Մխիթարյանը չկա, բայց բոլորը խոսում են նրանից

Մխիթարյանը չկա, բայց բոլորը խոսում են նրանից

2024-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականն այսօր Հանրապետական ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ Թուրք ֆուտբոլիստները երեկ արդեն Երեւանում էին, տեղավորվել էին DoubleTree by Hilton հյուրանոցում, որտեղ ոստիկաններ են բերվել, որոնք ապահովում են նրանց անվտանգությունը։ «Ընտրական փուլը նոր է սկսվում, ուստի բոլոր հավաքականների շանսերն էլ հավասար են։ Ֆուտբոլիստների վիճակը նորմալ է։ Կարողացել ենք բոլորին բերել ընդհանուր հայտարարի։ Թուրքիայի հետ խաղում կհասկանանք՝ որքանով է դա մեզ հաջողվել»,- խաղից առաջ տված ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ անհատապես զրուցել եմ։ Այս պրոցեսի վրա աշխատել եմ մոտ 6 ժամ, սա իմ մարզչական ոճն է։ Բոլորի հետ ծանոթացել եմ ու կարող եմ ասել, որ հավաքից շատ գոհ եմ»,- ասել է նա։ Լրագրողները հետաքրքրվել են` արդյոք Էդուարդ Սպերցյանը կփոխարինի՞ Հենրիխ Մխիթարյանին ու կդառնա՞ թիմի առաջատարը։ «Այո, համաձայն եմ, որ Մխիթարյանը երկար տարիներ եղել է թիմի առաջատարը, սակայն իմ սկզբունքներն այնպիսին չեն, որ թիմի խաղը պիտի կառուցվի ընդամենը մեկ ֆուտբոլիստի շուրջ։ Ես շատ ուրախ կլինեի, որ Սպերցյանն առաջատարի որակներ դրսեւորեր, սակայն կուզեի ավելի շատ, որ առաջատարի որակներ ցույց տվող ֆուտբոլիստների թիվն ավելի մեծ լիներ»,- ասել է Պետրակովը։ Պետրակովին հարցրել են նաեւ` արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, եթե  հավաքականը Թուրքիայից պարտություն կրի։ «Առաջին խաղն է էս մարդու»,- նրա փոխարեն պատասխանել է թարգմանիչը։ «Մխիթարյանի բացակայությունը, իհարկե, բացասական կանդրադառնա թիմի վրա։ Նրա ներկայությունը կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է պատրաստվենք եղած ֆուտբոլիստներով։ Դա նրա որոշումն է, նա մեր ընկերն է, հարգում ենք նրա որոշումը»,- նշել է Հարոյանը։

«Հենրիխ Մխիթարյանն իմ լավ ընկերն է։ Ես մշտապես հետեւել եմ նրա փորձին ու օգտվել դրանից։ Հաճախ կապի մեջ եմ եղել նրա հետ։ Նպատակ ենք դրել մեր առջեւ, որ վաղը պիտի հաղթենք ու առաջին 3 միավորը վաստակենք։ Թիմում այս պահին հոյակապ մթնոլորտ է։ Մխիթարյանը խաղին չի մասնակցելու, բայց դա մեզ համար կարեւոր չէ, քանի որ մեր նպատակը հաղթանակն է ու Թուրքիա ուրախ վերադառնալը»,- ասել է Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Չենգիզ Ունդերը, ով ժամանակին «Ռոմայում» եղել է Մխիթարյանի խաղընկերը։ «Մտքովս նույնիսկ չեմ անցկացնում պարտվելու սցենարը։ Իրականում շատ վերլուծություններ անել պետք չէ, միայն պիտի կենտրոնանանք վաղվա խաղի վրա։ Տեւական ժամանակ առաջ եթե վերլուծություն անեինք, ապա կարող էինք փաստել, որ հայերն առաջնորդվում են իսպանական ֆուտբոլի ոճով, սակայն հիմա դա անցյալում է, նրանք նոր մարզիչ ունեն ու, բնականաբար, նոր մոտեցումներով են առաջնորդվելու։ Գիտենք, որ Հայաստանի հավաքական ֆուտբոլիստներ են հրավիրվել Մյունխենից ու նաեւ՝ ՌԴ-ից»,- նշել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։