Հայերը ԵՄ-ում քաղաքական ապաստան են խնդրում «առողջականով»

Հայերը ԵՄ-ում քաղաքական ապաստան են խնդրում «առողջականով»

Տեղեկություններ ունեինք, որ Հայաստանից Եվրոպական միության երկրներում քաղաքական ապաստան հայցողները համեմատաբար քիչ լինելով ՌԴ-ի, Չեչնիայի և հետխորհրդային այլ տարածքներից հայցողների համեմատությամբ, այնուամենայնիվ, ավելի շատ են առողջական խնդիրներով։ Այսինքն՝ մնալու դեպքում հայտարարում են, որ անբուժելի հիվանդ են և որ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող նման բուժումներ ստանալ՝ երկրում թանկ և խիստ անորակ առողջապահության պատճառով։

Այսինքն՝ ծանր ու մահացու հիվանդությունների դեպքում Հայաստանում չկան առողջապահական ու սոցիալական մատչելիության երաշխիքներ։

Վերջին աղմկահարույց դատավարություններին հընթացս էլ եղան դեպքեր, երբ քաղցկեղով կամ այլ ծանր հիվանդություններով տառապող անձանց թույալտրվեց մեկնել երկրից՝ բուժումն արտերկրում շարունակելու համար։ Սա՛ ֆինանսական հնարավորությունների համար, իսկ մեր ընչազուրկ հայրենակիցները ուղղակի գնում և ասում են՝ Հայաստանում չենք կարող բուժվել, բուժեք։

Սլավոնական և Բժշկական համալսարանների կողմից համատեղ անցկացվող Առողջապահական իրավունքի մագիստրատուրայի ղեկավար Միքայել Խաչատրյանը «Հրապարակի»-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունն ասելով․ «Խնդիրն ավելի մասշտաբային է, չունենք վիճակագրություն, բայց արտասահմանյան գործընկերների, միգրացիոն ծառայությունների ներկայուցիչների հետ տարբեր հանդիպումների ժամանակ, փորձի փոխանակման շրջանակներում, ընկերական շփումներում իրենք մշտապես ասում են, որ, գիտե՛ք, Հայաստանից առողջապահական հարցերով են գալիս։ Եվ այս պահին, ըստ էության, Բելգիայում, Ֆրանսիայում հիմքը, որով թույլատրում են, առողջապահականն է, մնացածը, որպես կանոն, մերժում են, իսկ առողջապահականով ընդունում են»։

Նրա խոսքով՝ այստեղ ոչ միայն կամ ոչ այնքան բժիշկների պատրաստվածության խնդիրն է, այլ պետության սոցիալական ապահովության երաշխիքների բացակայությունն է, որ հնարավորություն չի տալիս ունենալ բժշկական օգնություն։ Խոսքը ոչ միայն հետազոտությունների, այլև թանկարժեք բուժման մասին է։
Միքայել Խաչատրյանը նշեց նաև, որ այս ոլորտում համակարգային խնդիրները վերաբերում են նաև հիվանդի իրավունքների պաշտպանությանը։  «Իրենց պաշտպանության մեխանիզմներ չկան, բողոքներ չկան, որովհետև այսօր ինստիտուցիոնալ ձևաչափը նման հնարավորություն չի տալիս լուծումներ գտնելու համար։ Նախ, օրենսդրական ոլորտը թերի է, 90-ականների է, և այդ ոլորտում բարեփոխումներ անելու բոլոր փորձերը ձախողվում են»,-ասում է Միքայել Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այս առումով շատ կարևոր է փորձի փոխանակումն այն երկրների հետ, որտեղ այն զարգացած է։

Նրա խոսքով՝ թերի է նաև հանրային իրազեկվածությունը, հիվանդները չգիտեն՝ ո՞ւմ կարող են բողոքել, ինչպե՞ս։ Նա նաև շփվելով ուսանողների և տարբեր շահառուների հետ, հասկացել է, որ գործնականում պացիենտի իրավունքներն այլ ձևով են մեկնաբանվուն, և կիրառվում։