Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է`

«Երեկ Ազատության հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: Դանակահարում են PARA TV-ի օպերատորին: Միանգամայն օրինաչափ արդյունք` երկրում հետևողականորեն դեստրուկտիվ մթնոլորտ ստեղծելու, արցախցի-հայաստանցի «վեթթինգ» անելու, հասարակությանն անընդհատ լարվածության և սթրեսի մեջ պահելու, հանրության ներքին պառակտումը կատաղի կերպով խորացնելու: 

Ինձ չի հետաքրքրում, թե ի պաշտպանություն ում էր Ազատության հրապարակում հավաքված մի քանի հոգանոց ամբոխը «գլուխ ցխելու» կոչեր անում և ով կամ ովքեր են կանգնած այդ նողկալի տեսարանի հետևում: Փաստն այն է, որ մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» այլևս հատեց կարմիր գիծը: Նաև քաղաքականության մեջ կա, այսպես կոչված` «точка невозврата», անդառնալիության կետը, որից անդին մեծ է քաոսի վտանգը: 

Մինչդեռ, ամեն օր զգուշացնում էինք` դադարեցնել էմոցիաների աճուրդը և քաղաքացուն չդարձնել ամբոխ: 

Ու հիմա էական էլ չէ, ոստիկանության արձագանքը և քաղաքական ուժերի հայտարարությունը, որ իրենց ականջները այդ նողկալի ակցիայի հետևում չկան: 

Մենք շատ ավելի վտանգավոր եզրագծի ենք մոտեցել`հասարակությանը հետևողականորեն պառակտելով, սևերի ու սպիտակների բաժանելով ու էմոցիաների ամենօրյա էժանագին աճուրդով»: