Արմեն Սարգսյանը սպասում էր ԱԺ կազմի «բարենպաստ» փոփոխությանը

Արմեն Սարգսյանը սպասում էր ԱԺ կազմի «բարենպաստ» փոփոխությանը

Նախագահ Արմեն Սարգսյանը մինչեւ մարտի 20-ը ժամանակ է տվել իր իսկ ստեղծած իրավաբանների խմբին՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Այս պահին առաջադրվածները երեքն են՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, որին նախագահը մեկ անգամ արդեն առաջարկել էր 6-րդ գումարման ԱԺ-ին, եւ որին ՀՀԿ-ական խորհրդարանը մերժել էր, Հագենի համալսարանի գերմանական եւ եվրոպական սահմանադրական եւ վարչական իրավունքի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը, որը որակյալ իրավաբանի համբավ ունի, սակայն Հայաստանում հայտնի չէ, եւ փաստաբան Մարտին Մանուկյանը, որն անկախության առաջին տարիներին՝ ՀՀՇ-ական իշխանության օրոք, դատախազ է եղել։ 

Մանուկյանն այն հարցին, թե ինչու է առաջադրվել, պատասխանեց․ «Ես իմ անելիքը տեսնում եմ այդ պատվարժան դատարանում, ուզում եմ իմ նպաստը բերել այդ դատարանին»։ Կարծիք կա, որ Դուք ձեւական թեկնածու եք, ինչպես նախկինում լինում էր գյուղապետի ընտրությունների ժամանակ, եւ գիտեք, որ չեք հաղթելու, ու նախագահը, միեւնույն է, առաջադրելու է Վահե Գրիգորյանին։ «Ես այդ կարծիքներով չեմ ղեկավարվում, թող յուրաքանչյուրը մնա իր կարծիքին։ Ես չեմ ասում՝ կհաղթեմ, ասում եմ՝ ուզում եմ իմ նպաստը բերել սահմանադրական արդարադատության իրականացմանը։ Ասում է «կհաղթեմ» միայն տասը գլխանի մարդը, իսկ դատարանում իրավաբանին ոչինչ այնպես չի տապալում, ինչպես ոգեւորությունը։ Հո ֆուտբոլ չե՞նք խաղում, որ ասեմ՝ կհաղթեմ, թե չէ»։ Չե՞ք կարծում, որ կանխորոշված ընտրություն է լինելու։

«Ես հարգում եմ անմեղության կանխավարկածը։ Հակված եմ մտածելու, որ կանխորոշված ընտրություն չէ»,- ասաց փաստաբանը։ Իսկ Գոռ Հովհաննիսյանը, որի կարիերան հիմնականում կապված է Գերմանիայի հետ, մյուս թեկնածուների համեմատ իր առավելությունների մասին ասում է․ «Ես նոր մոտեցումներ կբերեմ, իմ իրավաընկալումները հաստատ նորություն են լինելու որոշ գործերով, իսկ այն դեպքերում, երբ ես կմնամ փոքրամասնության մեջ, իմ դիրքորոշումը ներկայացնելու եմ հատուկ կարծիքի միջոցով»։ Մինչեւ մարտի 15-ը, ըստ նախագահի կարգադրության, իրավաբանների հանձնախումբը պետք է զրուցի բոլոր 3 թեկնածուների հետ եւ խորհուրդ տա Արմեն Սարգսյանին, թե ում առաջարկի, բայց նա կարող է նաեւ հաշվի չառնել հանձնախմբի կարծիքը եւ այլ անուն ներկայացնել։ 

Արմեն Սարգսյանն արդեն մոտ 1 տարի է՝ չի հաջողում այս հարցում։ Ապրիլին, երբ խորհրդարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, Արմեն Սարգսյանը որոշեց 12 իրավաբաններից բաղկացած խորհրդակցական մարմին ստեղծել, որը պետք է թեկնածու ընտրեր եւ առաջարկեր նախագահին։ Վահե Գրիգորյանի տապալումից հետո էլ Արմեն Սարգսյանը փոխեց խորհրդակցական խմբի կազմը։ Հին կազմից մի երկու հոգի են մնացել՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը եւ ԲԴԽ ներկայացուցիչ Գեւորգ Դանիելյանը։ Նախկինում առաջադրված 5 թեկնածուներից եւ ոչ մեկը, բացի Վահե Գրիգորյանից, այս անգամ չի առաջադրվել։ 

Այնուամենայնիվ, նախագահին չի հաջողվում այլակարծության պատրանք ստեղծել։ Գերակշռող է համոզմունքը, որ նա ամեն ինչ անելու է իշխանության ֆավորիտին՝ Վահե Գրիգորյանին, ՍԴ դատավոր, հետագայում նաեւ ՍԴ նախագահ կարգելու համար։ Մյուս կողմից՝ իրավաբանների հանրույթում կարծիք կա, որ Վահե Գրիգորյանը, իրոք, ամենաուժեղ թեկնածուն է, քանի որ մյուս երկու թեկնածուներից մեկը վաղուց լքել է երկիրը եւ քաջածանոթ չէ ազգային իրավական համակարգին, մյուսն էլ առանձնակի աչքի չի ընկել եւ ճանաչված չէ։ 

Թեկնածուներից Գոռ Հովհաննիսյանը տեսակետ է հայտնել, որ Վահե Գրիգորյանը չէր կարող մասնակցել, քանի որ օրենսդրությունը պահանջում է ներկայացնել «նոր» թեկնածու, եւ որեւէ նշանակություն չունի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ եղել են, թե ոչ, քանի որ սահմանադրական մարմինը նույնն է մնացել: Բացի այդ, նշվում է, որ նախագահը չպետք է երրորդ թեկնածուի առաջադրումն այսչափ ձգձգեր՝ սպասելով ԱԺ կազմի «բարենպաստ» փոփոխությանը: «Իրավական ասպեկտի մեկ այլ հատվածը վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչու նախապատվությունը չի տրվել նախորդ թեկնածուներից որեւէ մեկին (եւս 4-ը մնացել էին), թեպետ չի բացառվում, որ նրանց վերաբերյալ եղել է իրավաբանների հանձնախմբի մեծամասնության բացասական եզրակացությունը, ի դեպ, եզրակացություն կազմել է հանձնախմբի յուրաքանչյուր անդամ եւ տեղյակ չի եղել, թե ինչ եզրակացություն են ներկայացրել իր գործընկերները»,- ասում է ՍԴ-ին մոտ կանգնած մեր զրուցակիցը։ 

Իրավաբանների խումբը խոսել է միայն Գոռ Հովհաննիսյանի հետ, մյուսներն իրենց տեսակետները կներկայացնեն վաղը։