հայ սպան խոսեց ադրբեջանական զենքերի առավելություններից ու մեր թուլությունից: Որ հայկական բանակը պետք է շարունակի զինվել, դա հասկանում են բոլորը, որ մեր բանակն է Հայաստանի ու Արցախի անվտանգության միակ երաշխավորը, դա նույնպես գիտենք, որ հայոց բանակը տիրապետում է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական ժամանակակից զենքերի, մեզ նույնիսկ այսօրվա իշխանություններն են վստահեցնում:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ պատերազմ տեսած զինվորականը, որի համար, կարծում ենք, առաջին տեղում է զինվորական կարգապահությունը, հանկարծ խոսեց այն մասին, որ չպետք է միջոցներ խնայել սպառազինության համար եւ կայծակնային արագությամբ պետք է վերազինել բանակը, որպեսզի «հետո չասենք՝ ուշ եղավ»: Արժե՞ր, արդյոք, Ալիեւի հերթական հայտարարությունից այսպես տագնապել եւ սեփական տագնապներն այսպես անբռնազբոսիկ կերպով փոխանցել հասարակությանը:

Ի՞նչ կասեն պաշտպանության նախարարությունից այս ամենի կապակցությամբ: Հավանաբար կհայտարարեն, որ մենք պատրաստ ենք հակառակորդի ցանկացած գործողությունների: Բայց որքանո՞վ արդեն արժանահավատ կլինի այդ հայտարարությունը, երբ բանակի շարքերից են հանրությանն ազդարարում անխուսափելի պատերազմի մասին՝ չմոռանալով հիշեցնել, որ թշնամին ավելի լավ սպառազինություն ունի:

Անձամբ ես մի տեսակ չէի ցանկանա, որ նման կարգապահության պայմաններում Նիկոլ Փաշինյանը կամ մեկ ուրիշը գոնե մեկ ժամով ստանձներ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները: