Պարոն Շարմազանով, այս դեպքում բոլորս Փաշինյանի թիմից ենք

Պարոն Շարմազանով, այս դեպքում բոլորս Փաշինյանի թիմից ենք

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հասցրել է իր ֆեյսբուքյան էջով հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր խոստումը և Վիեննա է մեկնել բանակցությունների՝ առանց Բակո Սահակյանի: Հիշեցնենք, որ Փաշինյանը խոստացել է Արցախը բերել բանակցությունների սեղանի մոտ՝ որպես հակամարտության կողմ, առանց որի հնարավոր չէ առաջընթաց սպասել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: 

Պարոն Շարմազանովին ընդամենը հիշեցնեմ, որ եթե բոլոր առաջնորդների ասածներն այդքան արագ իրականանային, ապա Ամասիան վաղուց համաշխարհային տուրիզմի կենտրոն պիտի դարձած լիներ, իսկ Գյումրին՝ ծովափնյա քաղաք: Էլ չեմ խոսում «Բոինգի» գործարանի մասին:

Բայց սրանք դեռ տնտեսական քաղաքականության հետ առնչվող հարցեր են: Ուզենք, չուզենք՝ պետք է ընդունենք, որ Ղարաբաղը բանակցային սեղանի մոտ բերելն առավել դժվար խնդիր է, որովհետև հազար «շանուգելի» հետ պետք է համաձայնեցնել ու դեռ պետք է աշխատել, շատ աշխատել այդ ուղղությամբ:
Խորհուրդ կտայի պարոն Շարմազանովին՝ Փաշինյանին այս խոստումը չկատարելու մեջ մեղադրելու փոխարեն, աջակցել՝ իրականացնելու այն: Այո, աջակցել այնպես, ինչպես աջակցեցին վարչապետ դառնալու հարցում: