Դատարանի վճիռն ամրապնդում է «Լիդիանի» դիրքերն արբիտրաժում

Դատարանի վճիռն ամրապնդում է «Լիդիանի» դիրքերն արբիտրաժում

Օրերս ՀՀ վարչական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ «Լիդիանի»: Ամուլսարի դեմ պայքարողները դատարանի վճիռը մեկնաբանեցին այսպես՝ թե խոսքը ոչ թե Ամուլսարի ճանապարհներից անձանց հեռացնելու, այլ նրանց կողմից տեղադրված տնակների մասին է: Իրականում դատարանի եզրահանգումը բավականին միանշանակ է. «Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է եւ ենթակա է բավարարման»: Դատարանը նաեւ հղում է անում «Լիդիանի»՝ իր «սեփականությունից անարգել օգտվելու»՝ անարգել այդ տարածքում աշխատելու իրավունքին։

Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ոստիկանության դեմ հայց էր ներկայացրել դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին: Ստացվում է, որ այս որոշմամբ դատարանը փաստում է, որ ոստիկանությունը չի իրականացրել իր գործառույթները եւ չի վերացրել ընկերության աշխատանքի խոչընդոտը: Հետաքրքիր է նաեւ հետեւյալը․ դատական ակտից երեւում է, որ ոստիկանության փաստարկը եղել է այն, թե դա խաղաղ հավաք է, ինչին, սակայն, դատարանը հակադարձել է, որ «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում եւ չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

 

Ի դեպ՝ խաղաղ հավաքների մասին․ արդեն երկու օր է, ինչ հազարավոր բնապահպան ակտիվիստներ Լոնդոնում բողոքի ակցիա են անում՝ կառավարությունից պահանջելով միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ: Նրանք արդեն երկու օր է՝ փակել են Լոնդոնի կենտրոնական փողոցները՝ ուշադրություն հրավիրելով բնապահպանական խնդիրների վրա: Ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում: Երեկ արդեն Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 մասնակցի՝ նրանց մեղադրելով հասարակական կարգը խախտելու մեջ: Ակցիան դեռ շարունակվում է: Այսինքն ստացվում է, որ ՀՀ ոստիկանությունը հրաժարվել է 10 ամիս շարունակ արձագանքել «Լիդիանի» բողոքին ու ազատել Ամուլսարի ճանապարհները: Այս մասով դատական վճիռն ուժեղացնում է «Լիդիանի» դիրքերը հնարավոր արբիտրաժային դատավարության ժամանակ: «Լիդիանը» կարող է հարց բարձրացնել, թե ինչու է ՀՀ ոստիկանությունը որոշել Պապից ավելի կաթոլիկ՝ ավելի եվրոպացի լինել ու այլոց սեփականության իրավունքի հաշվին դեմոկրատիա խաղալ: Ի դեպ, սա կասկածի տեղիք է տալիս, քանի որ Ամուլսարի ճանապարհներին կանգնած երիտասարդներն ընդամենը մեկ-երկու տասնյակ են: Իհարկե, դա չի նշանակում, որ նրանք իրավունք չունեն իրենց բողոքն արտահայտելու:

 

Բայց առնվազն ակնհայտ է դառնում, որ ոստիկանության համար մեծ խնդիր չէր լինի մի երկու տնակը եւ մեկ տասնյակ մարդկանց այդ տարածքից հեռացնելը: Եվ եթե Լոնդոնում հազարավոր մարդկանց բողոքի ակցիայի ժամանակ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում ընդամենը երկու օրում, առնվազն ըմբռնելի կլիներ, եթե մի քանի ամսվա մեջ ոստիկանությունը որեւէ ջանք գործադրեր Ամուլսարի ճանապարհները փակողներին հեռացնելու համար: Ոստիկանությունը, սակայն, դա չի արել ավելի քան 10 ամիս, ինչից կարելի է ենթադրել, որ դա եղել է քաղաքական որոշում: Լուսանկարներից մեկում, ի դեպ, ճանապարհը փակողների հետ լուսանկարվել է Ջերմուկի ոստիկանության աշխատակիցը: Հնարավոր է նաեւ, որ սա ՀՀ իրավապահների կողմից Ջերմուկում իրավիճակին չտիրապետելու հետեւանք է: Մասնագետները կարծում են, որ ոստիկանության այս պահվածքն ու այդ մասին հօգուտ «Լիդիանի» դատական որոշումը խիստ խոցելի են դարձնում Հայաստանի դիրքերը  հնարավոր միջազգային դատական գործընթացներում եւ ընդհանրապես՝ Հայաստանում օրենքի գերակայության տեսանկյունից:

Շահեն ՎԱՐԴԱՆՅԱՆ