Նոր նախարարի օրինագիծը ոմանք ընդունեցին սրերով

Նոր նախարարի օրինագիծը ոմանք ընդունեցին սրերով

Լրատվամիջոցների պետական հաշվառման վերաբերյալ օրենսդրական փաթեթին ծանոթ լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները հիասթափված են։ Նոր օրինագծի հետ մեծ հույս էինք կապում, որ գրավոր խոսքն ավելի պատասխանատու կդառնա, յուրաքանչյուր ԶԼՄ կունենա իրավաբանական հասցե, որով հնարավոր կլինի գտնել լուրեր թողարկողներին, ֆեյք ու իրական ԶԼՄ-ն վերջապես կտարբերակվեն, վերջ կդրվի գրագողությանը։

Դրա համար պետք է նախ բոլոր լրատվամիջոցներին գրանցել, բերել հարկային դաշտ, հարկային կոդեր տալ, բացահայտել հիմնադիրներին, հավասար մրցակցային դաշտ ստեղծել բոլոր լրատվամիջոցների համար, տարբերել կայքը բլոգից, Ֆեյսբուքը՝ ԶԼՄ-ից, այլ կերպ ասած՝ օրինական խաղի կանոններ հաստատել լրատվամիջոցների համար։

Սրա փոխարեն ունենք փաստաթուղթ, որով մասնավոր, չնչին մի հարց է լուծվում, այն էլ կիսատ՝ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները տրամադրվելու են անվճար։ Այս փոքր արտոնությունը ԶԼՄ-ն հենց այնպես չի ստանում՝ պետք է այն լրացուցիչ հաշվառում անցնի արդարադատության նախարարությունում։

Կայքերի վրա նոր օրենքն ընդհանրապես չի տարածվում։ Նախագծում հատուկ շեշտված է, որ հաշվառումը վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկվող ԶԼՄ-ներին, այսինքն՝ թերթերին, հեռուստաընկերություններին ու ռադիոհաճախականություններին։ Պետտուրքից ազատվելու համար դրանք պետք է հաշվառվեն արդարադատության նախարարությունում, տվյալներ տրամադրեն, թղթեր լրացնեն։  

«Հաշվառված զանգվածային լրատվության միջոցի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառվում են հետեւյալ տեղեկությունները. 

1) լրատվության միջոցի անվանումը եւ տեսակը 
2) լրատվության միջոցի պետական հաշվառման համարը 
3) պետական հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը 
4) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի հաշվառման) համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու դեպքում՝ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը: 

2. Այլ մարմնի կողմից գրանցված կամ հաշվառված զանգվածային լրատվության միջոցներին տրվում է պետական հաշվառման համար, եւ նախկին հաշվառման տվյալներն ինքնաշխատ կերպով փոխանցվում են պետական միասնական գրանցամատյան»։

Այս տեքստն ավելացվում է իրավաբանական անձանց պետական հաշվառման մասին  օրենքում։ Ընդ որում, յուրաքանչյուր նոր տվյալ ստանալու համար ԶԼՄ-ն պետռեգիստրին պետք է հիշեցնի իր անվանումը, պետական հաշվառման համարը, հաշվառման տարին-ամսաթիվը, այլ կերպ ասած՝ պետք է հիշեցնի, որ ինքն արդարադատության նախարարության կողմից հաշվառված ԶԼՄ է։

Այսպիսով, նոր օրենքը կտրուկ ավելացնում է թղթաբանությունը լրագրողների կյանքում։ Ինչո՞ւ է դա պետք, եթե ԶԼՄ-ն այս բոլոր տվյալները գրանցվելու պահին ներկայացրել է պետական մարմիններին։ 

«Դա լրացուցիչ հոգս է առաջացնում լրատվամիջոցի համար»,- կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը, ով սկզբունքորեն չի ընդունում, որ նման օրենք պետք է։ 

«Ես դեմ եմ այս կարգավորմանը, որովհետեւ չպետք է ԶԼՄ-ներին կամ հասարակության մի ինչ-որ խմբի արտոնություն տրվի։ Սա բաց տեղեկատվություն է ու ցանկացածի համար հասանելի պետք է լինի։ Հերիք չէ՝ արդարադատության նախարարությունը վաճառում է  մեզ մի բան, որը պետք է անվճար տար, դեռ մի բան էլ արդարանում է, թե ես այդ գումարներով պետռեգիստրի համակարգ պետք է պահեմ։

Բայց պետռեգիստրի համակարգ պահելու համար մարդիկ արդեն հարկեր են վճարում, բարի եղեք՝ օրենքով հասանելի տեղեկություններն ինձ տվեք»,- ասում է նա։ 

Դոյդոյանը դեմ է նաեւ, որ արդարադատության նախարարությունը լրատվամիջոցների հաշվառում կատարի, քանի որ փաստացի ԱՆ-ն ունենալու է հաշվառված լրատվամիջոցների ցուցակ, որը հնարավոր է օգտագործվի նաեւ մյուս մարմինների կողմից։

«Այս գործընթացը բերելու է հաշվառված ու չհաշվառված ԶԼՄ-ների պիտակավորման»։ Շուշան Դոյդոյանն այս օրերին վերանայել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով գրասենյակի հրապարակումները։ «Դրանցում հստակ նշվում է, որ բոլոր դեպքերում պետք է խուսափել հաշվառման համակարգեր ներդնելուց, որովհետեւ դրանք միշտ իշխանության համար չարաշահման հնարավորություն են ստեղծում»,- նշում է նա։ 

Լրագրության խնդիրներով զբաղվող մյուս կազմակերպությունների ղեկավարների առաջին արձագանքները եւս բացասական են։  Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այն կարծիքին է, որ լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգն օրենքով ամրագրելը խնդրահարույց է։

«Խնդիրը առանց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի անհրաժեշտ փոփոխության հայեցակարգ ունենալու այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու մեջ է»։ Հայաստանի ժուռնալիստների միությունն էլ երեկ իր մտահոգությունները ներկայացրեց՝ հայտարարության տեսքով, որում շեշտել է, որ նախագիծը մինչ e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելը նախապես չի քննարկվել ԶԼՄ-ների եւ լրագրողական համայնքի հետ, այն չի կարգավորում առցանց լրատվական կայքերի գործունեությունը, հաշվառման համակարգը ճկուն չէ։

Միությունը հիշեցնում է, որ երեք տարի առաջ մի քանի թերթեր հայտարարեցին, որ իրենք անհավասար մրցակցային վիճակում են՝ համեմատած առցանց ԶԼՄ-ների հետ, որոնց մի մասը գործում է անվերահսկելի դաշտում, չունի իրավական կարգավիճակ եւ զբաղվում է գրագողությամբ։ «Այս կապակցությամբ պետք է նշել, որ քննարկվող նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլեւ եւս մեկ անգամ անհավասարության նշան է դնում թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ների եւ օնլայն ԶԼՄ-ների միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ։

«Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված եւ չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունն այն է լինելու, որ չհաշվառված լրատվամիջոցները ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու»,- երեկ լրագրողների մտահոգություններին իր ՖԲ էջի միջոցով պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Մի դրական տեղաշարժ թերեւս՝ չհաշվառված լրատվամիջոցների համար պետռեգիստրը շարունակելու է լինել վճարովի։ Թերեւս, դա խոչընդոտ չէ հաշվառվածներից այդ տեղեկությունները գողանալու համար, ինչպես սովորաբար արվում է։