Ով է սաբոտաժ անում

Ով է սաբոտաժ անում

Այսօր կրկին Ազգային ժողովում իշխող ուժը՝ «Իմ քայլը» խմբակցությունը սկսեց մեղադրել մյուս քաղաքական ուժերին եւ հասարակության որոշ անդամների՝ սաբոտաժ անելու, հակահողափոխականության մեջ։ Սրան արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր զարմանքը հայտնեց, որ իշխող մեծամասնությունը շահարկում է հեղափոխության հանագամանքը եւ ցանկացած քայլ, քննադատություն, իրենց կամքի ու ցանկությունների շրջանակներում չտեղավորվող ցանկացած առաջարկ վերագրում են սաբոտաժի եւ իշխանությունների ծրագրերը ձախողելու հակահեղափոխականության։

Նա ԱԺ ամբիոնից վրդովված հայտարարեց՝ «Ով է սաբոտաժ անում», բավական չէ՞ ամեն առիթով մեզ մեղադրել հակահեղափոխականության մեջ՝ ե՞րբ եք մի լավ բան արել, որ չենք աջակցել ձեզ, ի՞նչ եք արել էս ամիսներին, որ խանգարել ենք, ով կարող է հիմա ձեզ խանգարել, էս երկրում չկա ուժ, որ կարող է սաբոտաժ անել ձեզ, 88 մանդատ ունեք եւ անսահմանափակ իշխանություն՝ արեք, գործ արեք։ 

Այս ելույթը հիշեցրեց աշնանը Հանրապետականների ելույթներն ԱԺ-ում՝ երբ շարունակ ասում էին՝ իսկ ինչո՞վ ենք մենք խանգարում կառավարության աշխատանքին, ինչ օրենք եք բերել խորհրդարան, որ չենք հաստատել, որ ձախողել ենք ձեր ծրագրերը, սաբոտաժ ենք արել։ Գոնե մի փաստ նշեք, որ հասկանալի լինի, թե ինչու եք ուզում լուծարել խորհրդարանը եւ գնալ հապճեպ ընտրությունների՝ Ընտրական հին օրնեսգրքի պայմաններում։ Այն ժամանակ էլ ոչ մի փաստ չէր նշվում, ուղղակի անորոշ ելույթներ էին ունենում՝ հասարակությանը ներշնչելով, որ թշնամին ՀՀԿ-ն է, խորհրդարանի մեծամասնությունն է, որոնք խանգարում են իրենց աշխատել եւ ժողովրդի կյանքը կտրուկ բարելավել։ 

Մի փաստարկ էլ էր բերվում՝ արտահերթ ու շուտափույթ ԱԺ ընտրություններ անցկացնելու օգտին, որ ներդրողները սպասում են, որ Հայաստանում վերջնականապես ձեւավորվի իշխանություն, հաստատվի կայունություն եւ առաջիկա մի քանի տարվա կայունություն, որ ներդրողները չվախենան իրենց գումարները բերել Հայաստան, ներդնել տնտեսության մեջ։ Ընտրություններից անցել է մոտ 4 ամիս, սակայն ներդրողների իզն ու թոզը չկա, անգամ ցանկություններ չեն հնչում, մտադրություններ, ծրագրեր չեն մշակվում ու քննարկվում։ Ինչը խոսում է այն մասին, որ ներդրողների թեման էլ էր բլեֆների շարքից։ 

Իսկ թշնամիներ փնտրելը, սաբոտաժնիկներ գտնելը, խոստումների  չիրականացման մեղքը քաղաքական հակառակորդների, մամուլի, ընդդիմախոսների վրա դնելը հին, փորձված տրյուկ է, որն ինչ որ ժամանակ դեռ կաշխատի, բայց հասարակությունն ի վերջո մի օր կհասկանա, որ դրանք «կռուտիտների» շարքից են։