Դավիթ Հարությունյանն ու Սոնա Ղարիբյանը աստղաբաշխական գումարով  ներկայացնելու են «Հարավկովկասյան երկաթուղու» շահերը 

Դավիթ Հարությունյանն ու Սոնա Ղարիբյանը աստղաբաշխական գումարով  ներկայացնելու են «Հարավկովկասյան երկաթուղու» շահերը 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սկսվել են առաջին էշելոնի պաշտոնանկությունները։ Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել է ՀԿԵ անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Դարբինյանը։ Նրա փոխարեն գլխավոր տնօրենի խորհրդական է նշանակվել ՌԴ քաղաքացի Դավիթ Վարդանյանը, որը ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության (ФСБ) աշխատակից է։ Այս գերատեսչությունը մշտապես իր ուշադրության ու ազդեցության տիրույթում է պահում հայկական երկաթգիծը կառավարող ձեռնարկությունը։

Մեր տեղեկություններով, Արմեն Դարբինյանն ամեն ինչ արել է աշխատանքը չկորցնելու համար։ Ընդհուպ դիմել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ ղեկավարությանը, Մոսկվա։ Արդյունքում նշանակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական։ Երկաթուղուց լուրը հաստատեցին։ Այլ պաշտոնանկություններ ևս սպասվում են։ Դրանք, հավանաբար, կլինեն այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն պաշտոնական հայտարարություն անի երկաթուղում նկատված հնարավոր չարաշահումների մասին և թվեր հրապարակի։ Մեր աղբյուրի պնդմամբ, ֆինանսական խախտումների ընդհանուր թիվը մոտ է Նիկոլ Փաշինյանի հայտարարած 60 մլն դոլարին։

Մեր աղբյուրը հայտնում է, որ ֆինանսների նախարարության երկարատև ստուգումները «Հարավկովկասյան երկաթուղում» ավարտվել են, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Ստուգումների արդյունքում ՓԲԸ-ում մոտ 80 մլն դոլարի չարաշահումների մասին վկայող փաստեր են բացահայտվել, այսինքն, ամեն ինչ արվել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հայտարարած 60 մլն դոլարն «ապահովվի»։ Երկաթուղու շահերը քննչական մարմիններում և դատարանում պաշտպանելու է արդարադատության նախկին նախարար, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը, ինչպես հայտնի է, փաստաբանական գրասենյակ է բացել՝ «Դավիթ և գործընկերներ» անունով։

Այս մասին հայտնեց երկաթգծի մեր աղբյուրը։ Ինտրիգն այն է, որ Հարությունյանի փաստաբանական գրասենյակում է աշխատում Սոնա Ղարիբյանը։ Նա մինչև 2017 թվականի հունվարը զբաղեցրել է ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը, այսինքն՝ այն կառույցի, որը հայտնաբերել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կատարված խախտումներն ու չարաշահումները։ Ռուսական ընկերության ղեկավարությունն ամեն ինչ անելու է՝ ամուր պաշտպանություն ապահովելու համար, և պատրաստ է ահռելի գումարներ վճարել փաստաբաններին։ Տեղեկություն կա, որ Դավիթ Հարությունյանի փաստաբանական ծառայությունների մեկ ժամն արժե 140 հազար, իսկ Սոնա Ղարիբյանինը՝ 120 հազար դրամ։

Պատկերացնել կարելի է, թե ինչքան են այս պարագայում նրանք վճարելու գրասենյակին երկար դատական նիստերի կամ քննչական գործողությունների, կամ հարցաքննություններին ներկա լինելու համար։ Սա այն գումարներն են, որոնք երկաթուղու աշխատողները կարող էին ծառայեցնել առաջնակարգ ու ժամանակակից երկաթուղի ունենալու համար, ներդրումներ կատարեին, բայց փաստացի օգտագործելու են բացառապես իրենց թալանը ծածկելու նպատակով։ Այլ ասպեկտ էլ կա։ Սոնա Ղարիբյանը վիճարկելու է ֆիննախի ԿՌՈՒ-ի այն որոշումները, որոնց հիմքերի ստեղծմանն ինքը մասնակցել է։

Իսկ Դավիթ Հարությունյանը 2007 թվականին արդարադատության նախարար է եղել, երկրի թիվ մեկ իրավաբաններից և, անշուշտ, ձեռքը կպցրած կլինի հայկական երկաթգիծը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելու պայմանագրին։ Մեզ հետ զրույցում նա հերքեց, որ այդ պայմանագրի մշակողներից է եղել։ Հարցին, թե արդյոք պաշտպանելո՞ւ է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ապագա դատական մարտերում, պատասխանեց․ «Պետք է իմանաք, որ դա համարվում է կոնֆիդենցիալ ինֆորմացիա։ Փաստաբանական և իրավաբանական գործունեությամբ զբաղվողներին չի կարելի նման հարց տալ»։ Ասում են՝ ժամը 140 հազար դրամով եք աշխատելու։ «Ով ասում է, սիրով կընդունեմ նրանից այդ վճարը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ ԿՌՈՒ-ի նախկին պետի վերաբերյալ էլ հայտնեց․ «Մեզ մոտ պաշտոնապես աշխատում ենք ես և Արփինե Հովհաննիսյանը։ Ում հետ ենք մենք համագործակցում, ինչ պայմաններով, բացի նրանցից, որոնք մեր կայքում ներկայացված են, մյուսների մասին ասելիք չունեմ» ։