Ես կարող եմ, չէ՞, քաղաքացիների կրթությամբ զբաղվել, էդ էլ հո ռեպրեսիա՞ չի

Ես կարող եմ, չէ՞, քաղաքացիների կրթությամբ զբաղվել, էդ էլ հո ռեպրեսիա՞ չի

Հունիսի կեսերին «Իմ քայլի» պատգամավորների մի խումբ, որոնց թվում՝ նաեւ, այսպես կոչված, սորոսականներ, հավաքվել էին Ծաղկաձորում եւ ինչ-որ հարցեր քննարկել։ Պատգամավոր Գայանե Աբրահամյանը հավաքից լուսանկար էր հրապարակել։ Մենք տեղեկացանք, որ իմքայլականների քննարկումների տիրույթում եղել է նաեւ լրագրողներին ու լրատվադաշտին վերաբերող հարց, սորոսականները մտադիր են օրենսդրական նախաձեռնությամբ «կարգավորել» ԶԼՄ դաշտը։ Իշխանական պատգամավորները մտմտում են, լրատվամիջոցների շրջանում նոր տերմինով ասած՝ վեթթինգ իրականացնել՝ պարզել, թե որ ԶԼՄ-ի հետեւում ով է կանգնած, ինչ ֆինանսավորմամբ եւ այլն։

Այս թեմայով փորձեցինք մի քանի հարց ուղղել «Իմ քայլի» պատգամավորներից Մարիա Կարապետյանին։ Նա ասաց, որ ինքն այդ հավաքին չի եղել, քննարկումներին չի մասնակցել, ու դեռ հարցը չձեւակերպած՝ շատ բարեհամբույր տոնով երաշխավորեց․ «Մենք ձեզ չենք ճնշում»։

- Մեզ ճնշելը դժվար է, իհարկե։ Այդուհանդերձ, տեղեկություն կա, որ մտադիր եք նախագիծ մշակել, որպեսզի պարզեք, թե ովքեր են կանգնած լրատվամիջոցների հետեւում, ովքեր են տերերը, ֆինանսավորողները եւ այլն, չնայած այդ տեղեկատվությունն այժմ էլ փակ չէ։ Կա՞ նման բան։

- Դա վա՞տ բան է, ի՞նչ եք կարծում, օրինակ, որ իմանանք՝ որ լրատվամիջոցն ում է պատկանում։ Նման նախագիծ անձամբ ես կքննարկեի, բայց ես սրա կողմնակիցն եմ, որ ոչ թե ինչ-որ ռեպրեսիվ բաներ լինեն, դա բացառվում է, Դուք էլ ասում եք, որ չեք ճնշվի, իշխանության առանձին ճյուղ եք դուք, որին ճնշել հնարավոր չի․․․

- Եթե Սերժ Սարգսյանի օրոք չեն կարողացել մեզ ճնշել, դուք՝ դեմոկրատներդ, դժվար մեզ ճնշեք։

- Բա տեսնո՞ւմ եք։ Դուք էլ եք տեսնում, որ մենք լրիվ այլ իրականության մեջ ենք ապրում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել այն նախագծերը, որտեղ պետությունը շահագրգռի լրատվամիջոցներին՝ ավելի թափանցիկ աշխատել։ Դրա մասին մի անգամ խոսել ենք, էդ քննարկումը կա, որ, օրինակ, այն լրատվամիջոցները, որոնք ունեն հասցե, հաշվապահ, գրանցված են, այսինքն՝ մեկօրանոց կայքեր չեն եւ լատինատառ չեն արտատպում ֆեյսբուքյան ստատուսներ, իսկապես լրատվամիջոց են, իրենց՝ պետության կողմից ինֆորմացիայի փոխանակությունն ավելի դյուրացված լինի, անվճար լինի, տարբեր տարբերակներ կքննարկենք։ Դրանով պետությունը կխրախուսի, որպեսզի լրատվամիջոցներն ավելի լավ աշխատեն, այսինքն՝ ոչ թե ճնշման միջոցով բարելավվի վիճակը, այլ՝ շահագրգռելու։

- Իսկ նրանք, որոնք չունեն նորմալ իրավակազմակերպական ձեւ, գրանցում, հաշվապահություն եւ այլն, դրանց հետ կապված ի՞նչ եք մտածում։

- Դրանց հետ կապված մտածում ենք, որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը պետք է բարձրացնենք, որ մեր քաղաքացիները հենց մի հատ տենց լուր տեսնեն, կիլոմետրերով հեռու փախչեն էդ լուրից։ Ես կարող եմ, չէ՞, քաղաքացիների կրթությամբ զբաղվել, էդ էլ հո ռեպրեսիա՞ չի։

- Զբաղվեք, բայց կարծում եք՝ դա արդյունավե՞տ ճանապարհ է, կհասնե՞ք հաջողության։

- Այո, կարծում եմ։ Ես ձեր հարթակից օգտվելով՝ հորդորում եմ բոլոր «Հրապարակ» կարդացողներին՝ անպայման լուրերը ստուգել, պետական, պաշտոնական կայքերի հետ համեմատել։ Այսինքն՝ ինչ-որ մի հատ լուր հենց լսեցիք, բացել պաշտոնական կայքն ու համեմատել։

- Օրինակ, երբ պաշտպանության նախարարության սխալի կամ չարաշահումների մասին ենք գրում եւ մտնում տեսնում ենք՝ ՊՆ-ի կայքում իրենց սխալի մասին չկա գրված, ինչպե՞ս ճշտել, եթե ՊՆ-ն չի խոստովանում իր սխալը։

- Իսկ եթե դուք ապատեղեկատվություն եք տարածում, էդ ժամանա՞կ ինչ անենք։

- Իսկ եթե մենք գրում ենք, հետո մեր այդ «ապատեղեկատվությունը» հաստատվում է փաստերով, լուսանկարներո՞վ․․․ վերջերս նման մի դեպք եղել է, օրինակ։

- Ես կուսումնասիրեմ։ Այ, ոնց որ հիմա ես եմ Ձեզ ասում, որ կգնամ կուսումնասիրեմ՝ էդ ինչ եք բացահայտել, նույն ձեւի հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ միշտ թեթեւ սկեպտիցիզմով վերաբերվել բոլոր լուրերին, ընթերցել եւս մի քանի աղբյուր, ընդունել ի գիտություն, վերլուծել էդ ամեն ինչը, մի քիչ նաեւ սպասել, որովհետեւ էն նախորդ՝ թավշյա հեղափոխությունից առաջ եղած ռեժիմի պայմաններում մեզ մոտ նենց տպավորություն էր, որ էդ տագնապալի լուրերը, որ գալիս են, դրանք իրականություն են արդեն, ֆսյո, փշրվեց, փլվեց ամեն ինչ։ Հիմա, ինչպես տեսնում եք, ոչ մի բան չի փլվել։ 

- Վերջերս նաեւ տեղեկություն եղավ, որ ձեր խմբակցության ներսում քննարկել եք, թե որտեղից լրագրողներին այդ աղբյուրները, որոնք հայտնում են ձեր ներքին քննարկումների մասին, մտադիր եք անգամ ԱԱԾ-ին դիմել այս հարցով։

- ԱԱԾ-ին կարելի է դիմել, եթե հանցագործության մասին հաղորդում ես ուզում տալ։ Օրինակ, եթե ապացույց լինի, որ գաղտնալսել են առանց մարդկանց համաձայնության, եւ էդ ապացույցը ես ունենամ, որ կարողանամ դիմեմ, ասեմ՝ նման հանցագործություն է եղել, երեւի թե իմ պարտքն է, որ դիմեմ, եթե հանցագործության մասին կասկած ունեմ։

- Հիմա, եթե ձեր փակ քննարկումից ինֆորմացիա է դուրս սպրդում ձեր գործընկերների կողմից․․․

- Խոսքը դրա մասին չէր, խոսքը նրա մասին էր, որ փակ քննարկման դռանը մոտեցնեն ձայնագրող սարք։ Այ, դա ինչքանով է խախտում ձեր էթիկայի կանոնները ու ինչքանով է խախտում ՀՀ օրենքները, եթե ես բացահայտեմ էդ մասին։ Օրինակ՝ իմ էթիկան ինձ հուշում է, որ ես մի քայլ հետ գնամ, որ էլ չլսեմ։ Ես չգիտեմ՝ լրագրողական էթիկան ինչ է հուշում ձեզ՝ լրագրողներիդ, որ լսում եք մի խոսակցություն, որը կարող է պարունակել պետական գաղտնիք, ի՞նչ է ձեզ հուշում ձեր լրագրողական էթիկան։

- Օրինակ՝ ո՞րն է պետական գաղտնիք, այն, որ մամուլին առնչվող թեմանե՞ր եք քննարկում փակ նիստում։

- Մամուլի մասին չէ, քննարկում եղել է դատական իշխանության մասին։ Մամուլի մասին խոսակցություններն անպայման կքննարկվեն մամուլի հետ։

- Այսքան ժամանակ պետական գաղտնիք պարունակող որեւէ ինֆորմացիա դուրս սպրդե՞լ է ձեր քննարկումներից։

- Չէ, պոտենցիալ։ Եթե դուք հասկանում եք, որ հանրային պաշտոնյայի հետ եք շփվում, ով իր քննարկման ժամանակ, ասենք՝ իմ աշխատասենյակում գուցե նման քննարկում լինի, ո՞նց եք պատկերացնում, որ ինչ-որ մի բան լսվի, պիտի ավելի մոտենաք, լսեք, ձայնագրե՞ք։

ՀԳ․ Մեր երիտասարդ իշխանավորները, փաստորեն, որոշել են հեծանիվ հորինել՝ փոխել մամուլի աշխատանքի սկզբունքներն ու իմաստը։ Ամբողջ աշխարհում ԶԼՄ-ները ինսայդերներին մեծ գումարներ են անգամ վճարում, որ գաղտնի՝ չհրապարակվող ինֆորմացիաներ դուրս հանեն։ Օրերով գնում-դարանակալում են քաղաքական գործիչների օֆիսների ու տների մոտ, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիա ստանան ու հրապարակեն, որովհետեւ իշխանությունների թափանցիկությունը դա է ենթադրում։ Հետաքննություններ են անում, սկանդալային հրապարակումներ անում տարբեր պաշտոնյաների վարքուբարքի մասին, իսկ հայ լրագրողներն «Իմ քայլի» դռների մոտ պետք է մի քանի քայլ հետ կանգնեն, որ հանկարծ որեւէ կարեւոր ինֆորմացիա իրենց կուսական ականջին չհասնի, եւ իշխանության ներսի քննարկումներից ոչ մի տեղեկություն չունենան, որ դա հանրային սեփականություն չդառնա։ Աբսուրդի թատրոն։