Հեքիաթը մարդու մասին պետք է լինի, հակառակ դեպքում՝ հեքիաթ չէ

Հեքիաթը մարդու մասին պետք է լինի, հակառակ դեպքում՝ հեքիաթ չէ

Հեքիաթը պատմում է մեզ մեր մասին, մեր թուլությունների, դժվարությունների, մեր ներսում եղած ռեսուրսների, դրանք տեսնելու եւ ճանաչելու մասին։ Շատերին թվում է, թե հեքիաթը միայն մանուկների աշխարհի մասն է, եւ մեծահասակների կյանքում այն տեղ չունի։ Ցավալիորեն, հասուն տարիքում մարդիկ դադարում են հեքիաթներ կարդալ, ու խնդիրն այստեղ դրանց անվերապահորեն հավատալ-չհավատալու մեջ չէ, հեքիաթն ինքդ քո ներս տանող ճանապարհն է լուսավորում, ճիշտ՝ մեքենայի լուսարձակների պես, որ երբեմն պետք է ներս ուղղել՝ մթում չկորելու համար։

Կրկնվող մոտիվներ, ընդհանուր սյուժեներ

Հեքիաթը ո՛չ ծիսական երգ է, ո՛չ էլ էպոս: Հեքիաթը ընդհանուր պատմվող մի բան է: Արեւելքից աշուղներ էին գալիս, մարդկանց հավաքում ու հեքիաթներ պատմում, մարդիկ էլ հետո դա իրենց ձեւով պատմում էին՝ կապելով իրենց կենցաղի հետ։ Արդյունքում ստացվում էր, որ տարբեր ժողովուրդների հեքիաթներում հայտնվում էին իրարից հեռու ժողովուրդների տարրեր, եւ մի հեքիաթը կարող էր գնալ պտտվել ու փոխառնված վերադառնալ։ Ֆոլկլորի մեջ գոյություն ունի կոմբինատոր սկզբունք․ կան որոշակի մոտիվներ, սյուժեներ, անուններ, որոնք այստեղից այնտեղ են գնում։ Սա կոմբինատորիկա է, միեւնույն մոտիվը կարող է հայտնվել մե՛կ աղոթքում, մե՛կ հեքիաթում, միեւնույն երգում կամ էպոսում։ Օրինակ՝ վիշապը գալիս է եւ ջրի ակունքը փակում․ այս մոտիվը շատ հեքիաթներում կա, բայց առաջ է գալիս նաեւ «Սասնա ծռերում»։ Այդ ամենը հաշվի առնելով խոսել այն մասին, թե հեքիաթներում ինչն է ազգային, ինչը՝ օտարամուտ, ճիշտ չէ, եւ հետո՝ նման հետազոտություն անելու համար պետք է հսկայական աշխատանք իրականացնել։ Կան հեքիաթներ, որոնց մասին կարող ենք հստակ ասել, որ ծագումով հայկական են, որովհետեւ կապված են մեր տեղանքի, աստվածների հետ, դրանք մեր առասպելների հետադիմաց տարբերակներն են, երբ առասպելը կորցնում է իր հավատալիքային մասը, վերածվում է հեքիաթի։

Հրաշապատում հեքիաթներ՝ առանց հրաշքի

Կան հեքիաթի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի կառուցվածք․ օրինակ՝ հրաշապատում հեքիաթներն ունեն բավականին ստանդարտ կառուցվածք, դա այն է, ինչն անվանում ենք քվեստ (որոնում)։ Երբ ինչ-որ բան պակաս է կամ պետք է գտնել, հերոսը գնում է ճանապարհորդության, մենամարտում է դեւի կամ վիշապի հետ ու վերջում հանդիպում է աղջկան։ Լինում են նաեւ հոգեբանության մեջ օգտագործվող հեքիաթներ, որոնք հրաշալի մոտիվներ չունեն, օրինակ՝ «Երեք խրատների» կամ «Երեք դարդատերերի» հեքիաթները, որոնց կառուցվածքն իրենից ներկայացնում է մարդկային խնդիրների լուծման ճանապարհներ կամ չի ենթադրում որեւէ լուծում, օրինակ՝ հարսանեկան փորձությունները։ Կան հեքիաթներ, որտեղ որոնումը տեղի է ունենում լրիվ ուրիշ պատճառներով։ Բոլոր որոնման հեքիաթները, նույնիսկ եթե դրանց մեջ հրաշք չկա, պայմանականորեն անվանում ենք հրաշապատում հեքիաթներ, որովհետեւ սա հեքիաթների միակ տեսակն է, որտեղ լինում են հրաշքներ։ Խրատական հեքիաթներում ոչ մի հրաշք չի լինում, այնտեղ սոցիալական խնդիրների շուրջ է ծավալվում հեքիաթը։ Ի վերջո, հեքիաթը մարդու մասին պետք է լինի, մի բան, որն Աստծո, հոգու, բնական ուժի մասին է․ հեքիաթ չէ, այլ՝ առասպել:

Հայկական հեքիաթներին բնորոշ կերպարներ

Մեր հեքիաթներին շատ բնորոշ կերպարներից է թագավորի փոքր տղան, որը սովորաբար երրորդ որդին է լինում։ Սա կապված է մեր ընտանիքի կառուցվածքի հետ։ Փոքր որդին է մնում ընտանիքի հետ, ով պետք է շուտ հասունանա, իր վրա պատասխանատվություն վերցնի եւ ծնողներին պահի։ Թագավորի փոքր տղան ավելի շատ է օժտված քաջությամբ, հնարամտությամբ, խելացիությամբ, եւ սովորաբար այն խնդիրները, որոնք իր ավագ եղբայրները չեն կարողանում լուծել, ինքը կարողանում է։ Մեր հեքիաթների տիպիկ հերոս է նաեւ միակ աղջիկը, որն օրհասական պայմանների մեջ է դրվում եւ հաճախ առանց հրաշքների, օգնականների՝ կարողանում է դուրս գալ այդ վիճակից։ Կան հեքիաթներ, որտեղ անձնային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Հեքիաթի սկզբում հերոսը միանշանակ չար է, բայց հետո նրա կյանքում մի բան է տեղի ունենում, եւ ինքը փոխվում է։ Այս տեսակի հեքիաթները ցույց են տալիս, որ մարդը կարող է փոխվել, կարեւորը մոտիվացիան է։ Ընդհանրապես, հեքիաթներում միշտ չէ, որ բարին հաղթում է չարին։ Կան դեպքեր, երբ պատժի արժանի են եւ ստանում են, կան դեպքեր, որ արժանի են, բայց չեն ստանում, լինում են նաեւ անարդարությամբ վերջացող հեքիաթներ։ Հեքիաթի մեջ ձգտումն առ այն, որ արդարությունը հաղթի, միշտ բարձր է, բայց մյուս կողմից էլ՝ կան հեքիաթներ, որոնք կարդում ես եւ մտածում՝ արդարությունը միշտ չէ, որ այսպես է լինում։ Հեքիաթը տեղ է թողնում մտածելու համար, այդ պատճառով է, որ վերջում երկնքից երեք խնձոր է ընկնում։ Հեքիաթները շատ ավելի մոտ են կյանքին, քան մեզ կարող է թվալ:

Թումանյանական հերոսները

Թումանյանը սիրում էր առասպելական, երգիծական հեքիաթներ։ Նա զգում էր պատմողին, թե ինչ էր ուզում նա ասել, ինչ էր մտածում, ինչպիսին էր այդ բնության մեջ ապրող մարդու աշխարհը։ Թումանյանը, լինելով կատակասեր եւ հումորով մարդ, ինքն էլ հումորով հեքիաթներ էր սիրում, օրինակ՝ «Կիկոսի մահը», իհարկե՝ ինձ համար իր ամենահանճարեղ մշակումը «Մի կաթիլ մեղրն է»։ Առասպելական հեքիաթի օրինակ է «Ալվան ծաղկի» առասպելը, որը մշակել է Թումանյանը, եւ կապվում է Արա Գեղեցիկի ու Նվարդի պատմության հետ։ Թումանյանի հեքիաթների հերոսները հին ժողովրդական հեքիաթներից են, որոնց թեմատիկան չի փոխվում։ Կենցաղային հեքիաթները եւս հաճախ հավերժական թեմաների մասին են, օրինակ՝ «Տերն ու ծառան» հեքիաթում խոսքը վատ տիրոջ մասին է․ երբ ասում ենք տեր, չի նշանակում, որ տերը բռնակալն է, տեր կանգնել՝ նշանակում է ոչ թե ճնշել, այլ՝ հովանավոր լինել։ «Տերն ու ծառան» հեքիթի բովանդակությունը հենց դա է, որ նա տեր չէ, իսկ եթե դու տեր չես, ես էլ ծառա չեմ։ «Հիմար մարդը» եւս հին առասպելական հեքիաթ է, որի այնպիսի տարբերակներ են պահպանվել, երբ մարդը գնում է Աստծո մոտ ու տեսնում, որ նա անուն ունի, օրինակ՝ Ֆալլաքը, ով բախտ է բաժանում։ Կա նաեւ ավելի արխայիկ տարբերակ, որտեղ Աստծո անունը Բյուրապատիկ է։ «Անխելք մարդն» իրենից եւս քվեստ է ներկայացնում, որտեղ հերոսը գնում գտնում է տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց եւ կենդանիների։ Թումանյանը վերցրել է ամենազվարճալի տարբերակը, որը ոչ թե առասպելական է, այլ ավելի շատ՝ խրատական, ինչը նաեւ առավել ազդեցիկ է։ Եթե մեր շուրջը նայենք, կտեսնենք, որ շատ մարդիկ հենց այդպես էլ ապրում են․ ապրելու փոխարեն սպասում են, թե վաղն ինչ է լինելու։ «Քաջ Նազարն» արդեն բարձրացնում է պատահականության գործոնի, ժամանակի ազդեցության փիլիսոփայական խնդիրները։ Հերոսը, բախտի բերումով, պատահական հայտնվում է մի տեղ, որտեղ մարդիկ ինչքան տանջվում են, չեն կարողանում հասնել դրան։ Թե՛ «Քաջ Նազարը», թե՛ «Անբան Հուռին» ճակատագրի, բախտի փոխներգործության խնդիրն են բարձրացնում:

 

Ազգագրագետ եւ հոգեբան Լիլիթ ՍԻՄՈՆՅԱՆԻ
հետ զրույցը ներկայացրեց հոգեբան Նարինե ԱԴԱՄՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ